×


«Քեշիշյանը համոզված էր, որ կհաղթահարեմ այս բարդ հոգեբանական կերպարը». Արմեն Մարգարյան

«Անատոլիական պատմություն» սերիալի ցուցադրությունն ավարտվել է, բայց քանի դեռ հեռուստադիտողների տպավորությունները թարմ են, զրուցել ենք փաստաբան Բլյումենտալի կերպարը մարմնավորող դերասան Արմեն Մարգարյանի հետ: Նա BRAVO.am-ին պատմել է կերպարի առանձնահատկությունների, Ցեղասպանության հետ կապված մեր ասելիքի, Արեւմտյան Հայաստան չգնալու պատճառի եւ կարանտինային առօրյայի մասին:

Ավարտվում է չավարտվելով

Մինչ նկարահանման առաջարկ ստանալը Մարկ Արենի ստեղծագործությանը ծանոթ չեմ եղել: Կարդացի հետո, եւ պատմությունն ինձ շատ հուզեց: Թվում էր՝ գրված է իրական հիմքերի վրա, այնինչ, ինչպես հետո իմացա, հորինված է: Պատմությունը շատ հիմնավոր սկզբունքներով է գրված եւ իր մեջ է կրում մեր սեւ ժամանակների արտացոլանքը: Կարծում եմ՝ թե՛ ֆիլմը, թե՛ վեպն ունեն իրենց տրամաբանական ավարտը, բայց յուրաքանչյուր ստեղծագործություն ավարտվում է չավարտվելով: Ոչինչ կյանքում չի կարող ավարտվել, քանի դեռ կան ճակատագրեր եւ ճանապարհներ, որոնցում երեւում են անցորդների հետքեր:

«Անատոլիական պատմություն» սերիալի նկարահանումներին


Ողբերգական մեկ այլ պատմություն

Բլյումենտալն ամենադրամատիկական կերպարներից է: Եթե մյուս հերոսներն իրենց անհոգ կյանքը վերաիմաստավորելու խնդրի առջեւ են կանգնած, ապա նա իրական ողբերգություն է ապրել` կորցնելով կնոջն ու միակ զավակին: Եթե Մուսթաֆան ծնողների զրկանքները չի տեսել, այլ միայն պատկերացրել է, ապա Բլյումենտալն ինքն է այդ զրկանքների զոհը դարձել եւ տառապել: Եթե փորձենք այս կերպարը բացել, նրա հետ կբացվի ողբերգական մեկ այլ պատմություն:

«Չեմ թաքցնի»

Ես ուրախ եմ, որ ինձ հենց այս կերպարը բաժին հասավ, եւ ինչպես արձագանքներից հասկացա, հավանության արժանացավ եւ մտավ հեռուստադիտողների սրտերը: Շնորհակալ եմ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին` ինձ այս կերպարում տեսնելու եւ համոզված լինելու համար, որ կհաղթահարեմ այս բարդ հոգեբանական կերպարը: Չեմ թաքցնի, որ սա այն կերպարներից է, որը հետք է թողնում դերասանի կենսագրությունում եւ հարստացնում նրա ներաշխարհը:

Արմեն Մարգարյանը՝ «Անատոլիական պատմություն» սերիալի նկարահանումներին


«Մեր սրտերի վերքերը չեն սպիանա»

Չեմ ուզում հավատալ, որ Ցեղասպանության հետ կապված մեր ասելիքն ու պահանջները երբեւէ կփոխվեն: Այս ֆիլմն էլ ասելիք էր յուրահատուկ ձեւով: Եթե նույնիսկ թուրքը ճանաչի այդ ոճիրը, միեւնույն է` մեր սրտերի վերքերը չեն սպիանա: Եվ եթե նույնիսկ ներենք նրանց, մի՞թե կմոռանանք: Մարդը պետք է հասկանա, որ այս կյանքը ժամանակավոր ճամփորդություն է, որից հետո ոչ թե աղբի, այլ սիրո ու կարեկցանքի հետքեր պետք է թողնենք: Արեւմտյան Հայաստանում երբեք չեմ եղել, քանի որ վախենում եմ գնալ ու տեսնել մեր հայրենիքը, որտեղ հյուրի կարգավիճակում ենք լինելու:

Բացասական մտքերը ցրում է

Ինչպես շատերը, մեր ընտանիքն էլ մեկուսացել է տանը: Այս ձեւով փորձում ենք դիմակայել այս դարի չարիքին: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիք, իսկ բարիքն ապտակն էր ամբողջ մարդկությանը`սթափվելու եւ կյանքը վերաիմաստավորելու համար: Ինչքան էլ մեկուսացած ենք, բայց ես մասնակցում եմ նկարահանումների: «Փափուկ խաղալիք» հումորային նախագծի ցուցադրությունը չդադարեցնելու նպատակով նկարահանվում ենք: Պետք է ասեմ, որ այդ հիանալի խմբի հետ աշխատանքային ընթացքն այս իրավիճակից կուտակված բացասական մտքերը ցրում է եւ մեծ բավականություն պարգեւում: Հուսով եմ՝ մեզ հետեւողները նույնպես դրական լիցքեր են ստանում:

Զրուցեց՝ Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Մարգարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին