Գարնանն ընդառաջ շատերին անհանգստացնում է դեռեւս Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներից մնացած ավելորդ քաշը: Դրա դեմ պայքարում յուրաքանչյուրն անռանձնացնում է իր նախընտրելի մեթոդը՝ զանազան սննդակարգեր, նիհարեցնող հաբեր կամ հեղուկներ, իսկ ամենաաշխատասերները սկսում են մարզվել: Սակայն նշված միջոցները ոչ միշտ են ցանկակի արդյունք ապահովում, երբեմն անգամ վնասում են մեզ:
Հետտոնական ավելորդ քաշի ու դրանից ազատվելու անվնաս միջոցների մասին BRAVO.am-ը զրուցել է բժշկուհի Շաքե Հմայակյանի հետ:
Մինչ ավելորդ քաշից ազատվելու մասին մտածելը, Շաքեն խորհուրդ է տալիս ազատվել Ամանորին ամեն ինչ ուտելու ցանկությունից.«Տոներն անցան, բայց ապագայի համար ցանկանում եմ նշել, որ տարբեր ուտեստներ խառնելը եւ առանց ժամային սահմանափակման ուտելն իսկապես վնասակար է: Պետք է կարողանանք կառավարել մեր ախորժակը: Իսկ եթե ամեն դեպքում Ամանորից հետո քաշի ավելցուկ ունենք, ապա պետք է սկսենք նվազեցնել կենդանական սպիտակուցները՝ միսը, եւ ավելի շատ օգտագործել բուսական սպիտակուցներ՝ լոբազգիներ, բանջարեղեն, կանաչեղեն:
Կենդանական ճարպերից եւս պետք է խուսափել՝ դրանք փոխարինելով բուսականով. խորհուրդ կտամ ավոկադո շատ օգտագործել, ինչը ոչ միայն շատ առողջարար ճարպեր է պարունակում, այլեւ փակում է ախորժակը:
Կարելի է դադար վերցնել սուրճի եւ ալկոհոլի պարագայում եւս:
Կոտորակային սնվելը եւս քաշ կորցնելու արդյունավետ միջոցներից է. մինչ ժամը 18:00-ն սնվել քիչ քանակությամբ մի քանի անգամ, իսկ դրանից հետո ուտել թեթեւ աղցաններ կամ միայն ջուր խմել: Այս եղանակը կարելի է օգտագործել, եթե հակացուցումներ չունեք:
Շաքե Հմայակյանը
Ի դեպ, օրվա խմելու ջրին կարելի է ավելացնել վարունգ եւ լայմ կամ կիտրոն եւ կոճապղպեղ»:
Մեր դիտարկմանը, որ ազատ սննդակարգից հետո այսչափ սահմանափակուները գուցե վախեցնեն շատերին. ինչի՞ց սկսել, բժշկուհին պատասխանել է.
«Սննդակարգի կտրուկ փոփոխություններին ես եւս կողմ չեմ. սկզբի համար կարելի է նվազեցնել ուտելիքի քանակը, այսինքն՝ ինչ ուտում եք, կերեք քիչ քանակով եւ հաճախ:
Ճիշտ չէ սնվել օրական մեկ կամ երկու անգամ: Շատ լավ կլինի, եթե նախաճաշը լինի «ճոխ», քանի որ այն ամենը, ինչ մենք ուտում ենք մինչ ժամը 13:00-ն, այրվում է եւ ճարպի չի վերածվում:
Շատ ջուր խմել. սա եւս կբեռնաթափի օրգանիզմն ու կնպաստի նիհարելու ընթացքին: Օրվա մեջ 2,5-3 լիտր ջուր խմելը շատ ցանկալի է»:
Շաքեն խորհուրդ է տալիս նաեւ չզլանալ եւ մարզվել՝ անձնական օրինակով փաստելով, որ այդպիսով կարող ենք ոչ միայն ազատվել հետտոնական քաշի ավելցուկից, ալյեւ փոխել մեր կենսակերպը:
«Չեմ կարող չանդրադառնալ նաեւ մարզումներին, քանի որ սրանք կօգնեն ոչ միայն գեղեցիկ մարմին ունենալ, այլեւ ազատվել հոգեբանական խնդիրներից: Ես գիտեմ գիրուկ աղջիկների, որոնք շատ ինքնաբավ են, այս դեպքում, եթե չկան առողջական խնդիրներ, կարիք չկա նաեւ նիհարելու, սակայն եթե քո մարմինը քեզ դուր չի գալիս, պետք է այդ հարցին լուծում տալ: Առաջնայինը ցանկությունն է. այդ դեպքում կհասցնեք ե՛ւ սովորել, ե՛ւ աշխատել, ե՛ւ մարզվել: Ի վերջո, դուք պետք է լինեք առողջ, որպեսզի ձեր սերունդը լինի առողջ»,-զրույցը եզրափակել է նա:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հմայակյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: