Գլենդելում բնակություն հաստատած հաղորդավար Արտավազդ Ամիրյանն արտակարգ դրության պայմաններում շարունակում է հեռուստատեսային իր աշխատանքը, սակայն ավելի շատ ժամանակ ունի ընտանիքի հետ անցկացնելու համար: Աղջիկների հարաբերությունների, Հայաստան գալու նպատակի եւ իրենց քաղաքում տիրող իրավիճակի մասին նա պատմել է BRAVO.am-ին:
Արվեստասեր Օվսաննան եւ լուրջ Էվան
Մեր երկրորդ բալիկն իր ծննդով էլ ավելի մեծ ջերմություն ու սեր բերեց մեր ընտանիք: Էվան դրական շատ մեծ էներգիա ունի, եւ երբ փաթաթվում, գրկում ես նրան, մոռանում ես օրվա բոլոր ցավերն ու դժվարությունները, եւ դրանք ավելի հաղթահարելի են դառնում: Շատ խելացի հայացք ունի՝ լուրջ եւ զննող, թվում է՝ հասկանում է ասածդ: Մեր ավագ դուստրը՝ Օվսաննան, մի քիչ ավելի խենթ արվեստագետի հատկանիշներ ունի, սիրում է երաժշտություն, նկարչություն, պար, իսկ Էվան, ինձ թվում է, լուրջ իրավաբան կամ բժիշկ է դառնալու:):
Արտավազդ Ամիրյանի ընտանիքը
Ջերմ են
Քույրերով առաջին օրվանից իրար հետ շատ լավ են եղել: Այնպես ենք արել, որ որեւէ մեկն ուշադրության պակաս չզգա: Օսին շատ-շատ է սիրում Էվային, եւ Էվան էլ՝ նրան: Մեկ-մեկ վիճում են, բայց ո՞ր մեկս չի վիճել իր եղբոր կամ քրոջ հետ: Նրանց հարաբերությունները չափազանց ջերմ են:
Երեխայի սեռը
Ինձ համար կապ չուներ երկրորդ երեխայի սեռը, կարեւորն՝ առողջ մեծանա եւ մեր ագին պիտանի լինի: Բայց ինչպես յուրաքանյուր տղամարդ, ես էլ ցանկություն ունեմ տղա ունենալ, ով կժառանգի իմ ստեղծածը: Աստծո կամոք, մենք շուտով, չգիտեմ՝ երբ, կունենանք նաեւ տղա, որովհետեւ հասկանում եմ, որ տղայի քաղցրությունն էլ այլ է: Տղայի հետ կապված որոշակի պլաններ ես կազմում, բայց ամեն դեպքում ամենակարեւորը՝ առողջ լինեն:
«Փորձում ենք պահել հայկական ոգին»
Երեխաների խնամքով կինս՝ Մարիամն է զբաղվում, բայց կարանտինի այս օրերին, աշխատելուց բացի, նրանց հետ խաղալու, զբաղվելու ժամանակ եմ ունենում: Էվայի հետ զբոսնում ենք. սիրում է դրսում քնել, Օսիի հետ ուսուցողական խաղեր ենք խաղում, նոր բաներ սովորում: Երեկոյան հեքիաթ ենք կարդում, որից հետո աղոթում եւ քնում է: Փորձում ենք փոքր տարիքից նրանց մեջ կարեւոր արժեքներ սերմանել: Հատկապես, երբ գտնվում ես օտար երկրում, ամենուր անգլերեն են խոսում, մուլտֆիլմերն անգլերեն են, փորձում ենք պահել հայկական ոգին, քանի որ միջավայրն իրենն ասում է: Վերջին շրջանում Հրանտ Թոխատյանի հեքիաթներն ենք լսում: Այստեղի հայկական համայնքը բավական մեծ է, եւ մեր Օսին համայնքում պարի է հաճախում՝ այդպես եւս պահելով հայկական ոգին:
Փոքրիկ Էվան՝ ծնողների հետ
Հայաստան այցելելու ծրագրեր
Հայաստան գալու ցանկություն ունենում եմ ամեն օր: Օրական մի քանի անգամ հաստատ մտածում ենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր հարազատների մասին: Անտանելի կարոտում եմ մեր մայրաքաղաք Երեւանը. այնպիսի մի փողոց չկա, որտեղ ես չունենամ իմ պատմությունը: Ծնողներս ամեն տարի 2-3 ամսով գալիս են, մեզ հետ են լինում, բայց մեր ցանկությունն էլ է մեծ, շատ-շատ ենք կարոտել: Մարիամն էլ իր ծնողներին եւ հարազատներին է շատ կարոտել: Մտածում եմ՝ այս տարի հնարավորություն կունենանք գալ եւ ծրագրեր իրականացնել նաեւ այդտեղ: Կարանտինի ավարտից հետո գուցե կարողանանք ինչ-որ քայլ անել: Երեխաների հետ այդքան ժամանակ օդանավի մեջ լինելը մի քիչ վախեցնող է, բայց ծրագրեր ունենք:
Մեկուսացել են
Այստեղ տնից դուրս գալիս հատուկ ձեւաթուղթ չենք լրացնում. ամեն բան մարդկանց կամքի եւ գիտակցության վրա է թողնված: Դուրս ենք գալիս անհրաժեշտության դեպքում՝ մի փոքր զբոսնելու կամ խանութ գնալու: Հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է. եթե չես ունենում, ոստիկանն օրենքի ուժով տուգանում է 1000 դոլարի չափով: Ամեն առավոտ մենք էլ հեռուստաեթերում հորդորում ենք մարդկանց մնալ տանը եւ չվտանգել հարազատների առողջությունը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արտավազդի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: