×


«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». Կամերայինի բեմում ըմբոստ ու հուզառատ դերասանուհիներն են

Չկա տղամարդ, չկա խնդիր՝ մի օր որոշում են Կամերային թատրոնի դերասանուհիներն ու համազգային ֆեմինիստական շարժում սկսում՝ ՀՀՖՇ։ Նրանք ներկայացնում են իրենց ամենատարբեր պահանջներն ու բողոքն արտահայտում տղամարդկանց դեմ։ Խառնում են այդ ամենին նույնիսկ Աստծուն ու Աստվածաշունչը, հիշում մարդու արարումն ու դրախտում անցկացրած օրերը: 

Իմպրովիզներով, երաժշտական ու պարային դրվագներով լի ներկայացումը եւս մեկ անգամ օգնում է ուշադրություն սեւեռել ժամանակակից աշխարհում կնոջ դերին ու խնդրիրներին, թեեւ կատակերգության ժանրում, բայց շատ լրջորեն։ Իսկ այդ առաքելության գլխավոր դերերում են Էվա Խաչատրյանը, Վիկտորյա Սահակյանը, Էրմինա Զախարովան ու Ժաննա Քոչարյանը, որոնք ռեժիսոր Դավիթ Աբրահամյանի հետ վերականգնել են տարիներ առաջ Արա Երնջակյանի բեմադրած ներկայացումն ու նրան նոր կյանք տվել։

BRAVO.am-ը ներկա է եղել ներկայացմանն ու սեղանի շուրջ հավաքել ստեղծագործական թիմին, որոնք պրեմիերայից հետո կիսվել են իրենց հույզերով, անհանգստություններով եւ ուրախությամբ։


- Քանի որ մինչ զրույցը սկսելն արդեն միասին քննարկում էիք պրեմիերան, ինչպե՞ս այն անցավ Ձեզ համար: Կարողացա՞ք փոխանցել ձեր պլանավորածը։ 

Դավիթ. Արժե՞ դրա մասին խոսել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Թույլ տվեք սկսեմ, հետո դուք կկիսվեք ձեր զգացմունքներով։ Այն ստեղծագործական կազմը, որը մտածում է՝ անթերի է, կործանման եզրին է կանգնած։ Մենք բոլոր ներկայացումներից հետո անպայման վերլուծում ենք մեր բացթողումներն ու ստացված կողմերը։ Այնպես չէ, որ ներկայացումը վատն էր, բայց մենք գիտենք, որ միշտ կարելի է ավելիին ձգտել. հատկապես ես շատ բծախնդիր եմ։ Բայց կարծում եմ՝ ներկայացումը հանդիսատեսը ջերմ ընդունեց, իսկ դերասանները բեմում հաճույք ստացան։

Էվա. Ամեն ինչ լավ ընթացավ, պարզապես մի փոքր դժվար ստացվեց հանդիսատեսին ներգրավել մեր խաղի մեջ: Իսկ այս ներկայացման դեպքում հանդիսատեսը ոչ մի դեպքում չի կարող անմասն մնալ. պետք է իր էներգիան խառնվի մեր էներգիայի հետ։ Նման պարագայում դերասանները պահանջվածից ավելի շատ էներգիա են ծախսում։ Մեր խումբը քննադատություն սիրում է ու ինքն իրենից դժգոհելու պատճառներ միշտ գտնում է, ինչն ավելի է առողջացնում հետագա աշխատանքը։


Վիկտորյա. Գժվում եմ պրեմիերայից հետո ունեցած զգացողությունների համար։ Շատ դրական հոգնածություն է իջնում վրադ, թվում է՝ ազատվում ես, որովհետեւ ամեն դեպքում մինչ այդ լարվածությունը շատ մեծ է: Շատ եմ սիրում այս պահն ու դողէրոցքը, որ գոնե ներկայացման առաջին մի քանի րոպեներին միշտ կա։ Թեեւ փորձեցինք պատասխանատվությունը գցել հանդիսատեսի վրա, բայց ի վերջո մենք ենք տերը ներկայացման ու միեւնույն ժամանակ էլ՝ ծառան։ Բոլորին սիրով սպասում ենք այս ներկայացմանն ու առհասարակ Կամերայինում։

Ժաննա. Իրականում ես շատ լավ գիտեմ իմ թերությունները, բայց դրան զուգահեռ մտել եմ խաղային տարերքի մեջ ու հաճույք ստացել։ Հիմա իմ հույզերն աննկարագրելի են։ 

Էրմինա. Ներկայացումից առաջ այնքան լարված ենք եղել, որ 5-10 րոպե հետո նոր ձեռքի դողն անցել է: Հիմա արդեն թուլացել եմ եւ ոչինչ չեմ զգում։ 

- «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը Կամերայինում տարիներ առաջ արդեն բեմադրվել է, ինչո՞ւ որոշվեց այն թարմացնել ու նոր կազմով խաղալ։ Դավիթ, ինչպե՞ս ընտրեցիք դերասաններին։

Էրմինա. Մեզ էլ է դա հետաքրքրում։ 


Դավիթ. Նախկինում ներկայացումը հաջողություն է ունեցել եւ խաղացանկից դուրս եկել տեխնիկական պատճառներով։ Այն վերականգնելու ցանկության մասին ինձ մեր տնօրեն Լուսինե Երնջակյանն է հայտնել։ Այս տարին մեր թատրոնի համար խորհրդանշական է. անդրադառնում ենք Արա Երնջակյանի դրամատուրգիային, այս գործն էլ համալրեց այդ շարքը, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինձ համար մեծ պատասխանատվություն է ուսուցչից ստանալ իր ներկայացումը վերաբեմադրելու առաջարկը։ Լուսինե Երնջակյանի հետ ենք քննարկել դերասանական կազմը. Էվան ու Վիկան նախորդ բեմադրության մեջ էլ կային, մյուս երկուսին ծանոթի կարգով ներգրավեցինք  (ծիծաղում ենք,-հեղ.)։ Էմկան Ժորի (Մարտիրոսյան) կինն է, իսկ Ժաննան՝ իմ, որոշեցինք ընտանեկան բարեգործական ներկայացում անել։ Իսկ իրականում մեր թատրոնում երիտասարդ դերասանուհիները շատ են, ու նայեցինք նրանց զբաղվածությանը, որ աշխատանքը հավասարաչափ բաշխվի, ու բոլորն էլ ակտիվ ստեղծագործեն։ Նաեւ ընտրել ենք՝ ելնելով իրենց տաղանդից ու շնորհքից։ 

- Ժաննա, հետաքրքի՞ր էր ամուսնու հետ աշխատել: Արդյոք տանն էլ ե՞ք քննարկում ներկայացումը։

Դավիթ. Տանն արգելված թեմա է։

Ժաննա. Մի այսպիսի սիրուն ավանդույթ ունենք՝ թատրոնում կատարվելիքի մասին խոսում ենք միայն այստեղ։ Տուն գնալիս կարճ ճանապարհ ունենք՝ մի փողոց է ընդամենը, որով անցնելիս ենք միայն քննարկում ու այդքանով սահմանափակվում։ Այդպես հարաբերություններն ավելի առողջ են ստացվում։ Իսկ ներկայացման վրա աշխատել ենք հավասար պայմաններում, ընկերներս էլ կփաստեն այդ մասին։ Չգիտեմ՝ արդյոք Դավիթն ինձ խղճացել է կամ խնայել, դրա մասին արդեն ինքը կպատմի։ Միասին ստեղծագործելու հետաքրքիր փորձ ենք ունեցել։ 


Դավիթ. Բոլորիդ եմ խնայել  (ծիծաղում ենք,-հեղ.)։ Կյանքը՝  կյանք, գործը՝ գործ, երբեք չպիտի խառնենք իրար. բազմաթիվ նկատողություններ են եղել բոլորին, կարծում եմ՝ փորձերի ընթացքում ինձնից ոչ մեկը չի նեղացել, ինչը կարող էր լինել, քանի որ մեր մասնագիտության մեջ այնպիսի բուռն վեճեր են լինում։ Բայց ընթացքը շատ խաղաղ է անցել՝ առանց ինտրիգների եւ անհամաձայնությունների։ Առաջին հերթին կուզեի, որ հանդիսատեսը տեսնի ստեղծագործական կազմում տիրող սերը, որը փորձել ենք փոխանցել նրանց։ 

- Էվա, ինչպե՞ս էր այս կազմի հետ աշխատելն ու արդյո՞ք Դավիթը Ձեզ թողել է իմպրովիզներ անել. բեմում դրանք բավական շատ եք անում։

Էվա. Ճիշտն ասած՝ ես Դավիթի թողնելուն չեմ նայում (ծիծաղում ենք,-հեղ.)։

Դավիթ. Եվ սա զրույցի ընթացքում հնչած ամենաանկեղծ նախադասությունն է։


Էվա. Շատ հազվադեպ է պատահում, երբ աշխատանքիս հետ կապված որեւէ բան առանց հաճույքի եմ անում։ Այս մասնագիտությունն իմ ճախրանքն է, միշտ ինձ լավ եմ զգում, հակառակ դեպքում վաղուց դերասանուհի չէի լինի, որովհետեւ եթե դերասանությունը շատ ցավեցնի, կդադարես զբաղվել։ Իսկ դա նշանակում է՝ սիրո չափաբաժինն այնքան մեծ է, որ ծածկում է տարբեր տեսակի վերքերը։ Դավիթի հետ հաջողված այլ գործեր էլ ունենք՝ «Կուլիսներ, կամ թատրոնի անատոմիա», « 5+1 պատմություն սիրո մասին»։ Ենթագիտակցորեն առաջին հերթին միշտ վստահում եմ ինձ, բայց երբ ռեժիսորին էլ 100 տոկոսով վստահում եմ, շատ ավելի լավ արդյունք է ստացվում։ Իհարկե, իրար հետ քննարկումներ հաճախ ենք ունենում, որովհետեւ ես ըմբոստ դերասանուհի եմ ու ենթարկվող չեմ։ Միշտ իմ կարծիքն ասում եմ. աշխատանքում արդյունքի հասնելու համար անկեղծ լինելը կարեւոր է։ Վստահ եմ, որ ներկայացումը հաջողելու է։ Թող լավ բալիկ լինի ու երկար ապրի։ 

- Ամեն մեկիդ համար ինչի՞ մասին է ներկայացումը։

Էրմինա. Կանանց եւ աղջիկների ներքին բզիկների, որոնք շատ համով են, ու եթե դրանք չլինեն, տղամարդկանց կյանքն անհետաքրքիր կանցնի։

Ժաննա. Ներկայացումը կին-տղամարդ հարաբերությունների ու այն մասին է, թե ինչ է ուզում կինը։


- Եվ գիտի՞, թե ինչ ուզում։

Էվա. Հաճախ չգիտի։

Վիկտորյա. Սա ուղղակի տղամարդու հայացքն է կանանց, Էմկայի ասած, բզիկներին։


Էվա. Սիրո ու սիրո պակասի մասին է եւ կանանց երբեմն դրամատիկ մտքերի, այլ ոչ թե դրանց դրսեւորման։ Երբ կինը մենակ է մնում ու չի կարողանում բռնել իր մտքերի քաոսը, սկսում է ինքն իրեն տանջել: Կինը միշտ զգում է սիրո պակասն ու մի քիչ ֆշշացնում է, որ իրեն սիրեն:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW