×


«Առաջին երկու օրը շոկային էր, հետո համակերպվեցի». Ժաննա Վելիցյան

Ժաննա Վելիցյանը խստորեն հետեւում է մեկուսացման հորդորներին եւ տնից դուրս է գալիս միայն անհրաժեշտության դեպքում: «Սիրուն Սոնա» սերիալում Մարիամի դերակատարի հետ զրուցել ենք ֆրանսիահայ ռեժիսորի հետ այս օրերին առցանց համագործակցելու, հետաձգված ծրագրերի մասին, եւ ոչ միայն: Ժաննանն շենքի տանիքում սիրողական ֆոտոշարք է իրականացրել, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

«Երբ հաստատվեց, որ եւս մեկ ամսով երկարաձգվում է կարանտինային ռեժիմը, առաջին երկու օրը շոկային էր, հետո համակերպվեցի: Առհասարակ մարդը շատ արագ է համակերպվում կեցության փոփոխություններին, որքան էլ անհնարին կամ բարդ թվան դրանք: Տանը մնալու կոչերին հետեւում եմ ամբողջապես: Օրերով անգամ մաքուր օդ չեմ շնչում, արեւի երես չեմ տեսնում: Տնից դուրս եմ գալիս միայն նկարահանման գնալու նպատակով եւ կենսական անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու համար: Այնքան կիսատ գործեր կային կուտակված, որ չեմ հասցնում ձանձրանալ»,- ասել է դերասանուհին:

Ժաննա Վելիցյանը


Չգիտի՝ որը կլինի այն առաջին բանը, որ կանի արտակարգ դրության ավարտից հետո.«Երբեմն ինձ թվում է՝ մոռացել եմ՝ ինչով էի զբաղվում մինչ այս: Երբ հիշում եմ այն ռիթմը, որով ապրել եմ, ապշում եմ, որ այդ արագության մեջ հասցրել եմ անել ամեն բան՝ սիրով ու էնտուզիազմով»:

Ժաննա Վելիցյանը


Խոսել ենք նաեւ հետաձգված գործերի մասին.«Ունեի ներկայացում, որի պրեմիերան նախատեսված էր ապրիլի սկզբին, բնականաբար, չեղարկվեց: Ֆիլմի առաջարկ, որն այդպես էլ մնաց օդում կախված: Չբացելով չակերտներն՝ ասեմ, որ Համազգային թատրոնում աշխատում ենք երկու նոր նախագծի վրա, ամեն օր ունենում ենք տեսազանգեր եւ քննարկումներ թեմայի շուրջ: Շատ շուտով արդեն կկարողանանք ներկայացնել մեր աշխատանքները: Եվս մի փոքրիկ համագործակցություն ունեցա ֆրանսիահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի հետ. կարճամետրաժ թեմատիկ ֆիլմ է, եւ պարտադիր նշվում է, որ նկարահանվել է կորոնավիրուսի օրերին: Շուտով պատրաստ կլինի»,- եզրափակել է Ժաննան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ժաննա Վելիցյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին