×


Դիանա Մարտիրոսյանը

Չեղարկվածներն ու հետաձգվածները. կորոնավիրուսի պատճառով տուժում է նաեւ կինոն

Մարտի 21-ին պետք է մեկնարկեր հոբելյանական՝ Վիլնյուսի 25-րդ միջազգային կինոփառատոնը, սակայն ստեղծված իրավիճակի արդյունքում այն չեղարկվեց։ Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը, որը պետք է լուսաբաներ այն հայկական մամուլի համար, պատմում է, թե ինչ իրավիճակ է ստեղծվել համաշխարհային կինոփառատոների շուկայում կորոնավիրուսի պատճառով եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ։

Կինոփառատոների ինստիտուտը ձեւավորվել է դեռեւս Երկրորդ համաշխարհայինից առաջ. սկզբից Վենետիկի «Մոստրա»-ն, որտեղ ֆաշիզմի օրոք ցուցադրվում էին մուսոլինյան ու հիտլերյան քաղաքականության եւ առհասարակ այդ պահին անհրաժեշտ ռազմահայրենասիրական պետական գաղափարախոսությունը գովաբանող աշխատանքներ։ Նման ակտիվ քաղաքական ազդեցության օրինակն աչքի առջեւ ունենալով՝ Մոստրայի լայնամասշտաբ ցուցադրություններից հետո Ֆրանսիայի կրթության եւ արվեստի նախարար Ժան Ցեյի որոշմամբ դրվեց ներքաղաքական օրակարգից դուրս անկախ ֆրանսիական կինոփառատոն ստեղծելու միտքը։ Սակայն ամենաառաջին՝ 1939 թվականին մեկնարկող Կաննը ցուցադրեց միայն մեկ ֆիլմ՝ ամերիկյան «Սուրբ Աստվածամոր տաճարը»։ Տրանսատլանտյան լայներով ժամանած մի խումբ հոլիվուդյան աստղեր ստիպված եղան շուտափույթ լքել ֆրանսիական Ռիվիերան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի պատճառով։


Պատերազմական կարգավիճակից բացի, Կաննը չեղարկվել է եւս 2 անգամ՝ 1948-ին եւ 1950-ին՝ պատշաճ ֆինանսավորում չունենալու պատճառով։ Այժմ ֆինանսների հարցը կայուն է. կինոփառատոնի մեկ տարվա բյուջեն կազմում է 20 միլիոն եվրո: Գումարը տրամադրվում է պետական ֆոնդերից՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության միջոցով, Կանն քաղաքի պաշտոնական բյուջեից եւ փառատոնի խոշոր գործընկերների բանկային հաշիվներից։ Եթե այս տարվա կինոփառատոնը չեղարկվի, խնդիրը կանդրադառնա ոչ միայն ծովափնյա քաղաքի զբոսաշրջային հոսքի եւ ամբողջ աշխարհից ժամանած միջոցառումը լուսաբանող մամուլի ներկայացուցիչների վրա։ Արտադրվող ֆիլմերի քանակը, որը տարվա կտրվածքով բաշխվում է մի քանի հսկա կինոփառատոնի միջեւ (Բեռլին, Կանն, Լոկարնո, Վենետիկ, Տորոնտո, գուցե նաեւ Սան Սեբաստիան), պետք է որեւէ կերպ հասնի հանդիսատեսին, լայնորեն լուսաբանվի, իսկ այդ ֆիլմերը ստեղծած կինոգործիչները մի շարք մամուլի ասուլիսներ եւ հարցազրույցներ տան։ Մի պահ պատկերացրեք, որ այդ ամենը վերածվի առցանց ռեժիմի. մամուլի խոսնակները (ինչպես Արեւմուտքում է ընդունված նրանց կոչել՝ «publicist»-ները), իհարկե, կկազմակերպեն տեսակապերով հարցազրույցներ եւ կհասցնեն տեղեկությունը էլեկտրոնային նամակների միջոցով։ Բոլոր ֆիլմերը, որոնք ստեղծվել էին խոշոր էկրանների համար, կցուցադրվեն եւ կդիտվեն լափթոփերի էկրաններին՝ օֆիսում եւ տանը։ Երբ, օրինակ, կինոքննադատը կամ լրագրողը ստիպված նստած կլինի իր ննջասենյակում կամ աշխատասենյակում՝ շեղվելով հեռախոսի եւ կենցաղային անցուդարձի պատճառով։

Բազմաթիվ ռեժիսորներ մինչ օրս հայթայթում են գումարներ՝ ժապավենի վրա ֆիլմ ստեղծելու հաճույքից իրենց չզրկելու համար. եթե կինոդիտումը լինի տնային կամ օֆիսային պայմաններում՝ մանր էկրաններին, 35մմ կամ 16մմ-ի էֆեկտը առանձնապես չի զգացվի եւ անհրաժեշտ կերպով չի ազդի հանդիսատեսի վրա։ Դիտել կատարյալ լռության մեջ, ինչպես սովորաբար արվում է եվրոպական կինոդահլիճներում, այն էլ օրը մի քանի օտարալեզու ֆիլմ, տանը, փորձելով ամբողջությամբ ընկղմվել պատմության մեջ, անջատելով բջջայինը եւ անգամ մաքսիմալ մեկուսանալով տնեցիներից՝ բնականաբար, նույնը չէ, ինչ լավագույն տեխնիկայով օժտված, կատարյալ մթության մեջ գտնվող հսկա դահլիճում։

Կինոփառատոնը նաեւ ֆիլմերից հետո կարճ սուրճի կամ որեւէ խորտիկի ընդմիջումն է, որի ժամանակ շվեյցարացի կինոքննադատը ծանոթացնում է հայ կինոքննադատին բրազիլացի գործընկերոջ հետ եւ նպաստում կարծիքների եւ մտքերի փոխանակմանը, առողջ բանավեճին։ Այն մի ամբողջ մթնոլորտ է, որը կտրում է մշակութային մամուլի ներկայացուցիչներին եւ անգամ կինոգործիչներին սովորական դարձած առօրյայից եւ տեղափոխում տոն-մարաթոն, որտեղ շատերը մրցում են՝ օրը 4 կամ անգամ 5 ֆիլմ նայելու հարցում կամ փորձում հաճախել մաքսիմալ քանակի ասուլիսներ՝ Վենսան Քասելին եւ Խոակին Ֆենիքսին կենդանի տեսնելու եւ հարց տալ համար։ Բացի այդ, մի հիանալի օր ինքնամեկուսացման կարիք, հուսանք, այլեւս չի լինի, եւ այդ ժամանակ 24/7 տնային ռեժիմով ապրող քաղաքացիները կցանկանան լրացնել բաց թողածը եւ կշտապեն այցելել ամենագալիք կինոփառատոն (գուցե օգոստոսի կեսերին կազմակերպվող Լոկարնոն, գուցե սեպտեմբերի սկիզբ մեկնարկող Վենետիկը):


Բնականաբար, ռեժիսորների եւ պրոդյուսերների համար խիստ ցանկալի կլինի, որ իրենց ժապավենները ցուցադրվեն տեխնիկապես ամենալավ որակով եւ հնարավորինս մեծ մասնագիտական եւ սիրողական լսարանի համար։ Այդ ժամանակ հենց այդ «վերածնված» կինոփառատոնային ժամանակաշրջանում կարող է գրանցվել այցելուների եւ մասնակիցների գերքանակ, որը հրճվելու է եւ կոլապսից դուրս գալու առթիվ տրվի սոցիալական ակտիվության։

Օնլայն հանդիպումները, վարպետության դասերը, Q&A-երը եւ փիչինգները, իհարկե, հրաշալի հնարավորություն են երեւանյան բազմոցից Նյու-Յորք կամ Վարշավա կապ հաստատելու համար, որտեղ նույնանման բազմոցին նստած օտարերկրացին վարժ անգլերենով կպատմի ֆինանսավորման նրբությունների կամ իր նոր նախագծի մասին։ Սակայն արվեստը, ինչքան էլ որ այսօր գործ ունենք սթրիմինգային հարթակների հետ (Netflix, Amazon եւ այլն), դեռեւս պահանջված է որպես «շոշափելի» երեւույթ։ Մինչ հրատարակչությունները տպում են գրքերը, օպերայի եւ բալետի թատրոններն ունենում են «սոլդ-աութ», իսկ ռեժիսորները զոհաբերում են իրենց իսկ հոնորարները ժապավենով ֆիլմ նկարելու համար, սթրիմինգային ալիքներն ու տեսակապերով քննարկումը կլինեն կինոարվեստի մի մասը եւ ոչ թե ամբողջությամբ կուլ կտան 20-րդ դարի համակարգը։ Նոստալգիան հրաշալի ապրանք է եւ այսօր ունի մեծ պահանջարկ, սակայն դեռեւս մի քանի ամիս առաջ ակտիվ կապ պահպանող, ոտքի վրա սուրճ խմող ու այդպես կոչված «small talk» վարող մարդիկ չեն մոռացել օֆլայն շփման առավելությունները եւ դեռեւս պատրաստ չեն դրանցից վերջնականապես հրաժարվել։ Ոչ այս տասնամյակում։

Դիանա Մարտիրոսյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին