×


«Արտիստը չմեծացած երեխա է, որին կարելի է մի բառով ե՛ւ ոգեւորել, ե՛ւ կոտրել». Անկեղծանում են Արաքսյան եւ Ստեփանը

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը: Ինչպես հայտնի է, երկրում իրավիճակի պատճառով հետաձգվել է նաեւ ամեն տարի այս օրն իրականացվող «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Դերասաններն էլ խնդրին հումորային լուծումներ են գտել, ինչպես, օրինակ, Ստեփան Ղամբարյանը: Հենց նրա եւ Արաքսյա Մելիքյանի հետ էլ զրուցել ենք իրենց առաջին դերի, մարմնավորած կերպարների եւ թատրոնում առկա խնդիրների մասին:


«Շատ բաներից եմ հրաժարվել թատրոնի համար». Ստեփան Ղամբարյան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը չի պատկերացնում իր կյանքն առանց հարազատ թատրոնի.«Հատկապես վերջին տարին անձնվիրաբար եմ աշխատել թատրոնի զարթոնքի համար: Շատ նոր ֆիլմերում, տարբեր նախագծերում ընդգրկվելուց եմ հրաժարվել, որպեսզի ժամանակս ամբողջովին տրամադրեմ թատրոնի գործերին, որ ընկերներիս հետ կարողանանք ստեղծել մեր երազած թատրոնը: Մեր աշխատասիրության շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում հիանալի արդյունք ունեցանք. բեմադրեցինք 7 նոր ներկայացում, որոնք ինձ համար մեկը մյուսից լավն են»:

Լավ դերերի պակաս չունի.«Թատրոնում դերերս շատ բազմազան են, այս տարի էլ պատասխանատու մի շարք կերպարներով եմ հանդես եկել Դավիթ Հակոբյանի «Ճշմարտություն», Սերժ Մելիք-Հովսեփյանի «Մինուս երկու», Նարինե Գրիգորյանի «Փամփլիկը» ներկայացումներում: Համազգային թատրոնում բեմադրեցինք նաեւ «Ազնավուր» համերգ-ներկայացումը, այդ ձեւաչափը շատ սիրվեց»,- պատմել է դերասանը:

Ստեփանը կարծում է՝ վերջին տարիներին թատրոնների վիճակը բարելավվում է. «Չենք կարող չնկատել, որ թատրոնները զարգացում են ապրում: Չգիտեմ՝ ինչ գործոնով է պայմանավորված, բայց ուրախալի փաստ է: Կարծում եմ՝ պետք է հետաքրքիր լուծումներով ներկայացումներ շատ բեմադրել՝ այցելուներին ավելի գրավելու եւ կրկին թատրոն բերելու համար»:

Նրա հետ զրուցել ենք նաեւ թատրոն մուտք գործելու շարժառիթի մասին.«Սիրել եմ թատրոնը դեռ 94-95 թվականներից: Շատ փոքր էի, երբ պատահական կարողացա Պարոնյանի անվան թատրոն մտնել. դահլիճը լեփ-լեցուն էր: Շատ եմ սիրել Համազգային թատրոնը, ընկերոջս՝ կրտսեր Էդգար Էլբակյանի հետ փոձում էինք ոչ մի ներկայացում բաց չթողնել: Առաջին ներկայացումը, որ դիտել եմ, «Մի գդալ բարությունն» է եղել. անվանի դերասաններ էին խաղում: Որպես դերասան կայանալուս հարցում մեծ է Դավիթ Հակոբյանի, Սոս Սարգսյանի, Ընկեր Մուրադի գործոնը: Նրանց շնորհիվ հայտնվեցի Թատերական ինստիտուտում՝ Հակոբ Ղազանչյանի կուրսում, մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվեցի Սոս Սարգսյանի արվեստանոց»:

Ստեփանն առանձնացրել է «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման մեջ իր կերպարը.«Ռեժիսորը Սուրեն Շահվերդյանն է, որից շնորհակալ եմ այդ դերի համար: Հրաշալի խաղընկերներ ունեմ, գրեթե երկու տարի ներկայացումը թատրոնի խաղացանկում է եղել, եւ շուտով կրկին կխաղանք»,-եզրափակել է նա:

Արաքսյա Մելիքյանը


«Թատրոնը փոխեց իր տեղը, կամ կյանքն ավելի արժեւորեցի». Արաքսյա Մելիքյան

Արաքսյա Մելիքյանի կապը թատրոնի հետ սկսվել է դեռ ուսանողական տարիներին. «Թատերական երեկոների էի մասնակցում, երկրորդական դերեր մարմնավորում: Որպես դերասանուհի՝ Սունդուկյանի անվան թատրոնում սկսել եմ աշխատել 2004 թվականից: Մուտքս գլխավոր դերով էր. Մուրացանի «Ռուզան» դրամայում մարմնավորում էի Ռուզանին»:

Նրա փոխանցմամբ՝ իր մասնագիտական կայացման գործում մեծ է Վահե Շահվերդյանի դերը.«Նա գրեթե միշտ ինձ պատասխանատու դերեր էր վստահում, ինչպիսիք են՝ Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայում Մարգարիտի կերպարը, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» ներկայացման մեջ՝ Մարտիրիոյի, Ռոլանդ Շառոյանի «Մեր բաժին ուրախության» մեջ՝ Սաթենիկի, եւ շատ ու շատ այլ դերեր, որոնք հիմա ավելի եմ արժեւորում: Չեմ կարող չհիշել նաեւ Տիգրան Գասպարյանին, որը թատրոն մուտք գործելուս տարիներին աչքի տակ էր առել ինձ: Սկզբում էպիզոդիկ կերպարով էի հանդես գալիս, հետո վաստակեցի նաեւ գլխավոր դեր մարմնավորելու պատասխանատվությանը. Բերտոլդ Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» ներկայացման մեջ Գրուշե Վախնաձեի դերում էի»:

Կերպարներ կան, որ շատ է կարոտում.«Գիտակցում եմ, որ անվերադարձ ենք բաժանվել: Կան մի շարք դերեր էլ, որոնց կցանկանամ դիպչել, շոշափել: Ցանկություններիս ծանր բեռը ընկնում է ռուսական դրամատուրգիայի կանանց, հետո անգլիական դրամատուրգիայի հերոսների վրա»:

Դերասանուհին խոստովանել է, որ ժամանակին կարող էր ասել, որ թատրոնն իր համար կյանք է.«Ցավոք, կամ թատրոնը փոխեց իր տեղը, կա՛մ կյանքն ավելի արժեւորեցի, ուստի չեմ կարող բարձրագոչ խոսքեր ասել եւ չլինել բառերիս կրողը։ Գիտեմ մի պարզ ճշմարտություն՝ բեմը, որտեղ ես կանգնում եմ, ուղղակի հարթակ չէ, այն թռչելու տախտակամած է, երազելու վայր, այրվելու ու այրելու կիզարան։ Ու ցանկացած բիզնեսային, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում այդ հարթակին, վիրավորում է իմ պատկերացումները մեծն թատրոնի մասին»։

Խոսելով թատրոնի ներկայիս վիճակից՝ Արաքսյան ասել է.«Այս թեմային չեմ ցանկանում անդրադառնալ, որովհետեւ ինքս չունեմ լուծումներ։ Բայց թատրոնից պահանջել կոմերցիոն քայլեր ու շուկայական հարաբերություններ, անհեթեթություն է։ Գիտեմ մի բան՝ նվիրյալներին չի կարելի նեղացնել, պարզապես գնահատել է պետք հենց այսօր գործող-գոյատեւող արվեստագետներին։ Հետոյի դափնիները, եթե, իհարկե, կլինեն, նրանց այլեւս չեն ջերմացնելու, իսկ արտիստը չմեծացած երեխա է, որին հեշտ է մի բառով ե ՛ւ ոգեւորել, ե ՛ւ անվերադարձ կոտրել»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝  Ստեփան Ղամբարյանի եւ Արաքսյա Մելիքյանի ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին