×


«Եթե չեմ մահացել, ուրեմն՝ պետք է ապրեմ». Աննա Էլբակյան

Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի հիման վրա նկարահանված համանուն հեռուստադրաման, որում Երանուհուն է մարմնավորում Աննա Էլբակյանը, մեծ արձագանք գտավ դիտողների շրջանում: BRAVO.am-ի զրույցը դերասանուհու հետ իր կերպարի, արդեն սիրված աղոթքի տեսարանի, երկրում տիրող իրավաճակի եւ թոռնիկների մասին է:

«Մարդկանց մեջ մրցակցություն կա»

«Պատվի համարն» իմ եւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի առաջին համագործակցությունն էր: Տպավորված եմ իր կատարած աշխատանքով: Հրաչի հետ շատ հեշտ էր, քանի որ նկարհանման հրապարակում ուշադիր է բոլոր դետալներին: Դերասանական կազմը եւս շատ պրոֆեսիոնալ էր, անգամ փոքր թվացող դերերը մարմնավորում էին հրաշալի դերասաններ: Ի սկզբանե զգում էի, որ ստացված նախագիծ ու հետաքրքիր աշխատանք է լինելու, քանի որ շատ լավ էի ճանաչում դրամատուրգ, սցենարիստ Անահիտ Աղասարյանին: Շիրվանզադեի բարձրաձայնած թեման այսօր էլ այնքան արդիական է: Երբ հարստության չափը մեծ է, մարդուն դժվար է լինում դրանից հրաժարվելը: Այսօր էլ մարդկանց մեջ մրցակցություն կա: Մտածում են, որ դիմացինի հեռախոսն ավելի լավն է, տունն՝ ավելի մեծ, մեքենան՝ ավելի թանկարժեք:

Աննա Էլբակյանը


Զգացմունքային Երանուհին

Իմ կերպարը Շիրվանզադեի ստեղծագործության երրորդ գործողության մեջ ընդհանրապես չկա: Կարծում եմ՝ պայմանավորված է այդ ժամանակաշրջանով, երբ կնոջ գործառույթները շատ սահմանափակ են եղել: Բայց Անահիտը որոշել է շարունակել նաեւ իմ կերպարի գիծն ու ստեղծել է զգացմունքային, խոր Երանուհուն:

Աղոթելու տեսարանների մասին

Տպավորիչ է վերջին մասում աղոթքի տեսարանը: Գիտեք, մի բան է, երբ քո բառերով, քո ձեւով ես աղոթում, մեկ այլ բան է այդ աղոթքը գեղարվեստորեն, էկրանային ներկայացնելը: Երկու աղոթքներն էլ լսելի են, իհարկե: Այն աղոթքը, որ քո հոգում, քո բառերով ես անում, եւս լսելի է: Երբ կարդացի սցենարով նախատեսված աղոթքը, զգացի, որ Անահիտ Աղասարյանը խորհրդակցել է քահանաների հետ, ովքեր ավելի հստակ, համառոտ կգրեին այդ աղոթքը: Ֆիլմի այլ հատվածներում եւս եղել են աղոթքի տեսարաններ: Սցենարով գրված է եղել, որ տվյալ դրվագում պետք է աղոթք լինի, բայց գրված չի եղել, թե ինչ աղոթք. վերցրել եմ Աստվածաշնչյան հատվածներ:



Սկսել զրոյից

Զղջալու համար երբեք ուշ չէ: Քրիստոնեության մեջ միշտ կարող ես զրոյից սկսել: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ամենամահացու մեղքերի մեջ են, կարող են փրկվել, եթե զղջան, ապաշխարեն: Աստվածաշնչում շատ նման օրինակներ կան: 

«Էդգարի հետ ես անցել եմ մահվան կողքով»

Հիմա մարդիկ փորձությունների մեջ են: Առօրյայում շատ իրադարձությունների ուշադրություն չենք դարձնում, քանի որ ժամանակ չենք ունենում դրանց համար: Իսկ հիմա տանն ենք, ունենք շատ ազատ ժամանակ ու պետք է տեղին օգտագործենք: Երբ այս իրավիճակը դեռ չկար, ես վազքի մեջ էի՝ թատրոն, նկարահանման հրապարակ, անկախ ինձնից՝ պլաններ էի կազմում հաջորդ օրվա համար: Բայց, ինչպես ասում են, եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, ասա նրան քո վաղվա պլանների մասին: Հիմա մարդիկ, բուժաշխատողները պայքարում են կյանքերի համար: Տղայիս՝ Էդգարի հետ ես անցել եմ մահվան կողքով: Արթնանում էի, բայց չէի ուզում արթնանալ, շնչում էի, բայց չէի ուզում շնչել: Եկավ մի օր, երբ որոշեցի՝ պետք է ապրեմ ու ապրեցնեմ: Եթե ես չեմ մահացել, ուրեմն՝ պետք է ապրեմ:

Աննա Էլբակյանի թոռները


Թոռնիկների մասին

Աղջիկս, թոռնիկներս ամեն օր մեր տանն են. ապրում են մեր դիմացի շենքում: Թոռնիկներիս հետ զբոսնում ենք բակում՝ պահպանելով համաճարակի կանխարգելման բոլոր կանոնները: Նրանք դեռ փոքր են, բայց արդեն աղոթել գիտեն, ամեն օր աղոթում են:

Զրուցեց`Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի, Առաջին ալիքի եւ Աննա Էլբակյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին