Լիլիթ Դավթյան` անուն, որը բոլորն անմիջապես ասոցացնում են «Ժամը» լրատվականի հետ: Այսօր լուրերի մեկնաբանը բնակվում է Լոս Անջելեսում եւ իր եթերային աշխատանքը շարունակում է այնտեղ: BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում Լիլիթը պատմել է երկրորդ ամուսնությունից հետո դստեր եւ ամուսնու հետ Միացյալ Նահանգներ տեղափոխվելու եւ նոր կյանքի մասին:
Անծանոթ չէր
Մինչեւ մշտական բնակության որոշում կայացնելս շատ անգամներ եղել էի այս երկրի տարբեր նահանգներում, խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում, ու առաջին տպավորությունն այս քաղաքի մասին կազմել եմ շատ տարիներ առաջ. ծանոթ էի դրական ու ոչ այնքան դրական կողմերին:
Շփոթության պատճառը
Աշխարհն այսօր այնքան է փոքրացել, եւ կենցաղավարության սկզբունքներն այնքան նույնական են դարձել գրեթե բոլոր երկրներում, որ համակերպվելու խնդիր ամենեւին էլ չի առաջանում, առավել եւս, երբ նախապես գիտես, թե ուր ես մեկնում ու ինչ պայմաններ են քեզ համար նախատեսված: Շփոթության պատճառ ունեցել եմ միայն առաջին երկու ամիսներին՝ ավտոմեքենա վարելու հետ կապված: Մի քիչ դժվար էր միանգամից մտապահել փողոցների անուններն ու նաեւ արագընթաց մայրուղիների անհրաժեշտ մուտքերն ու ելքերը: Բայց դա էլ հաղթահարեցի. արագ կողմնորոշվելու խնդիր արդեն չունեմ, իսկ անծանոթ հատվածներում, իհարկե, օգնության է հասնում GPS-ը, որի հաճելի ձայնով տիկինն արդեն տեւական ժամանակ ճանապարհիս ամենահավատարիմ ընկերն է, եւ որին ամեն ճամփորդության ավարտին շնորհակալություն եմ հայտնում:
Լիլիթ Դավթյանը
Առաջարկը չսպասեցրեց
Լոս Անջելես տեղափոխվելուց հետո առանց հեռուստատեսության ապրեցի ընդամենը երեք ամիս, սակայն այդքանն էլ բավական էր, որ շատ կարոտեմ այն, ինչին նվիրել եմ կյանքիս երկու տասնամյակը: Իմ սիրելի հեռուստաաշխարհ վերադառնալու առաջարկն իրեն շատ սպասել չտվեց. Լոս Անջելեսի հայերի շրջանում մեծ ճանաչում վայելող USArmenia հեռուստաընկերության ղեկավարության հրավերի արդյունքում ես դարձյալ հնարավորություն ստացա ամեն օր լինել եթերում: Այստեղ, սակայն, մի փոքր շեղվել եմ ինձ այնքան հոգեհարազատ լրատվական ոլորտից եւ յուրաքանչյուր առավոտ բարի լույս եմ մաղթում լոսանջելեսահայությանը՝ փորձելով հենց օրվա սկզբից նրանց հաղորդել դրական լիցքեր ու ընթացքը դարձնել թեթեւ ու հետաքրքիր:
«Դուստրս չի սիրում, երբ իր մասին եմ պատմում»
Դստերս կյանքում շատ հետաքրքիր զարգացումներ եղան: Թեեւ չի սիրում, երբ իր մասին պատմում եմ, կամ գովեստի խոսքեր ասում, բայց ես շատ եմ հպարտանում իրենով, եւ կարծում եմ, որ դրա առիթը կա: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նա աչքի ընկավ լրիվ օտար, ամերիկյան միջավայրում՝ որպես խելացի եւ շնորհալի աշակերտ: Ուրախ եմ, որ Հայաստանում նրա ստացած յոթամյա երաժշտական կրթության պտուղները մենք կարողացանք քաղել նաեւ այստեղ: Աղջիկս որպես մենակատար ընտրվեց ավագ դպրոցի երգչախմբային հատուկ ծրագրում, որն իրականացվեց «Los Angeles Master Chorale»-ի հետ համատեղ: Ի դեպ, այդ «Oratorio Project 2020»-ը, որտեղ դստերս կերպարի նախատիպը բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգն էր, զետեղված է նաեւ «Los Angeles Master Chorale»-ի կայքում, ինչը վկայում է միջոցառման կարեւորությունը: Բացի այդ, աղջիկս ներգրավված էր նաեւ բրոդվեյյան հայտնի «Pippin» մյուզիքլի դպրոցական ներկայացման մեջ, որի պրեմիերայից երեք օր առաջ, ցավոք, հայտարարվեց մեկուսացման մասին, բայց դեռ հույս կա, որ ամռանը գոնե մեկ ներկայացում հնարավոր կլինի ցուցադրել: Ի դեպ, այստեղի ու հայաստանյան դպրոցական միջոցառումները միմյանցից շատ են տարբերվում: Այստեղ ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացվում է ֆիլմերում. խիստ քասթինգ՝ անաչառ ու պրոֆեսիոնալ ժյուրի կողմից, հրավիրյալ մասնագետներ, որոնք երեխաներին սովորեցնում են ամեն ինչ՝ սկսած բեմական խոսքից, ձայնի մշակումից մինչեւ պար ու անգամ կրկեսային հնարքներ:
Լիլիթ Դավթյանը՝ դստեր հետ
«Իմ տունն իմ ամրոցն է»
Մինչեւ COVID-19-ի ներխուժումը, կարելի է ասել, իմ կյանքը Լոս Անջելեսում կանոնակարգվել էր այնպես, ինչպես եւ նախատեսել էի` ընտանիք, աշխատանք, ընկերներ: Հիմա օրս անցնում է՝ «Իմ տունն իմ ամրոցն է» կարգախոսով: Տնից բացակայում եմ միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ որպես օրինապաշտ քաղաքացի` հետեւում իշխանությունների կոչերին: Օրս անցնում է այնպես, ինչպես վայել է տնային տնտեսուհուն. պարզապես ամենօրյա խոհանոցային պատրաստություններին հիմա, առավել քան երբեւէ, ավելացրել եմ ստեղծագործելու ունակություններս, որպեսզի ընտանիքս նաեւ էսթետիկ հաճույք ստանա: Բացի դա, նաեւ հեռահար դասընթացների եմ մասնակցում, ինչը եւս լցնում է օրս եւ որոշ չափով բավարարվածության զգացում հաղորդում, որ տանը փակված մնալը զուր չի անցնում:
«Ապրելու ենք նոր կանոններով»
Այս օրերին, երբ աշխարհը պայքարում է նույն խնդրի դեմ, մեզնից յուրաքանչյուրի առաջնահերթությունը պետք է լինի պատասխանատվության բարձր զգացումը եւ այն գիտակցումը, որ մեր գործողություններից է նաեւ կախված, թե որքան շուտ կկարողանանք վերադառնալ բնականոն կյանքին, թեեւ, իմ ներքին համոզմամբ, այս ամենից հետո մենք շարունակելու ենք ապրել նոր կանոններով: Կարանտինային այս իրավիճակում ամենաշատը մտահոգում է, որ կորցնում ենք ժամանակը, որն այլեւս չի վերադառնալու: Տանը մնալուց, սակայն, առանձնապես չեմ ձանձրանում, որովհետեւ օրվա ընթացքում այնքան բան կա անելու, որ երբեմն չեմ էլ հասցնում վերջակետ դնել: Ի վերջո, հիանալի հնարավորություն է ընձեռվել ամբողջ օրն անցկացնել ամուսնուս եւ աղջկաս հետ: Թեեւ նրանք եւս զբաղված են, մեկը` տնից աշխատանքով, մյուսը` հեռահար ուսուցումով, բայց այն գիտակցումը, որ բոլորս տանն եք ու ապահով, յուրատեսակ հանգստություն է հաղորդում ինձ:
«Սիրում եմ, երբ ամուսինս է պատրաստում»
Համոզված եմ, որ ազատությունը լիարժեք վայելելու զգացումն արդեն բավարար է լինելու հանգիստ շունչ առնելու համար: Նախնական տվյալով՝ Լոս Անջելեսում մեկուսացման խիստ կանոնները գործելու են մինչեւ մայիսի 15-ը: Դրանից ընդամենը մի քանի օր հետո իմ ծննդյան տարեդարձն է, ուստի չի բացառվում, որ մի լավ աղմկոտ խնջույք կկազմակերպենք, եթե, իհարկե, իշխանությունները չշարունակեն արգելանք կիրառել մարդաշատ հավաքույթների վրա: Պետք է խոստովանեմ, որ այս ընթացքում անչափ կարոտել եմ հանգստյան օրերի մեր ընտանեկան արշավները դեպի թանգարաններ, կինոթատրոններ ու ժամանցի այլ վայրեր: Հիմա այդ բացը փորձում ենք լրացնել տանը` երեկոյան կինոդիտումներ, իսկ հանգստյան օրերին ավանդական ընթրիքներ կազմակերպելով: Դրանք հատկապես շատ եմ սիրում, որովհետեւ գլխավոր կերակրատեսակներն ամուսինս է պատրաստում` ինձ թողնելով միայն վայելելու գործառույթը:
Լիլիթ Դավթյանը
Փորձություններն՝ ավելի գեղեցիկի սկիզբ
Միշտ գոհացել եմ այն ամենով, ինչ ունեցել եմ, անգամ դժվարություններն ու հիասթափություններն ընդունել խոնարհաբար` համոզված լինելով, որ դրանք ուղղարկվել են ինձ՝ ավելի ուժեղ ու համարձակ դառնալու համար, եւ որ կյանքիս յուրաքանչյուր փոփոխություն կամ փորձություն էլ ավելի գեղեցիկի ու ներդաշնակի սկիզբն է: Հետեւաբար, երջանիկ եղել եմ միշտ, հիմա՝ առավել եւս:
«Հայաստանը միշտ մտքումս է»
Հայաստանը միշտ մտքումս է, սրտումս, իմ աղոթքներում: Ապրում եմ յուրաքանչյուր իրադարձությամբ ու կորոնավիրուսային այս իրավիճակում ավելի շատ անհանգստանում Հայաստանում հիվանդացության թվերով, քան՝ ԱՄՆ-ում, որտեղ իրավիճակն առավել քան մտահոգիչ է: Ամենօրյա կապը ծնողներիս հետ աննշան մեղմում է կարոտս, սակայն, ցավոք, տեխնիկան դեռեւս ի զորու չէ փոխանցել գրկախառնության վայելքը, նաեւ սիրելի բույրերը, համերն ու գույները: Ինչ վերաբերում է վերադարձին, ապա այս պահին պատասխանը միանշանակ ոչ է: Առանց այդ էլ ինձնից շատ ջանք ու ժամանակ է պահանջվել ԱՄՆ տեղափոխվելու որոշում կայանցելու համար, որտեղ կյանքի նոր փուլ եմ սկսել եւ դեռ այնքան ծրագրեր ունեմ, որոնք Աստծո օգնությամբ ու առաջնորդությամբ պետք է իրականացնեմ:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Դավթյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: