×


«Շաբաթօրյակ». Ջորդանի արցունքները, գայթակղիչ հայուհիներն ու լեդի լինելու չափանիշները

Պատկերացրեք, թե որքան յուրահատուկ են ստացվում լուսանկարները, որոնցում միանգամից 2 հանրահայտ հայուհիներ ու սուպերմոդել կա: Դե, իհարկե, խոսքը Քիմ Քարդաշյանի, Շերի ու Նաոմի Քեմփբելի մասին է:

«Շաբաթօրյակը» ձեզ ցույց կտա նրանց գրավիչ լուսանկարները, կպատմի առաջին անգամ հայր դարձած Տարանտինոյի մասին, կանանց եւ աղջիկներին կօգնի հասկանալ, որ պարտավոր չեն ամեն անգամ «լեդի լինել», ու թե որքան գեղեցիկ կարող են լինել անգամ առանց դիմահարդարման: Կպատմենք նաեւ Կոբի Բրայանտի հրաժեշտի երեկոյի մասին. Սեւ Մամբան հեռացավ, սակայն նրա սպորտային ժառանգությունն անմահ է:

Քարդաշյանի 2-րդ մաշկը

Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր Skims բրենդի նոր գովազդում: Հավաքածուն Naked է կոչվում, Քարդաշյանը նկարահանումների համար ընտրել է անապատը, որն իր հավաքածուի գույների հետ շատ համահունչ է:


Նա սոցցանցերում գրել է, որ հպարտանում է իր նոր աշխատանքով, նաեւ խոստովանել է, որ հավաքածուն յուրաքանչյուր կնոջ թույլ կտա իրեն աստվածուհի զգալ՝ անկախ նրանից, թե ինչպիսի կազմվածք ունեն:

Նկարահանումների ժամանակ օգտագործվել է Lancia Stratos HF Zero ավտոմեքենան: Այն աշխարհում առաջին ավտոմեքենան է, որը ստեղծվել է ավտոարշավների մասնակցելու համար: Պարզում է՝ Քարդաշյանը 2 տարի երազել է հենց այդ մեքենայով լուսանկարվելու մասին:


Քարդաշյանի բրենդը մարմինը շտկող հագուստներ է թողարկում: Այս անգամ այն կարծես մոդելների 2-րդ մաշկն է դարձել, ու չի երեւում՝ որտեղ է վերջանում ներքնազգեստն ու սկսվում մաշկը: Թեեւ Քանյե Ուեսթը չի ողջունում կնոջ կիսամերկ նկարահանումները, բայց այս անգամ հայուհին այդ արգելքն ամեն դեպքում խախտել է:

Շերը, Քիմն ու Նաոմին

Քարդաշյանն այս շաբաթ միայն վերոնշյալ գովազդով չի բավարարվել: Նա, Շերն ու Նաոմի Քեմփբելը որերորդ անգամ զարմացրել են բոլորին: Նրանք հայտնվել են CR Fashion Book-ի մարտ ամսվա համարի շապիկին: Ռետրո ոճի նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսում:

39-ամյա Քիմը, 73-ամյա Շերն ու 49-ամյա Նաոմին սեւ ընդգրկող հագուստներով են, կաշվե բաճկոններով ու բարձր սանրվածքներով: Ռոքերային կերպարներն ամբողջացնում են զարդերն ու դիմահարդարումը:


Հարցազրույցում 3-ն էլ հետաքրքիր բացահայտումներ են արել իրենց մասին: Շերն, օրինակ, անկեղծացել է, որ զարմացած է, թե որքան սիրված է երիտասարդ սերնդի շրջանում: «Գիտեմ, որ մարդկանց երջանիկ եմ դարձնում, ու կարծում եմ, որ դա իմ շնորհն է»,- ասել է նա:

Այդ համագործակցությունը շատ երջանիկ է դարձրել Քարդաշյանին: Նա Շերի վաղեմի երկրպագուն է: «Ուրախ եմ, որ մենք ընդհանուր արմատներ ունենք: Նրա հետ լուսանկարվելն ինձ համար երազանք էր: Իմ մյուս կուռքը՝ Նաոմին էլ նկարահանման հրապարակում էր: Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այդ ֆոտոշարքով»,- գրել է Քարդաշյանը:

Եղի՛ր, մի՛ եղիր լեդի

Դերասանուհի, քաղաքական գործիչ եւ թատրոնի ռեժիսոր Սինթիա Նիքսոնը նկարահանվել է կանանց նկատմամբ խտրականությունը ներկայացնող հոլովակում: Այն իրականացրել է Girls, Girls, Girls ամսագիրը:


«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանուհին բարձրաձայնում է այն մասին, որ հասարակությունն ամեն օր ճնշում է կանանց՝ ստիպելով համապատասխանել որոշակի չափանիշների՝ ինչպիսի տեսք ունենալ, ինչ հագուստ կրել, ինչ ուտել, ինչպես վարվել, որ իսկական լեդի համարվեն: Հոլովակում շեշտը դրված է նրա վրա, որ այդ պնդումներից շատերը հակասում են իրար ու չեն արտացոլում կանանց իրական պահանջները, ինչն էլ խանգարում է նրանց դրսեւորել իրենց անհատականությունը:


«Լեդի եղիր, ասում են նրանք: Ցույց մի տուր կուրծքդ, ցույց մի տուր որովայնդ, կոնքերդ: Ցույց մի տուր ներքնազգեստդ: Թաքցրու ուսերդ, ծածկվիր: Մի բան էլ թող երեւակայության համար: Համեստ հագնվիր: Այդքան մի սադրիր, մի գայթակղիր: Տղամարդիկ կարող են քեզ վերահսկել: Տղամարդիկ պահանջներ ունեն: Տեսքդ լավը չէ: Թուլացիր: Կրքոտ եղիր: Սեւ կրիր: Բարձրակրունկներով եղիր: Շատ ես հանվել: Շատ ես հագնված:

Լեդի եղիր, ասում են նրանք: Գեր մի եղիր: Այդքան նիհար մի եղիր: Կեր: Գիրացիր: Բավական է այդքան ուտել: Սննդակարգ պահիր: Շատ ջուր խմիր: Պետք է նորից կարողանաս կրել այս ջինսը: Աստված իմ, ասես կմախք լինես... Հիվանդ տեսք ունես: Համբուրգեր կեր... Կանացիր եղիր…»,- ասում է Նիքսոնը:



Կին լինելը բնավ էլ հեշտ չէ, նրան բոլոր կողմերից միլիոնավոր պահանջներ են ներկայացվում, այդ ամենի հետ մեկտեղ ամեն ինչ պետք է հասցնել՝ գեղեցիկ տեսք ունենալ, խնամված լինել ու նաեւ երջանիկ: Տղամարդիկ այդքան պահանջներից պարզապես կխելագարվեին:

Ցտեսություն, Կոբի Բրայանտ

Լոս Անջելեսում այս շաբաթ հրաժեշտ տվեցին հունվարի 27-ին ուղղաթիռի վթարից մահացած Կոբի Բրայանտին ու նրա դստերը: Հրաժեշտի պաշտոնական արարողությանը հազարավոր երկրպագուներ, անվանի բասկետբոլիստներ, երգիչներ ու դերասաններ մասնակցեցին:



«Լոս Անջելես Լեյքերս»-ի՝ 20 հազար մարդ տեղավորող ստադիոնում միջոցառմանը ներկա լինելու համար 90 հազար մարդ էր գրանցվել, նրանց մեծ մասը դրսում մնաց:
Երեկոն սկսվեց Բեյոնսեի կատարմամբ. նա երգեց Բրայանտի սիրելի երգերից մեկը:

Երբ խոսափողին մոտեցավ Բրայանտի այրի Վանեսսան՝ շրջապատված 35 հազար վարդերով, ու սկսեց հուզիչ ելույթը, քչերը կարողացան զսպել իրենց արցունքները:

Նա պատմեց, որ 13-ամյա Ջիանան բարի ու խելացի աղջիկ էր, սիրում էր մայրիկին համբուրել քնից առաջ ու առավոտյան, հոր հետ դիտել NBA-ի խաղերը, թխվածքաբլիթներ թխել, երգել:


«Ջիանան հայրիկի աղջիկն էր, բայց միշտ ասում ու ցույց էր տալիս, թե որքան շատ է ինձ սիրում: Իմ լավագույն ընկերներից էր: Սիրում էր բոլորին ժպտալ: Նա այնքան բան կարող էր տալ աշխարհին: Ես կարոտելու եմ քո չքնաղ ժպիտը: Կոբի… Նա իմ սիրելի ամուսինն էր ու մեր դուստրերի հիասքանչ հայրը: Նա իմն էր, ամբողջությամբ իմը: Մենք միասին ենք եղել 17 տարի: Նրա առաջին ընկերուհին եմ եղել, նրա առաջին սերը, լավագույն ընկերն ու պաշտպանը: Երկու ոչ կատարյալ մարդիկ լավ ընտանիք ստեղծեցին ու արտակարգ աղջիկների էին դաստիարակում: Կոբի, հոգ տար մեր Ջիանայի համար, իսկ ես՝ Նատալիայի, Բիանկայի ու Կապրիի: Մենք դեռ լավագույն թիմն ենք: Երկուսիդ էլ սիրում եմ ու կարոտում»,- ասել է Վանեսսան:

Ապա ներկաներին հուզեց լեգենդար Մայքլ Ջորդանը, որն ինքն էլ արտասվում էր ելույթը սկսելու առաջին իսկ րոպեից: Նա խոստովանեց, որ Բրայանտի մահվան հետ իր մի մասն էլ մահացել է:


«Գուցե շատերին զարմացնում էր, որ Կոբիի հետ մտերիմ էինք, բայց մենք իսկական ընկերներ էինք: Նա իմ կրտսեր եղբայրն էր: Հաճախ էր ինձ գրում ու զանգում գիշերվա ժամը 2:20-ին, 3-ին ու խոսում ոտքերի աշխատանքից, հարձակումից: Տղան այնպիսի կիրք ուներ, որ ոչ մեկը չունի: Կիրքը յուրահատուկ բան է: Եթե մի բան իսկապես սիրում եք, ամեն ինչի կգնաք, որպեսզի ստանաք այն: Կոբին ինձ ոգեշնչում էր, նա ցույց էր տալիս, որ իրեն հետաքրքիր է, թե ես ինչպես եմ բասկետբոլ խաղում, ու դա ինչպես էր ինքն անում: Նա ցանկանում էր լավագույն բասկետբոլիստն ու մարդը դառնալ»,- պատմել է Ջորդանը՝ մեկ ժպիտներ պարգեւելով ներկաներին, ապա կրկին հուզելով:



Ջորդանը նաեւ խոստովանել է, որ հերթական անգամ Կոբիին հաջողվեց զայրացնել իրեն. հիմա ստիպված է լինելու դիտել իր լացող դեմքով մեմերը.«Ահա թե ինչ է Կոբին անում ինձ հետ: Ես կշարունակեմ ապրել այն հիշողություններով, որ փոքր եղբայր եմ ունեցել, որին փորձում էի օգնել ուժերիս ներածին չափով: Հանգչիր խաղաղությամբ, եղբայրս»:

Նորաթուխ հայրիկը

56-ամյա Քվենտին Տարանտինոն եւ նրա 36-ամյա կինը՝ Դանիելա Պիկը, առաջին անգամ ծնողներ են դարձել: Նրանց որդին ծնվել է Թել Ավիվում:


Տարանտինոն ու իսրայելցի կոմպոզիտոր Ցվիկ Պիկի դուստրը ծանոթացել են 2009 թվականին, երբ ռեժիսորը ժամանել էր Իսրայել՝ իր ֆիլմը ներկայացնելու:

2017-ին զույգը նշանադրվել է, իսկ 2018-ի նոյեմբերին՝ Լոս Անջելեսում ամուսնացել: Սա Տարանտինոյի առաջին ամուսնությունն է. ռեժիսորը սովորաբար իր ժամանակի մեծ մասը տրամադրում էր աշխատանքին:

Հարսանեկան հոբելյան

28-ամյա Էմիլի Ռատակովսկին եւ նրա 32-ամյա ամուսինը՝ Սեբաստիան Բեար-ՄաքՔլարդը, կարեւոր իրադարձություն էին տոնում այս շաբաթ: Նրանք ուղիղ 2 տարի առաջ գաղտնի ամուսնացել են: Հարսանիքի 2-ամյակը զույգը նշել է Միլանում:

Մոդելը կիսվել է արխիվային լուսանկարներով: Պարզվում է՝ հարսանիքին նա տաբատե կոստյումով է եղել: Կերպարն Էմիլին ամբողջացրել է սեւ գլխարկով: Այս տեսագրությունը նրանց ամուսիններ հայտարարելուց անմիջապես հետո է արվել:

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata) on

«2 տարի առաջ էր: Ես հաստատ պատրաստ եմ կրկնել իմ երդումները նորից ու նորից»,-գրել է նա:

Նորից թագավորական վեճեր

Սասեքսի դուքսերի ու Բուքինգհեմյան պալատի միջեւ հարաբերություններն ավելի սառն են դարձել այն բանից հետո, երբ նրանց արգելել են օգտագործել Sussex Royal բրենդը:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Հարրին ու Մեգանը նեղացել են, թե ինչպես է որոշումը կայացվել, ու թե որքան վատ են նրանց վերաբերվում թագավորական ընտանիքում: Այդ մասին է վկայում նրանց հայտարարությունը, որում նշվում է. «Մեծ Բրիտանիայի միապետը կամ նախարարների խորհուրդն իրավունք չունեն մեզ զրկել արտասահմանում բրենդից օգտվելու իրավունքից»:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը չեն կարող Sussex Royal բրենդն օգտագործել անձնական կամ բիզնեսի նպատակներով, քանի որ թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո բրիտանական օրենքն է այդպես պարտադրում:

Զույգն օգտագործում է Sussex Royal-ը՝ որպես իրենց կայքի անվանում, այդպես է կոչվում նաեւ 11,2 մլն հետեւորդ ունեցող Ինստագրամի էջը: Նրանք ցանկանում էին Sussex Royal անվան տակ նաեւ հագուստ, հուշանվերներ ու նմանատիպ արտադրանք թողարկել:

Փելթրոուի առանց դիմահարդարման երեկոն

Մի քանի օր առաջ 47-ամյա Գվինեթ Փելթրոուն իր Goop ապրանքանիշի նոր հավաքածուի թողարկման առթիվ երեկույթ էր կազմակերպել: Քանի որ նրա բրենդը բնական գեղեցկության վրա է շեշտը դնում, երեկույթի կարեւոր պահանջն առանց դիմահարդարման ներկայանալն էր:

Դերասանուհու առանձնատանը կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Դեմի Մուրը, Քեյթ Հադսոնը, Քիանու Ռիվզի ընկերուհի Ալեքսանդրա Գրանտը: Հյուրերին դուր է եկել երեկոյի թեման:


«Անհավանական միջոցառում էր՝ արտասովոր կանանց հետ: Ինձ ուրախությամբ լցված եմ զգում: Շնորհակալ եմ բոլորին, որ կիսվեցին իրենց խորհուրդներով եւ սիրով: Ուրախ եմ, որ մասնակցեցի նման ուժեղ, հիշվող ու կարեւոր երեկոյի»,- Ինստագրամի իր էջում գրել է Մուրը:

Prada-ի նոր դիզայները

Դիզայներ Ռաֆ Սիմոնսը միացել է Prada-ի թիմին եւ Միուչչա Պրադայի հետ նորաձեւության տան ստեղծագործական տնօրենն է լինելու:

Նոր պարտականությունների կատարմանը նա անցնելու է ապրիլի 12-ից: Առաջին հավաքածուն, որի վրա Սիմոնսն աշխատելու է, լինելու է 2021-ի գարուն-ամառը: Այն ցուցադրվելու է այս տարվա սեպտեմբերին՝ Միլանում:


«Prada-ի գործադիր տնօրենի հետ իմ զրույցը կայացել է Calvin Klein-ից հեռանալուց անմիջապես հետո: Միուչչայի հետ խոսել ենք նորաձեւությունում ստեղծագործ լինելու մասին»,-նշել է դիզայները:

Սիմոնսն ապրելու է 2 քաղաքում՝ Միլանում ու Անտվերպենում, որտեղ տեղակայված է նրա սեփական բրենդի գրասենյակը:

Դուգլասի կտակը

Հայտնի են դարձել 103 տարեկանում կյանքից հեռացած Քըրք Դուգլասի կտակի մանրամասները: Դերասանի կարողությունը գնահատվում է 60 մլն դոլար:


Ողջ գումարը Դուգլասը տրամադրել է բարեգործության եւ իր ընտանիքին ոչ մի դոլար չի թողել: Գումարի մեծ մասը հատկացվել է Դուգլասի անվան հիմնադրամին, մի մասն էլ կստանա Նյու Յորքի Սուրբ Լավրենտիի համալսարանը: Ուսումնական հաստատության հիմնադրամն այն տալու է անապահով ուսանողներին:


Քըրք Դուգլասը 3 երեխա ունի՝ Մայքլը, կինոպրոդյուսեր Ջոելն ու հեռուստատեսային պրոդյուսեր Փիթերը: Դերասանի եւս մեկ որդին՝ Էրիկն էլ մահացել է 2004-ին: Հայտնի է, որ Մայքլի կարողությունը 300 մլն դոլար է:

Վայնշտեյնի դատավճիռը

Նյու Յորքի դատարանը կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին մեղավոր է ճանաչել առաջադրված հոդվածներից երկուսով: Սեքսուալ բռնություն կատարելու համար նրան սպառնում է 5-25 տարի ազատազրկում, իսկ բռնաբարության համար՝ մինչեւ 4 տարի: Վերջնական դատավճիռը կներկայացվի մարտի 11-ին:


Հարվի Վայնշտեյնի մասնակցությամբ սեքս սկանդալը բռնկվել է 2017 թվականին՝ The New York Times-ի հետաքննական հրապարակումից հետո: Այն ժամանակ պրոդյուսերի սեռական ոտնձգություններից խոսել էին 100-ից ավելի կանայք, որոնց թվում էին Անջելինա Ջոլին, Ումա Թուրմանը, Էշլի Ջադն ու հայտնի այլ դերասանուհիներ: Հրապարակումն ազդարարել էր #MeToo շարժման մեկնարկը, որի շրջանակում կանայք սկսեցին պատմել իրենց նկատմամբ կատարված սեքսուալ բռնությունների մասին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW