×


«Բուռն էտապ է». Մարինե Գյուլումյանի ընտանիքի փարիզյան կարանտինը

Ֆրանսիաբնակ երգահան, դաշնակահար Մարինե Գյուլումյանը կարանտինի այս շրջանում հասցրել է նոր մի շարք ստեղծագործություններ հեղինակել, որոնց մասին էլ պատմել է BRAVO.am-ին: «Երկար գարուն» երգը, որը ներկայացրեց Իվետա Մուկուչյանի եւ դուդուկահար Արտյոմ Մինասյանի հետ համատեղ, Մարինեն գրել է ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան ցավալի լուրը լսելուց հետո:



«Անձամբ ճանաչում էի Պատրիկ Դեւեջյանին եւ, լսելով նրա մահվան լուրը, շատ ընկճվեցի: Մեղեդին գրել եմ երեք րոպեում եւ ուղարկել դուդուկահար Արտյոմ Մինասյանին: Նա էլ շատ արագ ձայնագրեց դուդուկի հատվածը: Հենց Պատրիկի մահվան օրը մենք տեսակապի միջոցով հոլովակ պատրաստեցինք եւ տեղադրեցինք համացանցում: Մեծ արձագանք ստացավ հոլովակը: Ինձ հետ կապվեց Իվետա Մուկուչյանի պրոդյուսերն՝ առաջարկելով ավելացնել բառեր: Խոսքերը գրեց Լիլիթ Բլեյանը, կատարեց Իվետան: Հետագայում հնարավոր է՝ լինի երգի անգլերեն տարբերակը»,-ասել է նա:

Երաժշտի նշել է՝ երգը նվիրվում է ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ՝ Ցեղասպանության եւ բոլոր աղետների զոհերին.«Երգից ոգեւորված՝ մայրս ստեղծել է կտավ, որը նվիրել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Բոլոր արվեստագետներին կոչ եմ անում այս դժվարին օրերին ամբողջությամբ տրվել արվեստին եւ իրենց ստեղծագործություններով մյուսների՝ գուցե միապաղաղ կյանքը լցնել դրական հույզերով»:



Խոսելով «Հանդիպում» երգի մասին՝ Մարինեն նշել է, որ այն գրել է շուրջ 20 տարի առաջ, սակայն այսօր առաջին անգամ է ներկայացնում: Երգի խոսքերի հեղինակը քույրն է՝ Կատրին Գյուլումյանը, կիթառի հատվածները կատարոմ է ամուսինը՝ Ադրիան Տաբանուն, երգում է Էրմոնիան:

Մարինե Գյուլումյանի դուստրերը


Մարինեն եւ իր ընտանիքը, ինչպես բոլորն այս օրերին, տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում.«Մեկուսացել ենք ես, ամուսինս, բալիկներս եւ քույրս՝ իր բալիկի հետ, ով մինչ սահմանները փակվելը մեզ հյուր էր եկել: Ես ամբողջ օրը ստեղծագործում եմ: Բախտս բերել է, որ քույրս այստեղ է, քանի որ զբաղվածության պատճառով խոհանոցում լինել չեմ հասցնում: Այս կարանտինն ինձ համար ստեղծագործական բուռն էտապ է: Առաջիկայում նոր երգեր կներկայացնեմ: Երգիչներ կան, որոնց հետ համագործակցում եմ: Այս պահին նաեւ երգիչ Վարդան Բադալյանի հետ պայմանավորվածություն ունեմ»,-ասել է նա եւ հավելել. «Բալիկներս նույնպես տանը չեն ձանձարանում. հեռավար դասերով են զբաղվում, խաղում են: Վերջերս Մադլենը կատարեց Շառլ Ազնավուրի երգերից մեկը: Հոլովակը հրապարակվեց նաեւ շանսոնյեի սոցցանցային պաշտոնական էջում: Հպարտանում եմ բալիկներովս»:

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարինե Գյուլումյանի արխիվից, Արտաշես Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW