×


Ինչու են ատում ինքնամեկուսացած աստղերին

Կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված պանդեմիայից հետո մոլորակի մշակութային կյանքը կարծես կանգ է առել. ֆիլմերի ու սերիալների նկարահանումները հետաձգվել են, երաժշտական փառատոներն ու հյուրախաղերը՝ չեղարկվել, նորաձեւության ցուցադրությունները հնարավոր են միայն սեփական հանդերձասենյակում, իսկ ամբողջ սոցիալական կյանքը տեղափոխվել է առցանց հարթակ: Կինոաստղերը, երաժիշտներն ու մյուս արտիստները մնացել են առանց նախատեսված աշխատանքի եւ մեկուսացել են իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների հետ: Միաժամանակ նրանք ամբողջովին չեն անհետացել տեսադաշտից՝ շարունակելով շփվել երկրպագուների հետ սոցցանցերի միջոցով: Ինչ-որ մեկը հրապարակում է զվարճալի տեսանյութեր, մեկ ուրիշն առցանց համերգներ է կազմակերպոմ, մյուսներն էլ կիսվում են մտքերով ու մտահոգություններով՝ կապված աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Վերջինի հետ կապված արձագանքներն ավելի ագրեսիվ են դարձել այս օրերին: Lenta.ru-ն պատմում է, թե ինչ է տեղի ունենում աստղերի կյանքում, եւ թե ինչու դա շատերին դուր չի գալիս:

«Աստղերն այնպիսին են, ինչպիսին մենք»

Այսօր, երբ պապարացիները նստած են տանը, աստղերը ստիպված են սոցցանցերի եւ տնային տեսանյութերի օգնությամբ անձամբ հանրությանը ցույց տալ, որ իրենք «բոլորի նման են»: Համընդհանուր մեկուսացման պայմաններում նրանք ավելի մեծ ուշադրության են արժանանում. չէ՞ որ նրանց զվարճալի գրառումներն ու ուղիղ եթերները շատ ավելի գրավիչ են, քան, օրինակ, մահվան դեպքերի աճի, մարդաշատ հիվանդանոցների ու տնտեսական ճգնաժամի մասին լուրերը կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ:

Իհարկե, դա հայտնիների մոտ ոչ միշտ է ստացվում: Մարդիկ, որոնք այս օրերին կտրված են շրջապատող աշխարհից, աշխատանքից ու միմյանց հետ կենդանի շփումից, սկսել են ավելի քննադատորեն ընդունել այն, ինչով կիսվում են ձանձրացող աստղերն իրենց հետ: Եվ երբ նրանք հորդորում են երկրպագուներին մեկուսանալ` նկարահանելով տեսաուղերձներ այնպիսի ընկերական ու անկեղծ արտահայտություններով, ինչպես, օրինակ, «մենք բոլորս նույն նավի մեջ ենք»` միաժամանակ իրենց հետեւում ցույց տալով բազմահարկ առանձնատների շքեղ ինտերիերը, մարդիկ, որ փակված են ավելի համեստ ու փոքր տարածքներում, այդ ամենը դիտում են մռայլ ցինիզմով:

Գալ Գադոտը


Իսրայելացի հայտնի դերասանուհի Գալ Գադոտն, ամենայն հավանականությամբ, հեգնանք չի տեսել նրանում, որ համախմբել է մի շարք հայտնի արտիստների՝ միասին կատարելու Ջոն Լենոնի «Imagine» երգը.«Այս ամենում մենք միասին ենք, մենք կհաղթահարենք սա: Եկեք պատկերացնենք դա միասին»՝ տեսանյութին կից գրել է նա: Միայն թե մարդիկ մեկնաբանություններում անմիջապես նկատել են, թե ինչպիսի շքեղ պայմաններում են աստղերը երգում «ունեցվածքից, ագահությունից ու սովից զերծ աշխարհի» մասին: Օգտատերերը նույնիսկ հրապարակել են Գադոտի տեսանյութի վերափոխված տարբերակը, որտեղ ամեն արտիստի կատարման ժամանակ տեղեկություն է հայտնվում նրա ֆինանսական կարողության մասին:


Ստուգեք նկուղը

Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի վերջին հրապարակումներից մեկն էլ, օրինակ, ինտերնետ-օգտատերերին հիշեցրել է այս տարի չորս «Օսկար» մրցանակի արժանացած «Մակաբույծները» ֆիլմի մասին: Երգչուհին գրել է, որ չնայած ռեստորաններն ու ժամանցի մյուս վայրերը փակ են, իր ընտանիքի անդամները կարողանում են իրենք իրենց զվարճացնել՝ ցուցադրելով, թե ինչպես են ժամանակ անցկացնում իրենց առանձնատան կանաչապատ այգում` մեծ լողավազանով, գիրոսկուտերով ու զովացուցիչ ըմպելիքներով: Տեսանյութի մեկնաբանություններում շատերը հետաքրքրվել են Լոպեսից՝ արդյոք նրանց ընտանիքը չի փնտրում արտ-թերապեւտ, անգլերենի ուսուցչուհի, անձնական վարորդ կամ տնային տնտեսուհի, ինչպես նաեւ խորհուրդ են տվել ստուգել տան նկուղը:

«Մեծն հավասարեցնողը»

Ատելության խոսքի գլխավոր հասցեատերը ոչ միայն ինտերնետ-օգտատերերի, այլեւ արեւմտյան մամուլի համար, հավանաբար, դարձավ երգչուհի Մադոննան: Նա որոշել էր կարանտինային տեսաօրագրեր վարել, որտեղ կորոնավիրուսը համարել էր «մեծն հավասարեցնող»: Փոփ-աստղը կարծում է, որ պանդեմիան մոտեցրել է բոլոր խավերի ներկայացուցիչներին՝ դա համարելով միաժամանակ ե՛ւ հիանալի, ե՛ւ սարսափելի երեւույթ:

«COVID-19-ը չի հարցնում, թե որքան հարուստ ես դու, որքան հանրաճանաչ, որքան զվարճալի ես կամ խելացի, որտեղ ես դու ապրում, քանի տարեկան ես կամ ինչպիսի պատմություններ կարող ես պատմել: Նա մեծն հավասարեցնողն է: Եվ այն, ինչը դարձնում է նրան այդքան սարսափելի, դարձնում է նաեւ այդքան մեծ: Սարսափելի է, որ այն հավասարեցրել է մեզ շատ հարցերում: Հիանալի է, որ այն հավասարեցրել է մեզ շատ հարցերում»,- ասել է երգչուհին:

61-ամյա Մադոննան հավելել է, որ բոլորս գտնվում ենք նույն նավում.«Եվ եթե նավը խորտակվի, մենք կխեղդվենք միասին»: Այս ամենը նա նկարահանել է մերկ՝ վարդի թերթիկներով պատված լոգարանում: Մեկնաբանություններում շատերը նկատել են, որ կորոնավիրուսը ոչ մի հարցում էլ չի հավասարեցրել մարդկանց, եւ անձնական օգնականներով շրջապատված հսկայական առանձնատունը, որտեղ մեկուսացել է Մադոննան ու նկարահանել իր տեսաուղերձը, լավագույնս ապացուցում են այդ փաստը: Ավելի ուշ երգչուհին հեռացրել է տեսանյութն իր բոլոր էջերից, բայց այնուհետեւ հրապարակել նորերը, որտեղ ցուցադրել է իր սեփական տնային կլինիկան՝ ֆուտուրիստական սարքավորումներով:



Հայտնի աստղերի փորձերը՝ համեմատվել իրենց երկրպագուների հետ ճգնաժամի պայմաններում, է՛լ ավելի են բացահայտում այն հսկա անդունդը, որ կա սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչների միջեւ: Նրանց մի մասն առանց մեծ կորուստների կարող է հաղթահարել մահացու վիրուսի համաճարակն ու դրա ֆինանսական հետեւանքները, իսկ մյուսների համար զգալի են նույնիսկ չնչին անհարմարությունները: Այնուամենայնիվ, պետք է նշել նաեւ, որ այդ աստղերից շատերը մեծ գումարներ են նվիրաբերում վիրուսի տարածման դեմ պայքարին օգնելու համար: Նույն ինքը՝ Մադոննան, մեկ միլիոն դոլար է փոխանցել «Բիլ եւ Մելինդա Գեյթսերի» հիմնադրամին՝ վիրուսի դեմ պատվաստանյութ գտնելու համար: Բայց չնայած բարձրագոչ հայտարարություններին՝ հայտնիներն ու նրանց երկրպագուները համաճարակի հետեւանքները հաղթահարելու են տարբեր նավերում:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Աղբյուրը՝ Lenta.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW