×


«Պատասխաններ սկսեցի փնտրել այն ժամանակ, երբ կորցրի իմ եսը». Արեւիկ Գեւորգյան

Դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը կարդալ շատ է սիրում: BRAVO.am-ի հետ նրա անկեղծ զրույցը սիրելի գրքերի, Աստծո հետ ամուր կապի, կյանքի բարդ փուլերը հաղթահարելու, երջանիկ լինելու բանաձեւի մասին է: Առիթն օգտագործելով՝ ճշտել ենք նաեւ, թե գործնական ինչ նորություններ ունի:

- Գիտեմ, որ կարդալ շատ ես սիրում. էլեկտրոնային գրքեր կարդո՞ւ մ ես:
- Չեմ տարբերակում: Ապրում ենք տեխնոլոգիապես գերզարգացած դարաշրջանում եւ պետք է համընթաց քայլենք: Երբ որեւէ գիրք չեմ գտնում տպագիր տարբերակով, դիմում եմ առցանց տարբերակի օգնությանը: Չնայած այս ամենին` կողմնակից եմ գիրքը շոշափելով կարդալուն. սիրելի գրքի բույրը ոչնչի հետ չեմ փոխի: 

Արեւիկ Գեւորգյանը


- Հատկապես ո՞ ր ժանրի սիրահար ես:
- Երբ 17-18 տարեկան էի, շատ էի սիրում արկածային ժանրը: Վերջերս կրկին վերադարձել էի երբեմնի իմ սիրելի ժանրին, սակայն հասկացա, որ անցել եմ այդ փուլը: Հիմա պոեզիա եմ շատ սիրում, հատկապես` իրանական, հոգեբանական գրքեր եմ սիրում ընթերցել, ցանկը բավական մեծ է: 

- Ո՞ր ստեղծագործությունն է առավել տպավորել:
- Վերջերս լույս տեսավ Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն, որը միանգամից կպավ սրտիս, շատ հոգեհարազատ է ինձ: Այս պահին հենց դա եկավ մտքիս. սա գիրք է, որի հետ հոգիս երկխոսության մեջ մտավ:

- Շարունակի՛ր միտքը՝ «Կգա մի օր, երբ մարդիկ կդադարեն կարդալ... »:
- Եվ այդ օրը կսկսեն չնկատել ծառերի կանաչը, տերեւների շարժը, բնության երանգները: Բայց այդ օրը չի գա, քանի որ տիեզերքը անսահման է, իսկ գրքերը տիեզերքն իրենց մեջ են կրում: Առանց այդ ամենը վերապրելու, առանց տիեզերքը ճանաչելու ապրել չենք կարող:

- Օրերս գիրք նվիրելու տոնն էր: Հետաքրքիր է՝ ինչ գիրք ես նվիրել եւ նվեր ստացել:
- Նվիրել եմ Ռուզան Ազիզյանի «Չսիրելուց երկու օր անց» գիրքն իմ մտերիմ ընկերուհուն: Նվեր եմ ստացել «Մարգարե» ստեղծագործությունը, որի հեղինակի անունը չեմ մտաբերում: Այն գրված է աստվածաշնչյան մոտիվներով:


- Աստվածաշունչը կարդացե՞լ ես:
- Կարծում եմ՝ Աստվածաշունչն ընթերցելու համար ամենակարեւոր գիրքն է: Այն ընթերցելու փուլին գալ է պետք: Դու պետք է կարդաս շատ գրքեր, որ հասնես Սուրբ գրքին: Այն բոլոր գրքերը, որոնք երբեւիցե գրվել են, գրվել են Աստվածաշնչից, քանի որ այն գրքերի գիրքն է: Այն այնքան տիեզերական է, դրանում գրված ընդամենը մեկ բառով մի ամբողջ գիրք կարելի է գրել: Երբեմն շատ պարզ բաներն այնքան բարդ է ընկալել: Աստվածաշնչում ամեն ինչ շատ պարզ, մաքուր, անմեղ է գրված, հենց դա է պատճառը, որ մի քիչ դժվար ենք ընկալում:

- Աստծո հետ կապը հատկապես ե՞ րբ զգացիր:
- Կարծում եմ՝ կյանքիս ընթացքում ամենաուժեղ կապը, որ ունեցել եմ Աստծո հետ, հենց հիմա է: Այս շրջանում Աստված ամենաշատն է, որ կա իմ կյանքում: Տարիք է լինում, որ ոչ մի հարց չես ունենում ու պատասխաններ էլ, բնականաբար, քեզ պետք չեն լինում: Հիմա այն փուլում եմ, երբ փնտրում եմ հարցերիս պատասխանները, բայց երբ պատասխանները գտնում եմ, հարցերս փոխված են լինում:

- Ե՞ րբ եկավ պատասխաններ փնտրելու շրջանը:
- Իմ դեպքում եկավ այն պահին, երբ կորցրի իմ եսը: Հիմա այդ դեպքին վերադառնալ չեմ ուզում, քանի որ ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Գրքերի միջոցով կարողացա ոչ միայն վերագտնել, այլեւ ավելին գտնել իմ ներսում: Դարձա ինքս ինձ հետ ավելի ներդաշնակ, գտա շատ պատասխաններ, որոնք մութ ճանապարհիս լույս վառեցին:

Արեւիկ Գեւորգյանը


- Քեզ հետ խոսելիս տպավորություն է ստեղծվում, որ խոր մարդ ես:
- Բնավորությամբ շատ խորացող մարդ եմ: Ցանկացած երեւույթ փորձում եմ մինչեւ վերջ զգալ, հատակը տեսնել: Եթե ցավ եմ ունենում, նախընտրում եմ այն մինչեւ վերջ զգալ, հասնել հատակին, հետո ինձ հրել դեպի վերեւ, դեպի նոր ու լուսավոր շրջան: Չնայած՝ ցավն էլ է լուսավոր, առանց ցավի չկա ուրախություն, դրանք մեկը մյուսով են գործում. սա տիեզերական հավասարակշռություն է: Ես սիրում եմ բոլոր հույզերն ու զգացմունքները: Եթե Աստծո կողմից քեզ տրված է գիշեր, դու պիտի անցնես այդ գիշերը եւ միայն հետո լուսաբաց ապրես:

- Մարդիկ հաճախ սկսում են աղոթել, երբ կյանքի բարդ փուլում են գտնվում: Քո դեպքում է՞լ է այդպես:
- Ճիշտ եք: Մենք հաճախ աղոթում ենք այն ժամանակ, երբ մեզ համար դժվար է լինում: Ես սկսել եմ աղոթել շնորհակալ լինելու համար: Հիմա ամեն ինչ այլ տեսանկյունից եմ տեսնում: Ուրախ եմ, որ այնտեղ եմ, որտեղ կամ, ապրում եմ այստեղ ու հիմա: Կարծում եմ՝ այլ կերպ խաղաղվել հնարավոր չէ: Դու պետք է հասկանաս, թե ինչին ես հավատում: Եթե հավատում ես լուսավորին, անսահման տիեզերքին, հենց դա էլ պատասխան ես ստանալու: Իմ կյանքում կատարվող դեպքերին լավ կամ վատ գնահատականներ այլեւս չեմ տալիս: Մենք չենք կարող իմանալ՝ այն դեպքը, որին վատ գնահատական ենք տալիս, ինչպիսի հետք է թողնելու մեր ապագայի վրա: Գուցե այդ պահին լինում է վատ, որ հետո ավելի լուսավոր լինի:

- Ավելի բարդ է որոշում կայացնելու շրջա՞նը, թե՞ այն փուլը, երբ ամեն ինչ արդեն որոշված է:
- Ավելի բարդ է այն փուլը, երբ որոշումը դեռ չեմ կայացրել: Որոշում կայացնելուց երկար եմ մտածում, հետո ավելի հանգիստ եմ լինում, քանի որ արդեն ծանրութեթեւ արած եմ լինում բոլոր հնարավոր հետեւանքները: Լինում է, որ հետո մի պահ մտածեմ՝ ճիշտ եմ վարվել, թե՝ ոչ: Բայց հետագայում հասկանում եմ, որ ճիշտ եմ վարվել ամեն դեպքում:


- Ցոցիալական ցանցերում ակտիվ գրառումներ ես անում`մեջբերելով տարբեր գրողների: Այս գրառումը անտարբեր չթողեց ինձ. «Ես ոչ մեկին խորհուրդ չէի տա ամուսնանալ, բայց, միեւնույն է, մարդիկ դեռ այնքան քաղաքակիրթ չեն, որ առանց ամուսնանալու երջանիկ լինեն»: Սա քո տեսակե՞տն է, որ քեզնից առաջ ասել է Ֆոլքները:
- Իրականում շատ է լինում, որ կարդամ որեւէ տող ու հասկանամ՝ ես նույնը միշտ մտածել եմ: Այդ պահին հասկանում եմ, թե բոլորս, լինելով ֆիզիկապես այդքան տարբեր, ինչքան նման ենք մեր ներքին աշխարհով: Այս տողերը շատ եմ սիրել ու ինձ շատ մոտ են: Հիմա շատ մարդիկ ամուսնանում են, փորձում են գտնել իրենց անձնական երջանկությունը` չհասկանալով՝ եթե ինքդ քեզ հետ երջանիկ չլինես, ուրիշ մեկի հետ չես լինի: Եթե մենակությունդ քեզ ճնշում է, եթե դու խելագարվում ես քո ներքին ձայնից ու միացնում երաժշտությունը, որ ինքդ քեզ հետ 2 րոպե մենակ չլինես, ներսդ չնայես, ամուսնանալով երջանիկ չես լինի: Դու պետք է երջանիկ լինես ինքդ քեզ հետ, այլապես ո՛չ ուրիշ երկիր, ո՛չ ուրիշ մարդ, ո՛չ ուրիշ տուն քեզ երջանիկ չեն դարձնի: 

-Եվ վերջում՝ աշխատանքային ի՞նչ նորություններ ունեք: 
- Ապրիլի 23-ին Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան է: Ֆիլմի շնորհանդեսը կայացել է Միացյալ Նահանգներում, իսկ հիմա հայաստանյան պրեմիերայի աշխատանքներն են տարվում: Եղել են հեռուստատեսային տարբեր առաջարկներ, որոնք մերժել եմ. ինձ համար ճիշտ ու հարմար չեմ համարել: Ընդգրկված եմ Տիկնիկային թատրոնի խաղացանկային մի քանի ներկայացումներում: Ունեմ եւս մեկ առաջարկ, որը թատրոնից դուրս է բեմադրվում, զբաղված եմ նաեւ այդ ներկայացման փորձերով: 

Զրուցեց՝ Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Soghoyan Photography եւ Արեւիկ Գեւորգյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին