Ապրիլի 24-ին Սենիկ Բարսեղյանը դարձել է 36 տարեկան: Կամերային թատրոնի դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ չի սրտնեղում Ցեղասպանության տարելիցի օրը ծնվելու համար. օրվա առաջին կեսին տխուր է լինում, հետո տրամադրությունը կտրուկ փոխվում է:
«Գրեթե ամեն տարի ծննդյանս օրն առավոտյան Ծիծեռնակաբերդ եմ գնում եւ այդ կերպ հարգում անմեղ զոհերի հիշատակը, իսկ երեկոյան փորձում եմ ինչ-որ կերպ նշել տարեդարձս: Քանի որ ժամանցի բոլոր վայրերն այդ օրը փակ են, հիմնականում ընկերներիս հետ իմ հայրական տում են գնում՝ Արտաշատ, իսկ նախորդ տարի Երեւանում էինք տուն վարձակալել եւ փոքրիկ հավաքույթ կազմակերպել: Ամենատպավորիչ տարեդարձս դեռ դպրոցական տարիքում է եղել. հորեղբայրս կլորիկ գումար էր նվիրել, շատ էի ոգեւորվել (ծիծաղում է,-հեղ.)»,-պատմել է դերասանը:
Սենիկ Բարսեղյանը
Հետեւելով պարետատատն ցուցումներին՝ այս տարի ոչինչ չի նախաձեռնել.«Ճիշտն ասած՝ շատ լուրջ եմ վերաբերվում տանը մնալու հորդորներին եւ այս օրերին հազվադեպ եմ տնից դուրս գալիս, այն էլ՝ սնունդ գնելու նպատակով, հյուրեր էլ առհասարակ չեմ ունենում: Տարեդարձիս օրն էլ բոլորին զգուշացրել էի, որ ոչինչ չեմ կազմակերպելու, բայց մտերիմ ընկերներիցս երեքը կեսգիշերին տորթով ու շամպայնով հյուր եկան: Ինչ խոսք, հաճելի էր. խմեցինք, զրուցեցինք ու մի քանի ուրախ ժամ անցկացրինք»:
Մեկուսացման պայմաններում ինքն իրեն նորովի է բացահայտել.«Պարզվում է՝ լավ խոհարար եմ: Մինչ այս տանը չէի սնվում, իսկ հիմա ինքս եմ պատրաստում, այդպես ե՛ւ ժամանակս է անցնում, ե՛ւ գումար եմ տնտեսում. վերջին ամիսներին չենք աշխատում, եղած գումարը խնայողաբար եմ օգտագործում (ծիծաղում է,-հեղ.): Ինքնակրթությամբ եմ զբաղվում, լեզուներ ուսումնասիրում, գրքեր կարդում: Ինչ խոսք, ձանձրալի է, բայց հաղթահարելի»:
Սենիկ Բարսեղյանը
Համավարակի նահանջելուց հետո պատրաստվում է ծնողներին այցելել. «Չվտանգելով ընտանիքիս անդամների առողջությունը՝ մոտ երկու ամիս է՝ չեմ գնացել իմ հայրական տուն: Ընկերներիս էլ եմ շատ կարոտել, հաստատ ուրախ հավաքույթ կկազմակերպենք»:
Խոսել ենք նաեւ անձնական կյանքը դասավորելու ցանկության մասին. «Կյանքումս շատ աղջիկներ են եղել, լուրջ հարաբերություններ, կարծում եմ՝ բաց եմ թողել ամուսնանալուս հնարավորությունը: Միգուցե տարիքի հետ ավելի բծախնդիր եմ դարձել, բայց վերջին տարիներին չեմ հանդիպել այն մեկին, ով ինձ կստիպի մտածել ընտանիք կազմելու մասին: Այժմ հարաբերությունների մեջ եմ, բայց չեմ կարծում, որ ամուսնությամբ կավարտվի»,- եզրափակել է դերասանը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սենիկ Բարսեղյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: