Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի եւ Հրանուշ Մնոյանի կարանտինային առօրյան բուռն է անցնում: Երրորդ տղային սպասող Հրանուշի հետ BRAVO.am-ը զրուցել է մեկուսացման դժվարությունների, ամուսնու եւ երեխաների զբաղմունքների մասին:
«Վախի կամ խուճապի զգացողություններ առհասարակ չունենք, փորձում ենք հետեւել հիգիենայի բոլոր կանոններին եւ տանը մնալու կոչերին, որպեսզի հեշտ հաղթահարենք ստեղծված իրադրությունն ու առողջ մնանք: Չեմ սրտնեղում մեկուսացումից, չնայած՝ վերջին օրերին դուրսուներս արել եմ՝ պահելով անվտանգության բոլոր ցուցումները: Իրավիճակին այլ տեսանկյունից եմ նայում. սա լավ հնարավորություն է մեր կյանքը վերանայելու համար: Ցանկացած իրավիճակում պետք է շարունակել լավ մարդ մնալ»,- ասել է նա:
Հրանուշ Մնոյանը՝ որդիների հետ
Տղաները ձանձրանալու ժամանակ չեն ունենում.«Ամբողջ օրը հեռավար ուսուցմամբ են զբաղված: Մեզ համար այս մեթոդը նորություն չէ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում են սովորում, որտեղ նախկինում էլ առցանց դասընթացներ իրականացվել են: Ճիշտ է՝ շատ են կարոտել դասընկերներին եւ ուսուցիչներին, բայց տանն էլ նրանց առօրյան հագեցած է. տնային աշխատանքներով ենք զբաղվում, բնագիտական փորձեր անում: Կարատեի, պարի են գնում. այս ոլորտներում էլ է առցանց ուսուցում կիրառվում, պարբերաբար տեսանյութեր ենք նկարում եւ ուղարկում մարզիչներին: Մեր բակում հեծանիվ են քշում, տարածքի մաքրությամբ զբաղվում: Շատ ժամանակ եմ անցկացնում տղաներիս հետ՝ նկարում ենք, ֆիլմեր դիտում, գրքեր կարդում եւ միասին վերլուծում: Քնելուց առաջ աղոթում ենք եւ Աստվածաշունչ կարդում: Մեծ տղայիս՝ Վարդանին, շատ է հետաքրքում, թե ինչպես է ստեղվծել աշխարհը, ով է Աստված, ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ»:
Գոռ Հակոբյանի ընտանիքը
Աշխատանքի բաժանում են իրականացրել.«Գոռը երբեք չի զբաղվել տնային գործերով եւ ոչ մի հարցում չի օգնել ինձ: Կարողացել եմ ժամանակս ու անելիքներս այնպես դասավորել, որ ոչ մի բան չտուժի եւ ուշադրությունից դուրս չմնա: Նա՝ դրսի, ես տան հարցերով եմ եղել: Այս օրերին էլ ինձ օգնում է այնքանով, որ կոմունալ վճարումներն է անում, գնումների գնում, նաեւ իմ խնդրանքով տղաներիս է լողացնում, ինչն իրենց պարագայում շատ ուրախ գործընթացի է վերածվում»,-պատմել է Հրանուշը:
Գոռն աշխատանքային դադար չի ունեցել.«Կապ չունի՝ իմ ամուսինը որտեղ է՝ օդում, ջրում, թե ցամաքում, միշտ աշխատում է. մեծ պայուսակ ունի, որում իր երաժշտական գործիքներն են: Հաճախ առանձնանում է իր ստուդիայում եւ շարունակում ստեղծագործել: Իմ առցանց խանութը նույնպես գործում է, չնայած՝ պատվերները մի փոքր ուշացումով կհասնեն հասցեատերերին»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: