×


Կադրը՝ «Անհայտ բաժանորդ» ֆիլմից

«Ինձ համար շատ դժվար էր համակերպվել, որ լինելու է նման տեսարան». Էլեն Սարգսյան

Նորահայտ դերասանուհի Էլեն Սարգսյանը, ով հանդիսատեսին հայտնի դարձավ «Վերջին ուսուցիչը» եւ «Անհայտ բաժանորդ» ֆիլմերից, BRAVO.am-ի հետ անմիջական զրույցում պատմել է իր առաջին քայլերի, անհանգստությունների եւ անսպասելի հաջողության մասին:

-Մասնագիտությամբ ռեժիսոր եք, ինչպե՞ս հայտնվեցիք տեսախցիկի հակառակ կողմում:

- Երբեք չէի մտածի, որ կնկարահանվեմ ֆիլմերում, սերիալներում: Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին շատ էի սիրում ռեժիսուրան, ուսանողական կյանքն էլ բավական հետաքրքիր էր, բայց երբ ավարտեցի, հասկացա` երբեք չեմ զբաղվի այդ մասնագիտությամբ: Սկսեցի ուսումնասիրել հոգեբանություն եւ ընդունվեցի Սլավոնական համալսարան: Հենց այդ ժամանակ ընկերներիցս մեկը հրավիրեց մասնակցելու «Շանթ» ՀԸ-ի սերիալներից մեկի քասթինգին. այնտեղ ներկայացա երկրորդական դերով, որից հետո նկարահանվեցի Առաջին ալիքի նախագծերից մեկում, ու հենց այսպես էլ եղավ մուտքս հեռուստատեսություն:

Էլեն Սարգսյանը


- Իսկ մուտքը դեպի գեղարվեստական ֆիլմ եղավ «Անհայտ բաժանորդ»-ով, որտեղ Ձեր խաղընկերներն այսօր ամենապահանջված արտիստներն են: Այս առումով բարդություններ կայի՞ն:

-Իրականում «Անհայտ բաժանորդ»-ում նկարահանվելն ինձ համար մեծ պատասխանատվություն էր, քանի որ վաղուց լսել էի ֆիլմի մասին, գիտեի՝ ովքեր են նկարահանվելու, եւ շատ լարված էի թե՛ քասթինգների փուլում, թե՛ արդեն նկարահանման ընթացքում: Կարծում եմ՝ իմ լարվածությունը բոլորն էին նկատում, քանի որ փորձում էի ամեն ինչ անել՝ ռեժիսորի՝ Արշո Հարությունյանի սպասումներն արդարացնելու համար: Նման պրոֆեսիոնալների հետ աշխատելիս, իհարկե, կային բարդություններ. ես ինձ ֆիլմի ամենաթույլ կողմն էի զգում, բայց մյուս կողմից՝ ինձ շատ օգնում էին նրանց խորհուրդները, նկատողությունները: Հույս ունեմ՝ կարողացել եմ շտկել այն ամենն, ինչ Արշոն ու մյուսները նկատում, ուղղում էին: Սա իսկապես մեծ փորձ էր ինձ համար:

-Խոսենք ֆիլմից դուրս մնացած հետաքրքիր դրվագների մասին:

- Ֆիլմը սկսվում է իմ տեսարանով, որտեղ լողում եմ լողավազանում. այն տեխնիկապես շատ բարդ էր նկարահանել, քանի որ մայիս ամիսն էր, առավոտյան ժամը 7-ը, եւ բավական ցուրտ էր: Այդ տեսարանում պետք է շատ հմայիչ լինեի, բայց դողում էի, եւ շունչս կտրվում էր (ծիծաղում է,-հեղ.): Շնորհակալ եմ նկարահանող ողջ անձնակազմին, ովքեր այդ պահին ինձ օգնում էին, երկրորդ ռեժիսորն անգամ ինձ հետ վազում էր ամբողջ այգու տարածքով, որպեսզի տաքանամ, եւ, առհասարակ, բոլորը շատ հոգատար էին:

Էլեն Սարգսյանը


Մի դեպք, որ էլի շատ տպավորել է. լողավազանի տեսարանը նկարահանելիս արեւից ամբողջովին այրվել էի. քսուք բերեցին այրվածքի դեմ, որը քսում էի, մինչ բոլորը ընդմիջում էին անում: Երբ վերջացրի, միացա նրանց, Խորենն ու Նազենին միաժամանակ հարցրին՝ «Հն, քսեցի՞ր», կարծես իսկապես ծնողներս լինեին (ծիծաղում է,-հեղ.):

- Ձեր մասնագիտական կյանքում բեկումնային էր «Վերջին ուսուցիչը» հեռուստանովելը. մեծ լսարան, ճանաչում... Ի՞նչ զգացողություն է սա:

- Նույնիսկ մենք չէինք մտածում, որ «Վերջին ուսուցիչը» կունենա նման հաջողություն, իսկապես այն շատ բան տվեց բոլորիս, բայց չեմ կարող ասել, որ այդ ճանաչումը խանգարում է ինձ ու իմ առօրյային. շարունակում եմ ապրել իմ կյանքով: Կարծում եմ՝ ֆիլմը միայն դրական ազդեցություն ունեցավ բոլորի վրա, քանի որ այնտեղ շատ արժեքներ էին ներկայացված:

- Մարիի կերպարը համարձակ դեռահասի կերպար էր, ով մերկապար պիտի պարեր իր դասընկերերի համար: Հասարակության արձագանքից վախեր ունեցե՞լ եք:

- Այո, ինձ համար շատ դժվար էր համակերպվել, որ լինելու է նման տեսարան: Չնայած՝ ի սկզբանե գիտեի, որ «հանվելն» ընդամենը մի քանի կոճակ արձակելը պիտի լինի, այնուամենայնիվ, ներքին կոնֆլիկտ ունեի, որը հաղթահարեցի միայն այն ժամանակ, երբ մտերմացա Մարիի կերպարի հետ: Կարծում եմ՝ հասարակությունն էլ ճիշտ ընկալեց կերպարն ու իր արարքը:

Էլեն Սարգսյանը


-Ինչպե՞ս կայացավ Խորեն Լեւոնյանի հետ համագործակցությունը:

- Մեր ծանոթության պատմությունն է բավական հետաքրքիր. ինքն էլ հաճախ պատմում է հանդիպումների ժամանակ: Մի քանի օր նկարահանումներ ենք ունեցել առանց Խորեն Լեւոնյանի, եւ երբ իմացանք, որ պիտի գա, որոշեցինք մեզ պահել բնական, ցույց չտալ մեր վերաբերմունքն իր հանդեպ: Պատուհանի մոտ զրուցում էինք ես եւ խաղընկերներիցս Տիգրանը Դոդորյան, երբ Խորենը ներս մտավ, ասաց՝ «Բարեւ ձեզ», մենք էլ պտտվեցինք՝ «Բարեւ», ու շարունակեցինք խոսել, բայց հետո հասկացանք, որ բնական լինելու չափն անցանք (ծիծաղում է,-հեղ.): Իհարկե, ինքն ամեն ինչ հասկացել էր, հետո սուրճ առաջարկեցինք, չարչարվում էինք, որ համեղ ստացվի: Մի խոսքով՝ մթնոլորտը շատ հաճելի էր:

Նկարահանումների ընթացքում բոլորս այնքան մտերմացանք, որ կարծես իսկապես մի դասարան լինեինք. հիմա ավելի շատ կարոտում եմ այդ դպրոցն ու «դասընկերներիս», քան այն դպրոցը, որտեղ ես եմ սովորել (ծիծաղում է,-հեղ.):

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport