×


«Հասցրի ժամանակին վերադառնալ». Վիգեն Մնոյանի ֆոտոշարքը՝ Վենետիկից եւ Բուրանոյից

Վենետիկի դիմակահանդեսն ամեն տարի իր շուրջն է համախմբում ոչ միայն շքեղ դիմակներով ու կերպարներով մարդկանց, այլեւ լուսանկարիչների աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի էլ Վիգեն Մնոյանը որոշել էր բաց չթողնել գեղեցիկ տոնը եւ նույնքան գեղեցիկ լուսանկարներով վերադառնալ Երեւան: Ծրագրերը խախտել է կորոնավիրուսի տարածումն Իտալիայի քաղաքներում, որի հետեւանքով չեղարկվել է նաեւ դիմակահանդեսը: Բայց այնտեղ եղած մեկ շաբաթվա ընթացքում լուսանկարիչը հասցրել է ինքնատիպ կադրեր ստանալ մի քանի քաղաքում եւ կղզիներում, այդ թվում՝ փառատոնային օրերի ընթացքում:


BRAVO.am-ի հետ զրույցում Վիգենը պատմել է, որ Իտալիա էր մեկնել փետրվարի 22-ին՝ հենց դիմակահանդեսը լուսանկարելու նպատակով: Իր գնալուց մի քանի օր հետո հայտարարվել է կորոնավիրուսի տարածման մասին, եւ փառատոնը պաշտոնապես փակվել է: Այդ ընթացքում հասցրել է շրջել նաեւ Միլանում, Բերգամոյում, Բուրանո կղզում եւ այլ վայրերում: Նրա ֆոտոխցիկը հանդիպել է ոչ միայն հետաքրքիր կերպարներով մարդկանց, այլեւ ֆիքսել է քաղաքային մշակույթի մաս հանդիսացող ինքնատիպ դետալները, ինչպես, օրինակ, նեղլիկ փողոցներն ու գունավոր տները, ցածրիկ շենքերը, փայտե փեղկերով պատուհանները, ջրանցքները եւ այլն:

Վիգեն Մնոյանը


«Առաջին անգամ չէի Իտալիայում, Վենետիկում նույնպես եղել էի, բայց շատ կարճ ժամանակով: Այս անգամ ուզում էի ավելի երկար մնալ, խորությամբ ծանոթանալ տեղի մշակույթին, հետաքրքիր վայրերին: Բայց համաճարակն առաջ անցավ, եւ ես, փառք Աստծո, հասցրի ժամանակին վերադառնալ: Իհարկե, Վենետիկը կարծես տիկնիկային թատրոն լինի դիմակահանդեսային օրերին, անհավատալի է ուղղակի: Այն կենդանի պատմություն է, որին մինչ օրս ոչ ոք ձեռք չի տվել. նույնությամբ պահպանվում է: Իտալիան էլ, իհարկե, հրաշալի երկիր է: Եվ այդ գեղեցկությունը շատ հրապուրիչ է լուսանկարիչների համար»,- նշել է Մնոյանը:


Լուսանկարիչը շատ է տպավորվել նաեւ Բուրանո կղզու գեղեցկությամբ: Ասում է` կարելի է կես ժամվա ընթացքում շրջել ողջ տարածքում, բայց հիշողություններն ու հաճելի զգացողությունները շատ երկար կուղեկցեն կղզու այցելուներին.«Նայում ես ու հասկանում, որ տեղացիները ոչ մի բանից ստեղծել են մի հրաշալի վայր` ընդամենը գեղեցիկ ներկելով բոլոր տները: Այդ ամենն այնքան ճաշակով է արված: Լեգենդներ կան, որ դա ձկնորսների կզղի է եղել, եւ բնակիչները ներկել են պատերը, որ ձկնորսները գիշերով տուն վերադառնալիս չշփոթեին իրենց տները: Բայց դա, կարծում եմ, գեղեցիկ լեգենդ է ընդամենը: Պարզապես զբոսաշրջությունը խթանելու համար է արված: Նույնը կարելի է ասել Բերգամոյի մասին, որտեղ փայտե փեղկերով պատուհանները շատ ինքնատիպ տեսք են հաղորդում քաղաքին»:


Անվերջ լուսանկարելու քաղաք՝ այսպես կարելի է բնորոշել Վենետիկը, բայց Վիգեն Մնոյանն ասում է՝ լուսանկարչի համար կարեւորն իր ընտրած թեման է, գաղափարը, եւ այդ դեպքում նույնիսկ Երեւանի 15-րդ թաղամասի միանման շենքերն էլ հետաքրքիր կդիտվեն կադրում.«Կարեւոր է, թե դու ինչ ես ուզում ստանալ այդ ֆոտոշարքով: Նույնիսկ Վենետիկի դիմակահանդեսը, որին բազմաթիվ լուսանկարիչներ են այցելում ամեն տարի, կարելի է շատ հետաքրքիր ու տարբերվող կերպով լուսանկարել, եթե նման գաղափար ունես»:


Վիգենն իր նոր ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին, այնպես որ, առաջարկում ենք դիտել լուսանկարներն ու հիանալ Իտալիայի փոքրիկ քաղաքների գեղեցկությամբ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին