×


Տնեցիների մեկուսացումը, մանկության Ֆիրդուսը՝ Նաիրա Մուրադյանի նկարներում ու ֆիլմում

Կարանտինային օրերը՝ տանն ինքնամեկուսացած նկարչի աչքերով: Ռեժիսոր, անիմատոր, նկարիչ-բեմադրող Նաիրա Մուրադյանի համար ոգեշնչման աղբյուր կարող են հանդիսանալ նույնիսկ տան անդամները, կենդանիներն ու առօրյա դրվագները: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրում է «Մնա տանը: #quarantine and isolation» խորագրով նկարների շարքը, որն արված է համակարգչով եւ աչքի է ընկնում ինքնատիպ ձեռագրով ու հետաքրքիր պատկերներով: Բացի նկարների այս շարքից, Նաիրան վերջերս հրապարակել է նաեւ իր անիմացիոն նոր ֆիլմը` «Ֆիրդուսը», որն առաջիկայում ցուցադրվելու է միջազգային կինոփառատոներում:


Ռեժիսորն ասում է՝ երբ զբաղված է լինում ավելի լուրջ ու բարդ գործով, ինչպես, օրինակ, ֆիլմով, միշտ ցանկություն է լինում ավելի հեշտ ու պահի տակ ստացվող մի բան անել զուգահեռ, որը վարպետության իմաստով ոչ մի շրջանակի մեջ չի դնի ստեղծագործողին.«Քանի որ ես հիմա յուղաներկով եմ նկարում իմ ֆիլմերը, դա բավական ծանր գործընթաց է` ամբողջը ձեռքով անելը: Իսկ սա թվային տեխնիկա է, շատ ավելի հեշտ է ֆոտոշոփով աշխատել: «Գարունը կգա» շարքն էլ է այդպես ստեղծվել: Սրանք ուղղակի թեմաներ են, որ այսօր կան ու հուզում են բոլորին: Ինձ էլ անտարբեր չեն թողնում, եւ շատ հեշտ է ձեռքին ազատություն տալ ու նկարել»:

Նրա խոսքով՝ կարանտինային օրերը գրեթե չի էլ զգում, քանի որ շարունակում է նախկինի նման աշխատել.«Ես երկար ու ձիգ տարիներ նստած գործ եմ անում ինքնակամ (ժպտում է,- հեղ.): Եվ հիմա այն, ինչ տեսնում եք «#Quarantine» շարքի նկարներում, պարզապես դրվագներ են տանը փակված մարդու տեսանկյունից: Ինչ տեսնում ես, դա էլ նկարում ես»:


Նաիրայից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է արդյոք, որ հետագայում այդ նկարները ցուցադրվեն մեկ այլ հարթակում՝ ֆեսյբուքյան էջից դուրս: Նա, սակայն, անկեղծացավ, որ չի ուզում դրանց գեղարվեստական արժեքը գերագնահատել, եւ դժվար թե կարանտինի ավարտից հետո ներկայացնի այլ ձեւաչափով.«Այս օրերին հետաքրքիր են, ոչ ավելին, կարծում եմ»: Անիմատորը նաեւ նշեց, որ շարունակելու է նկարների այդ շարքը, եթե նոր թեմաներ լինեն:

Ինչպես արդեն նշեցինք, Նաիրա Մուրադյանն օրերս հրապարակել է նաեւ իր անիմացիոն ֆիլմը` «Ֆիրդուսը»: «Քանի որ փառատոները հերթով չեղարկվում են, Ֆիրդուսն էլ քանդում են, նոր ֆիլմս դնում եմ առցանց»,- գրել էր նա: Մեր զրույցում անիմատորը հստակեցրեց, որ բոլոր այդ փառատոները պարզապես հետաձգվում են, եւ որոշ ժամանակ անց նրա ֆիլմն, այնուամենայնիվ, կցուցադրվի միջազգային հարթակներում: Նաիրային հարցրինք՝ իսկ խնդիր չի առաջանա, եթե ցուցադրություններից առաջ «Ֆիրդուսն» արդեն հրապարակված է առցանց տիրույթում: «Դե, ես կփակեմ խորամանկորեն»,- կեսկատակ ասաց նա:



«Իմ Երեւանի մի կտորը»՝ այսպես է նշված ֆիլմի ենթավերնագրում: Իսկ թե ինչու հենց Ֆիրդուսը, պարզվում է՝ Նաիրա Մուրադյանն իր մանկության հինգ տարիներն անցկացրել է երեւանյան հենց այդ թաղամասում: Ասում է՝ թող տարօրինակ չհնչի, բայց շատ լավ հիշում է այդ տարիների Ֆիրդուսը, եւ հենց այդ կուտակված ու բյուրեղացած հիշողություններն էլ հիմք են հանդիսացել ֆիլմի համար.«Ավելորդ բաները մոռացվել են, իսկ այն, ինչ հետաքրքիր է պատմելու համար, հիշում եմ»:

Իհարկե, 90-ական թվականներին Նաիրա Մուրադյանի մանկության Ֆիրդուսը փոխվեց, դարձավ անճանաչելի, երբ կոլորիտային ու ինքնատիպ փողոցները վերածվեցին մեծ շուկայի.«Սարսափելի էր, ես իմ փողոցը չէի ճանաչում, ոչ մի տուն չէր երեւում: Հազիվ էի գտնում մեր տունը: Իմիջիայլոց, այն կանգնած է մինչեւ հիմա: Ճիշտ է, այժմ արդեն կտուրի մասը փակ է, պատշգամբ են սարքել, քանի որ վտանգավոր էր, բայց կա: Կարծեմ մեր տնով էլ վերջանում է փողոցը, դրանից այն կողմ փոս է, շինհրապարակ»:


Նաիրան անկեղծանում է՝ շատ կուզեր, որ Ֆիրդուսի հին փողոցը մնար, քանի որ այն քաղաքին ուրիշ շունչ էր հաղորդում: Նկատում է՝ այդպիսի փողոցներ կան նաեւ Կոնդում, որոնք ընդհանուր միջավայրին նոր գույն են տալիս: Ռեժիսորի խոսքով՝ Ֆիրդուսիի բնակիչներն էլ չեն ուզում, որ իրենց սիրելի թաղամասը քանդվի.«Շատերն են դեռ ապրում այնտեղ, թեեւ հնարավորություն ունեին տեղափոխվելու: Նրանք սիրում են իրենց բակերը: Դրանք շատ տարբերվող են. փողոցի կողմից այդքան չի երեւում, բայց երբ մտնում ես բակ, այնտեղ այգիներ կան փոքրիկ: Կամ, օրինակ, տների պատուհանները դրսից ուղղանկյունաձեւ են սովորականի նման, բայց երբ տուն ես մտնում, դրանք կամարաձեւ են»:


Նաիրա Մուրադյանը հիշում է, որ ժամանակին Ֆիրդուսիում նույնիսկ ադրբեջանցիներ էին ապրում: Նա ընդգծում է՝ մարդկանց ու փողոցների նման բազմազանությունը հարստացնում է քաղաքը.«Հիշում եմ՝ մանկության տարիներին գնչուներ կային, ռուսներ, որոնք տարբերվում էին իրենց հագուստով, պահվածքով, եւ մեր ազգն էլ էր տարբերվում նրանցից, համեմատելու բան կար: Մեր կողքի հարեւանն ադրբեջանցի էր, նրա երեխաները մեր տանն էին հեռուստացույց նայում: Այդ կինը վերջերս գրել էր մեր մյուս հարեւանին, որ ուրախությամբ հետ կգային՝ կրկին այստեղ ապրելու: Այսինքն՝ այդ կապերը դեռ կան: Լավ բան կար դրա մեջ, ես սիրում եմ տարբերություններ»:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նաիրա Մուրադյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport