×


«Չէի կարողանա լռել ինձ տանջող խնդրի մասին». «Շիրազի Վարդը» սերիալում Ռոզիի դերակատար

Էլեն Սարգսյանը, ով հանդիսատեսին հայտնի դարձավ «Վերջին ուսուցիչը» եւ «Անհայտ բաժանորդ» ֆիլմերից, BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում պատմել էր իր առաջին քայլերի, անհանգստությունների եւ անսպասելի հաջողության մասին: Այս անգամ մասնագիտությամբ ռեժիսոր Էլենի հետ խոսել ենք «Շիրազի Վարդը» սերիալի մասին, որում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն:



«Շատ պատահական եմ սկսել նկարահանվել սերիալներում: Ուժերս փորձելու համար մասնակցել եմ քասթինգների եւ դերեր ստացել: Ինձ շատ դուր եկավ այս աշխատանքը, սկսեցի հետաքրքրվել, սովորել»,-ասել է նա եւ հավելել, որ «Շիրազի Վարդը» սերիալում նույնպես հայտնվել է քասթինգի միջոցով.«Խոսեցի Ելենա Արշակյանի եւ նախագծի ռեժիսոր Քաջայր Հակոբյանի հետ, փորձեցինք պարսկերեն տեքստեր, եւ ես իմացա, որ պետք է ոչ միայն պարսկերեն խոսեմ, այլեւ գլխաշոր կրեմ: Շատ ուրախացա. հետաքրքիր կլիներ խաղալ կերպար, որն այլ մշակույթից է, հատկապես, որ ինձ շատ հետաքրքիր է իրանական մշակույթը: Շատ էի ուզում ընտրվել այդ դերի համար, եւ որոշ ժամանակ անց հաստատեցին իմ մասնակցությունը նախագծում»:



Էլեն Սարգսյանը


Խոսելով կերպարի եւ այն դժվարությունների մասին, որոնք փորձում է հաղթահարել, Էլենը նշել է.«Դժվարություններից կառանձնացնեմ պարսկերեն խոսելը: Այժմ բավական բառեր, արտահայտություններ հասկանում եմ: Չգիտեմ՝ որքանով ենք նման, բայց յուրաքանչյուր դեր խաղալիս ինչ-որ բաներ մեզնից ավելացնում ենք կերպարին: Ինձ թվում է՝ իմ խաղացածներից չկա մի կերպար, որն ընդհանրապես ինձ նման չէ: Նշեմ, որ ես Ռոզիի նման զուսպ չեմ. դժվար թե կարողանայի լռել մի բանի մասին, ինչն ինձ տանջում է այդքան երկար»:



Նա այժմ սովորում է Սլավոնական համալսարանի Անձի հոգեբանություն բաժնի վերջին կուրսում.«Դերասանական կրթություն չունեմ, բայց վարպետության անհատական դասընթացների եմ գնում, ինչը շատ կարեւոր է: Նաեւ փորձում եմ սովորել այն դերասաններից, որոնց հետ աշխատում կամ աշխատել եմ: Իմ բախտը բերել է. տարբեր նախագծերում ծանոթացել եմ այնպիսի դերասանների հետ, որոնցից սովորելու շատ բան կա: Իսկ հետագայում կընդունվեմ արդյոք դերասանական բաժին, թե՝ ոչ, դեռ պարզ չէ: Այժմ դրա մասին չեմ մտածում»: 


Էլեն Սարգսյանը


Էլենից հետաքրքրվել ենք՝ ինչ կարծիքներ է լսում իմ կերպարի եւ խաղի մասին. «Հիմնականում արձագանքները լավն են: Երբ բացասական կարծիք եմ լսում, անպայման փորձում եմ հասկանալ՝ ինչն է պետք ուղղել, ինչի վրա աշխատել: Ինքս էլ շատ եմ կարծիք հարցնում»:

Ասում է՝ խաղընկերների հետ հրաշալի հարաբերություններ ունի.«Դա մեր գործում շատ կարեւոր է: Բոլորին շատ եմ սիրում, շատերի կարծիքները կարեւորում եմ, իսկ ում հետ ընկերացել եմ, կարող եմ ասել, որ փորձում ենք իրար օգնել՝ առանց մտածելու դրա կարիքը կա, թե՝ ոչ: Եթե ինչ-որ բան նկատում ենք, ասում ենք՝ կլինի շտկելու բան, թե ուղղակի կարծիք»:

Էլենից հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք ընտանիքում կան դերասաններ եւ ինչպես են վերաբերում իր կարիերային.«Ընտանիքս բացարձակապես կապ չունի այս ոլորտի հետ, բայց անպայման դիտում են իմ մասնակցությամբ բոլոր ֆիլմերը, նկատողություններ են անում: Նրանց կարծիքը շատ կարեւոր է ինձ համար»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ Էլենի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport