Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն այս օրերին մեկուսացել են իրենց երկու երեխայի հետ: Արան շուտով կդառնա չորս ամսական: «Ես ու իմ փոքրիկ ընկերն արթնանում ենք, շփվում իրար հետ եւ վայելում միմյանց, մինչեւ Ռուզիկս արթնանում է, եւ սկսվում է մեր տան աշխուժությունը: Խրախճանքին է միանում նաեւ Վահագնը, սակայն դասերի ժամին ամուսինս կամացուկ հեռանում է»,- BRAVO.am-ին պատմել է Լուսինը:
Նա վստահեցնում է, որ ավագ քրոջ սերն ու հոգատարությունը եղբոր հանդեպ անսպառ է ու ջերմագին.«Ռուզիկս երբեք չի խանդել, անչափ սիրում է եւ միշտ ինձ օգնում նրան խնամելու ու պահելու հարցում: Ես լիովին վստահում եւ հույս եմ դնում նրա վրա, քանի որ շատ խնամքով ու ուշադիր է, գրկում եւ զբաղեցնում է: Հաճախ են ինձ հարցնում՝ արդյոք չեմ վախենում, որ կգցի ձեռքից: Իհարկե, վախենում եմ, բայց նաեւ վստահում եմ. կարեւորը վստահությունն է, որովհետեւ այդ դեպքում մարդ ավելի պատասխանատու է դառնում»:
Լուսին Վարդանյանը՝ որդու հետ
Դերասանուհին մոռանում է հոգնածությունը, երբ առավոտյան ժպտում է Արան. «Իհարկե, օրվա ավարտին շատ եմ հոգնում, բայց հաջորդ առավոտյան, երբ օրորոցի միջից տեսնում եմ փոքրիկ արեւի ժպիտը, աղջիկս էլ սկսում է իր էներգիայով լցնել տունը, մոռանում եմ հոգնածության մասին»:
Բեմ վերադառնալու մասին Լուսինը նշել է հետեւյալը.«Դեռ փետրվարին էի պատրաստ վերադառնալ աշխատանքի, բայց այդ ժամանակ սկսվեցին թատրոնի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտին տարածվեց համաճարակը: Աստված տա՝ շուտ նահանջի: Իհարկե, պետք է աշխատեմ. շատ եմ կարոտել աշխատանքս»:
Վահագն Խաչատրյանի եւ Լուսին Վարդանյանի երեխաները
Խոսել ենք նաեւ մեկուսացման մասին.«Կարծում եմ՝ ոչ միայն ես, այլեւ շատերը սկսեցին գնահատել ազատությունը, առողջությունը, հարազատին հաճախ տեսնելու կարեւորությունը, ընկերությունն ու կյանքն անկաշկանդ վայելելու հաճույքը: Այս օրերին գիտակցում ես, որ շատ արագ կարող է կյանքի ավարտը գալ, որ պետք է ապրել արժանապատիվ ու մաքուր, լինել բարի եւ օգնող: Պետք է միշտ Աստծուն շնորհակալ լինել ունեցածիդ համար: Ես վախենում եմ, որ բնականոն կյանքի անցնելուն պես այս մտքերը մարդիկ կմոռանան: Ինձ մխիթարում եմ նրանով, որ ամեն բան լավ է լինելու, ու զբաղվում եմ փոքրիկիս խնամքով: Իսկ այս ամենի ավարտին չգիտեմ, թե առաջինն ուր եմ գնալու, բայց այն, որ տնից դուրս եմ գալու եւ վերադառնամ միայն քնելու ժամին, հաստատ է»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լուսին Վարդանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: