×


«Հրաչ Քեշիշյանը թույլ չտվեց». Մանե Մխոյանի թրքուհու դերն ու շյուղերը

Երիտասարդ դերասանուհի Մանե Մխոյանը այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Անատոլիական պատմություն» սերիալում Քեյթի կերպարով: Նա BRAVO.am-ի հետ ակեղծ զրույցում պատմել է ֆիլմային առաջին աշխատանքի, Արեւմտյան Հայաստան չգնալու պատճառների մասին: Մանեն նաեւ ասել է, թե ինչ նոր հմտություն է ձեռք բերել կարանտինային օրերի ընթացքում:

Առաջինը

Ճիշտ է՝ «Անատոլիական պատմությունը» եթեր գնաց «Պատվի համար» սերիալից հետո, բայց իրականում ավելի վաղ էր նկարահանվել. իմ առաջին ֆիլմային աշխատանքն էր: «Ոչինչ չի մնա» ներկայացումից մի քանի ամիս անց առաջարկ ստացա Հրաչ Քեշիշյանից ու մեծ սիրով համաձայնեցի: «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը կարդացել էի մոտ երեք տարի առաջ: Ցանկություն առաջացավ վերընթերցել, բայց Հրաչ Քեշիշյանը թույլ չտվեց: Ուղարկեց նոր՝ սցենարային տարբերակը, որն Անահիտ Աղասարյանի հետ համատեղ էին գրել: Պետք է նշեմ՝ գրքից բավական հեռացել ենք:

«Անատոլիական պատմություն» սերիալի նկարահանումներին


Անձնական ողբերգություն

Երբ ծանոթացա Քեյթի հետ, ով կիսով չափ գերմանուհի է, կիսով չափ թրքուհի, մտավախություն կար, որ հեռուստադիտողը նրան այնքան էլ չի ընդունի: Բայց Քեյթն այս դեպքում այնքան էլ վտանգավոր չէ: Նա թրքուհի է, բայց չի ուզում պատժվել այն մեղքերի համար, որոնք ինքը չէր գործել: Իսկ հայուհի Լուսինեն, ով նույնպես Դենին է սիրում, ավելի վտանգավոր է՝ հայ լինելով հանդերձ: Բարդ հոգեբանական իրավիճակ է: Ինքս թուրք տղայի հետ հարաբերություններին նախապատվություն չեմ տալիս, բայց երբեք մի ասա՝ երբեք: Պատկերացնենք, որ մենք հանկարծ իմանում ենք՝ կիսով չափ ադրբեջանցի ենք. չէ՞ որ ամբողջ կյանքում նրանց թշնամի ենք համարել: Սա անձնական ողբերգություն է: Մուսթաֆա պապիկի ճակատագիրը, որը խեղվել է 1915 թվականի ջարդերի ժամանակ, խեղում է նաեւ 2007 թվականին իր թոռնուհու ճակատագիրը:

Աղոթքը՝ տնից

Պատմությունն օդից կախված կմնա Աստված գիտի՝ մինչեւ երբ: Մենք Թուրքիայից պահանջում ենք, որ ընդունի Ցեղասպանությունը, բայց կարծում եմ՝ դա մեզ ոչինչ չի տա. մի՞թե հրապարակային ներողությունից հետո պետք է ներենք: 1915 թվականն այլեւս իմ արյան մեջ է: Այն, ինչ եղել է ավելի քան մեկ դար առաջ, հիշում ենք բոլորս, յուրաքանչյուր հայ այդ պատմության կրողն է: Մենք լսել ենք Ցեղասպանության մասին ու լուսանկարներ տեսել, բայց ոչինչ չի փոխանցի այն անմարդկային դաժանությունը, որը դրսեւորել է թուրքը: Ամեն տարի ապրիլի 24-ին աշխատում եմ եկեղեցի գնալ. պարտք եմ համարում: Այս տարի, համաճարակային իրավիճակով պայմանավորված, մեր աղոթքը տնից հղեցինք:

Մանե Մխոյանը


«Վախենում եմ»

Արեւմտյան Հայաստան գնալու առիթներ եղել են՝ չեմ գնացել: Վախենում եմ իմ սեփական հողում հյուրի կարգավիճակում լինելուց: Մի անգամ Գյումրու կողմից Անին տեսել եմ հեռադիտակով: Ինձ ու Անին ընդամենը մեկ ձոր էր բաժանում, ու երեւում էր, թե ինչպես են թուրք զբոսաշրջիկները եկեղեցի մտնում:

Մանե Մխոյանը


Կարանտինային

Հանրայինի եթերում «Առավոտ լուսո»-ն շարունակում է աշխատանքը, միայն եթերաժամն է կրճատվել: «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման պրեմիերան պետք է լիներ ապրիլի 2 ին, բայց չեղարկվեց: Գյումրու դրամատիկական թատրոնում նոր ներկայացման աշխատանքներն էլ դադարեցվեցին: Սրանք կարանտինի բացասական հետեւանքներն էին, բայց կան նաեւ դրականները: Միշտ մտածում էի, որ շյուղերով գործել չեմ կարողանա, քանի որ սովորելը երկար ժամանակ է պահանջում: Այս օրերին սովորել եմ, ու բավական լավ է ստացվում: Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել, որ սկեսուրներին ու մայրիկներին զարմացնեն: Նաեւ պատրաստում եմ: Սիրում եմ իտալական խոհանոցը, հատկապես՝ լազանյա: Ինձ մոտ լազանյան շատ համեղ է ստացվում: Սուշի նույնպես սիրում եմ, բայց չեմ պատրաստում, միայն ուտում եմ (ծիծաղում է,- հեղ.):

Զրուցեց` Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մանե Մխոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին