×


«Այս շրջանում կողքիս տղամարդ չկա, ուստի ծաղիկներ նվիրող էլ չունեմ». Ինգրիտ Կոկչյանը՝ 36-ամյակը չնշելու պատճառի մասին

Ինգրիտ Կոկչյանը երեկ դարձել է 36 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին խոստովանել է՝ մոռացել էր, որ իր ծննդյան օրն է: Նրա հետ խոսել ենք նաեւ տրամադրության տատանումների, տարեդարձի առթիվ անանուն անակնկալի եւ այն մասին, որ ինքնամեկուսանալու իր պատճառը միայն տարածված վարակը չէ:

«Դեռ չեմ գիտակցում, որ մոտենում եմ 40-ի շեմին: Փոքրամարմին եմ, առօրյայում միշտ առանց դիմահարդարման, երբ տղայիս հետ եմ լինում, հաճախ չեն հավատում, որ մայր ու որդի ենք, Անրիին հարցնում են՝ քույրն եմ»,- ասել է Ինգրիտը:

Ինգրիտ Կոկչյանը՝ որդու հետ


Մտերիմներն են հիշեցրել տարեդարձի մասին.«Ամսաթվեր չեմ կարողանում մտապահել: Ամեն տարի ծննդյան օրվանից մոտ մեկ շաբաթ առաջ Անրին հիշեցնում է, որ շուտով իր տարեդարձն է, աղջկաս ծննդյան ամսաթիվն էլ նշել եմ, որ մտաբերեմ: Մոռացկոտության պատճառով մտերիմներիս հաճախ չեմ էլ շնորհավորում: Միակ ամսաթիվը, որ հիշում էի, իմ ծննդյան օրն էր, այս տարի դա էլ էր մտքիցս դուրս եկել: Առավոտյան արթնացա հեռախոսի ձայնից. մի շարք զանգերից ու հաղորդագրություններից հասկացա, որ այդ օրն եկել է»,- պատմել է նա:

Վերջին ամիսներին ունեցած անկումային տրամադրությունը բացասական է անդրադարձել իր վրա.«Դեռեւս մարտի 8-ին, երբ բոլոր կանայք հրապարակում էին իրենց նվեր ստացած ծաղիկները, ես իմ դատարակ ծաղկամանն էի լուսանկարել. այս շրջանում կողքիս տղամարդ չկա, ուստի անակնակալներ եւ ծաղիկներ նվիրող էլ չունեմ, ինչի պատճառով տոները մի փոքր գորշ են անցնում: Առավոտյան էլ այդ մասին էի մտածում, երբ դռան զանգը հնչեց, եւ անանունի կողմից ծաղիկներ նվեր ստացա, ինչ խոսք, մի փոքր ցրվեցի եւ ուրախացա»,- նշել է Ինգրիտը:

Ինգրիտ Կոկչյանը՝ դստեր հետ


Շնորհավորանքների պակաս չի ունեցել.«Անրին տեսազանգով է շնորհավորել: Այս օրերին հոր տանն է ինքնամեկուսացել. իմ տանը գրքերն են շատ, հայրիկի տանը՝ համակարգչային խաղերը, ինչն էլ նրան ավելի է գրավում: Աղջիկս դեռ փոքր է հատուկ ինչ-որ բան կազմակերպելու համար»:

Մեծ խնջույքների սիրահար չէ.«Ծննդյանս օրը շատ եմ սիրում եւ միշտ շատ բարձր տարամդրություն եմ ունեցել: Այն մարդկանց, ում սիրում եմ ու ցնկանում եմ, որ կողքիս լինեն, զանգում եմ, հիշեցնում օրվա մասին: Թռչկոտում եմ, երգում, ուրախանում: Այս տարի ամեն բան այլ կերպ դասավորվեց: Վերջին երկու ամիսն ինձ համար ինքնամեկուսացման շրջան է՝ ոչ միայն տարածված վիրուսների պատճառով: Կյանքս երբեք հարթ չի եղել, վայրիվերումներով է անցել, ինչին արդեն սովորել եմ ու չեմ նեղվում: Դժվար շրջան էր, որը փորձում եմ հաղթահարել առանց ընկճվելու, ինչպես ասում են՝ «դուխս» տեղն է, տրամադրությունս՝ նույնպես, ուրախ եմ ու զվարթ: Անհասկանալի շրջանում եմ. բիզնես ունեի, որը, վերջին դեպքերից ելնելով, սառում է, մեկ ամսվա հստակ ծրագրեր, որոնք հօդս են ցնդում»:

Ինգրիտ Կոկչյանը


Անմոռանալի ծննդյան տոները առջեւում են.«Խենթ ու խելառ պահեր շատ եմ ունեցել, բայց անմոռանալի ծննդյան օր՝ դեռ ոչ: Ինձ թվում է՝ այդ ամենն առջեւում է: Այն մարդկանցից եմ, որոնց հոգին չի ծերանում, այն միշտ 20 տարեկան է մնում»,- եզրափակել է Ինգրիտը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարիները՝ Ինգրիտ Կոկչյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW