×


«Այդ տարիքից դուրս եմ եկել».Դավիթ Աֆրիկյան

Դերասան Դավիթ Աֆրիկյանը երկար դադարից հետո զբաղվածություն ունի Ելենա Արշակյանի «Շիրազի Վարդը» նախագծում: BRAVO.am-ի հետ Դավիթի անկեղծ զրույցը պարբերական բնույթ կրող դադարների, նոր սերիալի, թատրոնի եւ մեր օրերում համացանցում տիրող կեղծ մթնոլորտի մասին է:

Դադարի դրական կողմը

Երկար ժամանակ էր, ինչ դադարի մեջ էի: Այնպես չէր, որ առաջարկների պակաս ունեի, ուղղակի դրանցից ոչ մեկն այն չէր, ինչ ես ուզում էի: Դադարն ուներ դրական կողմ. զբաղվում էի բիզնեսով, որը միշտ սիրել եմ: Հետո ռեժիսոր Ելենա Արշակյանի առաջարկով քասթինգի մասնակցեցի եւ ընտրվեցի Արամի դերի համար: Ելենայի հետ շփումը շատ հեշտ ստացվեց, հասկացա, որ լուրջ նախագիծ է, դերասանի հանդեպ մեծ հարգանք ունեն:

«Շիրազի Վարդը» սերիալի նկարահանումներին


Ասելիքը

Եթերում ուղղակի երեւալու ցանկություն երբեք չեմ ունեցել, միշտ մտածել եմ՝ պետք է ներկայանալ այն ժամանակ, երբ ասելիք ունես: Նույնիսկ հարցազրույցների եմ հազվադեպ համաձայնում: Եթե իմ ասելիքն արդեն ասել եմ, ինչ իմաստ ունի կրկնել: Իմ մասին հիշեցնելու տարիքից վաղուց եմ դուրս եկել, ֆինանսապես էլ ապահովված եմ, ամեն բանի համաձայնելու խնդիր չունեմ:

Սպորտը, Արամն ու Դավիթը

«Շիրազի Վարդը» սերիալում իմ մարմնավորած կերպարը՝ Արամը, սպորտի հետ կապ ունի, վնասվածքի պատճառով չի կարողանում այլեւս մենամարտերի մասնակցել: Սա մեծ ողբերգություն է սպորտի հետ կյանքը կապած մարդու համար: Ունեմ ընկեր, ով վնասվածքի պատճառով դուրս է եկել սպորտից: Իր հետ շատ եմ զրուցել ու գիտեմ՝ ինչքան ծանր թեմա է: Ես էլ սպորտի հետ բավական լավ հարաբերությունների մեջ եմ, առանց դրա ինձ չեմ պատկերացնում: Մայրս կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ Արամը լրիվ ես եմ: Սպորտի հանդեպ սերը, բնավորության շատ գծեր Արամին ու Դավիթ Աֆրիկյանին կապում են միմյանց:

«Թատրոնի հետ կապ չունեմ»

Ներքին ցավ եմ ապրում, որ զբաղվում եմ բիզնեսով, բայց ոչ՝ թատրոնով: Տարիներ շարունակ օրուգիշեր սովորել եմ, անցել եմ ճանապարհ՝ հենց թատրոնի դերասան դառնալու համար, բայց այսօր թատրոնում զբաղվածություն չունեմ: Արդեն քանի տարի է՝ թատրոնի հետ կապ չունեմ, նույնիսկ՝ որպես հանդիսատես: Սկսած Թատերական ինստիտուտից՝ ամեն տեղ ամեն ինչ վատացել է: Որոշ ժամանակ առաջ փորձում էի բուհում ինչ-որ ներդրում անել, շուրջ 6 ամիս պարբերաբար եղել եմ այնտեղ, այդ ժամանակ էլ հասկացա՝ ինչքան բան է փոխվել դեպի վատը: Բայց վստահ եմ՝ տարիներ հետո դրական փոփոխություններ կլինեն, թատրոնը թղթախաղ խաղալու տեղ այլեւս չի լինի, թատրոնի դերասանները կվարձատրվեն այնքան, որ կարողանան նորմալ ապրել, բայց դա կլինի, կարծում եմ, այն ժամանակ, երբ ես 80 տարեկան պապիկ լինեմ:

Դավիթ Աֆրիկյանը


«Պիես եմ գրում»

Հիմա մարդիկ այլ որակի ներկայացումներ են բեմադրում ու դիտում: Չեխովն ասում էր՝ թատրոն պիտի այնպես մտնես, ինչպես եկեղեցի ես մտնում: Հիմա թատրոն չէ, «թադրոն» է: Այսօր ով մի քիչ ճանաչում է ձեռք բերում, որոշում է սթենդ-ափ բեմադրել: Նույնիսկ վերջերս ծանոթներիցս մեկն ինձ առաջարկում էր սթենդ-ափ բեմադրել: Ծիծաղով արձագանքեցի այդ առաջարկին: Հասկանում եմ՝ մարդիկ ուզում են գումարային քիչ ներդրում անել, բայց շատ եկամուտ ունենալ, սակայն դա էլ կարելի է ինտելեկտուալ հումորների վրա կառուցել: Համացանցում հայկական սթենդ-ափերի մի քանի տեսանյութ դիտել եմ, նկատել եմ, որ շեշտը դնում են 18 + հումորների վրա: Հիմա պիես եմ գրում, միգուցե հենց դրանով վերադառնամ թատրոն, բայց ոչ որպես դերասան, այլ՝ որպես բեմադրիչ: Բայց դա էլ չգիտեմ՝ երբ կլինի:

«Չեմ հանդիպել»

Չեմ բացառում, որ հնարավոր է՝ լինեն մարդիկ, ովքեր կապ չունեն թատերական աշխարհի հետ, բայց հրաշալի խաղում են, սակայն պետք է փաստեմ՝ նման մարդկանց ես դեռ չեմ հանդիպել: Կարծում եմ՝ գոնե հիմնական գրականությունը պետք է կարդալ, իմանալ տեխնիկական որոշ նրբություններ, իսկ դա միայն համալսարանական կրթությամբ է հնարավոր: Գիտեք, ես զգացել եմ, թե ինչու մասնագիտությամբ դերասանների փոխարեն այլ մարդկանց են ընդգրկում հեռուստանախագծերում. մասնագիտությամբ դերասանները թելադրում են իրենց պահանջները թե՛ դերի հետ կապված, եւ թե՛ ֆինանսական առումով:

Լավ դերասանի գործոնը

Դերասանների մեջ պիտի զարգանա ամեն դերի չհամաձայնելու մշակույթը: Ալ Պաչինոն մի անգամ ասել է, որ այնքան առաջարկներ է մերժել, որքան շատ դերասաններ նույնիսկ չեն էլ ստացել: Մարդիկ քեզ շատ տեսնելուց հոգնելու են, ձանձրանալու են, դու դառնալու ես սովորական: Հիմա հայ շատ դերասաններ կան, որոնց որեւէ նախագծում տեսնելիս մտածում ենք՝ նախագիծը հաստատ լավ որակի է: Դերասանով նախագիծը չափելը շատ լավ հանգամանք է:

Դավիթ Աֆրիկյանը


«Կնքահայրը»

Ուսանողական տարիներից Ալ Պաչինոյի երկրպագուն եմ եղել: Երբ առաջին անգամ դիտեցի «Կնքահայրը» ֆիլմը, անսահման տպավորվել էի: Հետո ամիսը գոնե մեկ անգամ դիտում էի, ուսումնասիրում էի ամեն դետալ, քանի որ այն դերասանի համար մեծ դպրոց է: Վերջերս Խոակին Ֆենիքսով եմ հիացած. «Ջոքեր» ֆիլմում նրա խաղը եւս հրաշալի է:

«Կեղծ հետեւորդների կարիք չունեմ»

Տեսակով ամաչկոտ մարդ եմ: Հիմա դրսում տեսնում են, ճանաչում են, լուսանկարվել են ուզում, կաշկանդվում եմ, որ կարող եմ մի բան այնպես չանել: Ինձ ավելի հաճելի է, երբ չեն նայում, չեն ճանաչում: Գիտեմ, որ դերասանների մեծ մասը լրիվ հակառակ տեսակետն ունի, բայց ես այսպիսին եմ: Հատուկ ոչինչ չեմ անում Ինստագրամի էջիս հետեւորդներին ավելացնելու համար: Շատ են գրում, որ կարող են 10 հազարներով ավելացնել, բայց դա ինձ պետք չէ: Իմ հետեւորդների քանակից իմ կյանքում ոչինչ չի փոխվի: Եթե ինչ-որ մեկին հաճելի է իմ էջը, թող հետեւի, բայց հավանումների, կեղծ հետեւորդների կարիք ես չունեմ: Էջումս նկարներ շատ դժվարությամբ եմ տեղադրում, պետք է երկար մտածեմ, լավ ուսումնասիրեմ: Ընկերներս միշտ կատակում են այս առիթով:

«Ժամանակ ունեմ»

Ամուսնանալը, երեխա ունենալը գերնպատակ չէ: Ես ստանդարտներից դուրս եմ ապրում, ոչ ոք չի կարող իմանալ, թե երբ է իմ ամուսնանալու ժամանակը: Դեռ 30 տարեկան եմ ու, կարծում եմ, ժամանակ ունեմ: Կամուսնանամ, երբ կգա պահը:

Զրուցեց` Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Դավիթի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին