×


«Շոկի մեջ էի, լացելով տորթի մոմերն էի փչում». Անահիտ Կիրակոսյանի 30-ամյակի անակնկալները

Անահիտ Կիրակոսյանն այսօր նշում է 30-ամյակը: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ հույզերի տեղատարափը սկսվել է կեսգիշերին, երբ ընտանիքի անդամները սկսել են իրենց անակնկալները մատուցել:

«Երեխաներս եւ ամուսինս ինձ համար մեծ անակնկալ էին պատրաստել մեր տան երկրորդ հարկում: Ամեն ինչ այնպես էին կազմակերպել, որ ես նույնիսկ չկասկածեի: Իմ սիրելի գույներով փուչիկներ՝ կարմիր եւ սպիտակ, թեմատիկ տորթ, որի վրա ե՛ւ բեմ կար, ե՛ւ կիթառով աղջիկ, ե՛ւ թատրոնը խորհրդանշող դիմակներ»,-պատմել է Անահիտը:Դերասանուհին նշել է, որ երեխաներն իրենց նվերներով եւս հուզել են.«Հայկս իր գումարով գնել էր իմ ամենասիրելի շոկոլադը, փաթեթավորել էր՝ կցելով նամակ: Միջնեկ աղջիկս՝ Աննան, փորձել էր ինձ նկարել: Նաեւ հուզիչ էին Լաուրայի գրած տողերն Ինստագրամում: Երեխաներս շատ հուզիչ կենացներ ասացին, հետո կարդացի ամուսնուս գրառումը եւ ավելի հուզվեցի»:

Անահիտ Կիրակոսյանի 30-ամյակին


Անահիտի ամուսինն այս տողերով է շնորհավորել կնոջը.«Արդեն 9-րդ ծնունդդ ենք միասին նշում, մինչդեռ թվում է, թե երեկ էր, երբ 21-ամյա մի աղջնակ առանց վախվխելու, առանց երկար մտածելու այնպիսի բեռ վերցրեց իր ուսերին, որ շատ ավելի հասուն մարդիկ անգամ չէին մոտենա: Ու կարողացար ապացուցել, որ կարող ես, կարող ես մայր լինել՝ կյանք տված չլինելով, կարող ես մայր լինել, որ միայն տարիքդ երբեմն մարդկանց հուշի, որ դու չես կյանք տվել, կարող ես մայր լինել, ում հետ ավելի շատ մտերիմ են մեր դստրերը, քան՝ իմ: Կին լինել, որ ապրում է իր ամուսնով եւ ընտանիքով, ընկեր լինել, ով իմ լավագույն ընկերն է եւ իմ ընկերների լավագույն ընկերը: Հարազատ լինել ինձ ու իմ հարազատներին: Այսօր արդեն ինքդ ես հասուն տարիք մտնում, բայց նույն բարի, անմիջական բնավորությամբ, ընտանիքիդ եւ հարազատներիդ նվիրված, ամեն ցավով տառապող ու ամեն ուրախությամբ հրճվող: Արդեն ոչ թե աղջնակի, այլ հասուն կնոջ գեղեցկությամբ լցված: Շնորհավոր ծնունդդ, իմ սեր, իմ կյանք, իմ կին, իմ ընկեր, իմ հարազատ, իմ ամեն ինչ»:

Հաղորդավարուհու հաջորդ նվերն իրեն սպասել է տան առաջին հարկում.«Իմ երազանք էր ունենալ պրոֆեսիոնալ բարձրախոս՝ իր բոլոր պարագաներով, որով ես իմ երազած քավերները կանեմ: Ահավոր հուզվել էի եւ անընդհատ լացում էի: 30-ամյակը լացելու տարեդարձ էր՝ շատ անկեղծ հույզերով: Երազանք չեմ հասցրել մտապահել տորթի մոմերը փչելիս, պարզապես շոկի մեջ, լացելով փչում էի»:



Նա տարեդարձը ընտանիքի անդամների եւ մի քանի մտերիմների հետ կնշի տանը. «Ամեն ինչ ըստ օրենքի ենք անելու, պարզապես կան մարդիկ, ովքեր չէինք կարող ներկա չգտնվել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Կիրակոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW