«Կինստագրամ» հումորային նախագծի հերոսուհիներից գլամուրային Մերիին մարմնավորում է Դիանա Տոռեսը (իրական ազգանունը՝ Օրդուխանյան): Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ կերպարի հետ շատ նմանություններ ունի, սակայն մի հարցում տարբերվում են:
«Մերին խնամված, գեղեցիկ, շիկահեր, գլամուրային մի աղջիկ է, ով չափազանց փողամոլ է: Ես էլ եմ սիրում լինել գեղեցիկ ու խնամված, սակայն ընդհանրապես փողամոլ չեմ»,-նշել է Դիանան:
Դիանա Տոռեսը
«Կինստագրամ»-ում դերը նրա համար դեբյուտային է.«Զանգ ստացա ռեժիսորի օգնականից, ով հրավիրեց փորձնական նկարահանման, եւ քանի որ ամբողջովին համապատասխանում է տվյալ կերպարին, հենց ինձ էլ ընտրեցին»:
Գործընկերների մասին Դիանան հիացմունքով է խոսում.«Անձնակազմի հետ հարաբերություններս շատ ջերմ են: Ոմանց ճանաչել եմ մինչ այս նախագիծը, շատերի հետ էլ նոր եմ ծանոթացել եւ հասցրել ընկերանալ»:
Քրիստինա Եղոյանը եւ Դիանա Տոռեսը
Խոստովանել է, որ նկարահանման հրապարակում դժվարությունները քիչ չեն. «Հատկապես իմ կերպարի գլխին ինչ ասես՝ գալիս է. գլխիս ջուր են լցնում, գնդակով խփում են եւ վրաս սուրճ թափում: Չդադարող անձրեւի պատճառով վերջերս ստիպված էինք իմ տեսարանը նկարահանել անձրեւի տակ, եւ ես սաստիկ մրսել էի: Այնուամենայնիվ, հաղթահարում եմ փորձությունները, քանի որ շատ եմ սիրում աշխատանքս եւ հաճույքով եմ գնում նկարահանման»:
Սոցցանցերում մեկնաբանություններին վերաբերմունքը փոխել է.«Տվյալ կերպարին հենց համարձակ արտաքին է պետք: Սկզբում մեկնաբանություններից շատ էի սրտնեղում, տխրում, բայց ժամանակի ընթացքում սովորեցի եւ սկսեցի թեթեւ նայել այդ ամենին: Այսօր շատերն ասում են, որ լավ եմ կերտում կերպարս, ես էլ ոգեւորվում եւ ուրախանում եմ»:
Դիանա Տոռեսը
Դիանան նշել է, որ շարունակում են նկարահանել սիթքոմի նոր սերիաները, եւ այդ առումով հայտնի վիրուսի տարածումն իր առօրյան այդքան էլ չի փոխել.«Բայց ինձ շատ է մտահոգում այս իրավիճակը: Հուսով եմ, որ հնարավորինս շուտ կավարտվի այս ամենը, եւ բոլորս կվերադառնանք մեր բնականոն կյանքին»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դիանա Տոռեսի արխիվից
Գլխավոր լուսանկարը` Tert.am Life-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: