«Capital Cities» խմբի մեներգիչ Սեբու Սիմոնյանը քրտնաջան աշխատում է իր առաջին անհատական ալբոմի ստեղծման վրա, որը նախատեսում է թողարկել այս տարեվերջին, սակայն մինչ այդ համացանցում արդեն հասանելի է Սերժ Թանկյանի եւ ռեփեր Միշոյի հետ համատեղ նրա նոր՝ «Introvert (Call Me Crazy)» երգը:
Billboard-ին տված հարցազրույցում Սեբուն պատմել է, որ համագործակցությունը շատ պատահական է ստացվել. Միշոն, ով վերջերս է տեղափոխվել Լոս Անջելես, Թանկյանին է ուղարկել բիթը, վերջինս էլ գրել է երկու տարբեր տեքստեր ռեփ հատվածի համար, իսկ Սեբուն ավելացրել է վոկալն ու կրկներգը:
«Ես նրանց ուղարկեցի վերջնական տարբերակը, հավանեցին: Երբ արդեն մտածում էինք անվան շուրջ, ես ուզում էի այն կոչել «Call Me Crazy»(Կոչի՛ր ինձ խենթ), բայց Միշոն նախընտրեց «Introvert»-ը. սա է հիմնական պատճառը, որ երկու տարբերակն էլ ներառեցինք»,- ասել է Սեբուն:
Միշոյի ռեփ հատվածը հայերեն է, եւ Լիբանանում ծնված երգչի՝ Սեբուի կարծիքով՝ երգի իմաստային որոշ գծեր կորում են թարգմանության արդյունքում.«Եթե տեքստը թարգմանենք անգլերեն, շատ բան կկորցնենք. ըստ էության, նա խոսում է ինտրովերտ լինելու եւ մարդկանց հետ շփումների մասին: Միշոն պոետիկ ռեփեր է. պետք է հայկական ռեփի երկրպագու լինել՝ գնահատելու այն շրջադարձերը, որ նա կատարում է հայերենում»:
Սեբուի կարծիքով՝ կորուստ չէ երգը թողարկել այն ժամանակ, երբ բնակչության մեծ մասը կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մեկուսացած է եւ ավելի ինքնամփոփ: «Ես անհամբեր եմ՝ տեսնելու՝ ինչպես մարդիկ կարձագանքեն. հնարավոր է, ֆիզիկապես մեկուսացած լինելով, նրանք այս երգն օգտագործեն որպես ստեղծված իրավիճակի «սաունդթրեք»»,- նշել է Սիմոնյանը, ով շատ խիստ է վերաբերվում սոցիալական հեռավորության պահպանմանն՝ անգամ իր սեփական ընտանիքում:
Այժմ երաժիշտն աշխատում է նոր՝ «Many Faces» ալբոմի վրա, որը դեռ ձայնագրման փուլում է: Այն ներառելու է 16 երգ, այդ թվում՝ Սիրուշոյի հետ «Have You Ever Hurt Somebody» զուգերգը: Ի դեպ, Սեբուն նշել է, որ աճեցնում է իր ապրանքային նշան դարձած մորուքը՝ հենց այդ երգի տեսահոլովակում այն սափրելուց հետո:
Երգերից շատերը կթողարկվեն մինչ ալբոմի լույս տեսնելը.«Ժամկետներն իսկապես հստակ չեն: Կան երգեր, որ կթողարկվեն առաջիկա ամիսների ընթացքում: Մենք կտեսնենք, թե որոնք են ամենալավ արձագանքները ստանում, հետո կթողարկենք ամբողջական ձայնասկավառակը»:
Ինչպես նշում է երաժիշտը, այս ալբոմի ստեղծագործությունները ժանրային առումով բազմազան կլինեն.«Նախկին բենդերը, որոնց հետ աշխատել ենք, վերջինը «Capital Cities»-ն էր, ունեին հստակ ուղղվածություն, ժանր, եւ մենք գիտեինք՝ ինչպես կարող ենք շահավետ ներկայանալ շուկայում: Հիմա ես մենակատար եմ, եւ իմ երաժշտությունը շատ տեղերում է հնչում, հատկապես այն դեպքում, երբ համագործակցում եմ տարբեր արտիստների հետ: Սիրում եմ փորձարկումներ անել, դարք հիփ-հոփ ջազ, սիրում եմ համաշխարհային երաժշտությունը, նաեւ՝ հայկականը: Հիմա համագործակցում եմ Հայաստանից երիտասարդ երգիչների հետ՝ ցույց տալու հին հայկական ժողովրդական երգը: Հաճելի է փորձարկումներ անել եւ որեւէ կանոնի չհետեւել»:
Սեբուն անդրադարձել է նաեւ «Capital Cities»-ին.«Խումբն արձակուրդ է վերցրել, հիմա երկուսս էլ կարող ենք կենտրոնանալ այն նախագծերի վրա, որոնք այսքան տարի մնացել էին դարակներում: Կարծում եմ՝ մենք կվերամիավորվենք եւ կթողարկենք մեր երրորդ ալբոմը, բայց դրա համար ժամկետային պարտավորություն չկա: Այժմ երկուսս էլ բավական զբաղված ենք մեր սեփական գործերով»,- եզրափակել է երաժիշտը:
Պատրաստեց՝ Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ billboard.com
Լուսանկարը՝ Անդրան Մանթաշյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: