×


Հռիփսիմե Սարգսյանը եւ Հայկ Չոմոյանը

«Առանց արցունքների հիշել չեմ կարողանում». «Շիրազի Վարդը» սերիալում Շողերի դերակատար


«Շիրազի Վարդը» սերիալում Շողերի դերակատար Հռիփսիմե Սարգսյանը BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում պատմել է ուսանողական տարիների, սերիալում իր մարմնավորած կերպարի առանձնահատկությունների, նախասիրությունների եւ այն մասին, թե ինչպիսին են անձնականին եւ ամուսնությանը վերաբերող պլանները:


Սիրո, սխալների, սկանդալների տարիներ

Ավարտել եմ ԵԹԿՊԻ թատրոնի ռեժիսուրայի բաժինը՝ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցը: Ուսանողական տարիներս առանց արցունքների հիշել չեմ կարողանում. էլ հետ չեն գա: Շա՜տ լեցուն, բովանդակալից տարիներ էին՝ ինքնաճանաչողության, ինքնակերտման, սիրո, սխալների, սկանդալների, շրջագայությունների, այլ խոսքով՝ ստեղծագործական բուռն կյանքի: Երազ էր, բոհեմ ու կինո: Դրանք տարիներ էին, երբ մենք՝ ընկերներով, կարդում էինք աշխարհի բոլոր գրքերը, գիշերում էինք թատրոնում, գրում էինք բանաստեղծություններ, բեմադրում էինք՝ ինչ խելքներիս փչեր, խմում էինք, պարում, անհանգստանում էինք մեր երկրի ու մեր ժողովրդի ապագայի համար, պայքարում խավարամտության դեմ, Ֆլոյդ էինք լսում, երազում հեղափոխության մասին, մոռանում էինք հաց ուտել: Աշխարհը մերն էր, ու ամեն մեկս մի հանճար էր: Բայց կարեւորագույնը, որ ժառանգել եմ այդ օրերից, հստակ գիտեմ՝ գիտելիքն է, որ ոչնչի հետ չեմ փոխի: Եվ շնորհակալ եմ վարպետիս՝ Հրաչյա Գասպարյանին, որ հիմա այն եմ, ինչ կամ:

Հռիփսիմե Սարգսյանը


Մուտքը հեռուստատեսություն

Այս նախագծից առաջ նկարահանվել եմ «Մոր խոստումը» սերիալում: Առաջին դերս հեռուստատեսային նախագծում հենց դա էր: Սովորում էի 4-րդ կուրսում, երբ պիտի սկսվեին սերիալի նկարահանումները, Ելենա Արշակյանն ու իր թիմը զբաղված էին նոր կադրերի փնտրտուքով: Ռեժիսորս՝ Քաջայր Հակոբյանը, եկել էր Թատերական ինստիտուտ: Այդ շրջանում ես զբաղված էի դիպլոմային մի քանի աշխատանքներում եւ ինքս էլ բեմադրում էի: Փորձից դուրս եկա՝ հիվանդ, հոգնած, ջերմության ու տենդի մեջ, տեսքս ահավոր էր: Վազում էի՝ անփույթ ու արագ՝ ինչպես միշտ չնկատելով ոչ մեկին: Հենց այդ պահին միջանցքում հանդիպեցի ռեժիսորիս՝ Քաջայրին: Կանգնեցրեց ինձ, հրավիրեց քասթինգի: Գնացի, ընտրվեցի, ու մինչեւ այսօր աշխատում ենք միասին:

Հռիփսիմե Սարգսյանը


«Համարձակ է, բայց ոչ լպիրշ»

«Շիրազի Վարդ»-ում իմ հերոսուհին, ինձ նման, անընդհատ որոնումների մեջ է: Ինձ պես ազնիվ է (համեստությունից չեմ մեռնի:)): Շատ զգացմունքային լինելու պատճառով հիմարություններ հաճախ է անում, բայց ուժեղ է. իրեն պաշտպանել գիտի, դիրք ու կեցվածք ունի: Համարձակ է, բայց ոչ լպիրշ, ազատասեր է ու առաջադեմ: Ինձ նման համառ է. եթե մի բան ուզում է, իմանում է, ինչ մտքով անցնի, անում է: Տառապանքի մեջ չի ընկճվում, անարդարությունից չի չարանում կյանքի ու մարդկանց դեմ: Եվ գեղեցիկ է ինձ նման:):


Երազող է

Արդեն երկու տարի անընդմեջ նկարահանվում եմ: Ինստիտուտը դեռ չէի ավարտել, երբ սկսեցի նկարահանվել: Գրեթե ամեն օր զբաղված եմ, իսկ ազատ օրս հաստատ տնից դուրս չեմ գա. ժամանակս նվիրում եմ խնամքիս, ընտանիքիս, գրում եմ բանաստեղծություններ: Կարելի է ասել՝ Երեւանի փողոցներում ինձ հաճախ չեն տեսնի. ժամանակ չունեմ զբոսնելու, ցավոք: Նախասիրություններից կնշեմ երազելը, թերեւս: Ես մեծ երազող եմ:


Հռիփսիմե Սարգսյանը


«Չեմ պատրաստվում մակաբույծ պահել, տաքացնել»

Չունեմ ընտրյալ: Երբեք չեմ մտածել կոնկրետ հատկանիշների մասին: Դե, կարծում եմ՝ մտածող տեսակ պիտի լինի, ինտելեկտուալ, բայց ուժեղ բռունցքով, բողոքող, կենսասեր, ստեղծագործ: Էսթետ պետք է լինի, մի քիչ ցնդած, կնամեծար ու յուրահատուկ: Շատ բան եմ ուզում, թերեւս, ուզում եմ այն, ինչ չկա: Բայց չեմ պատրաստվում մակաբույծ պահել, տաքացնել, մեծացնել եւ ոչ էլ կհանդուրժեմ տգետ, բռի, սահմանափակ մեկին. ամբողջ կյանքում ծաղրել ու սադրել եմ տղամարդու այդ տեսակը: Ամեն դեպքում հիմա ուրիշ ծրագրեր ունեմ, ցանկանում եմ ուսումս շարունակել արտերկրում, կամուսնանամ ֆրանսիական կինոյի հետ: Խաղաղություն ու առողջություն մեզ ու մեր ընտանիքներին: Հոգեւոր տոկունություն ու հավա՜տ, հավա՜տ, հավա՜տ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Հռիփսիմեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին