×


Բացահայտելով Վարուժան Մանուկյանի եւ Նարինե Ալեքսանյանի ընտանիքը

Դերասանուհի Նարինե Ալեքսանյանը սիրով համաձայնել է լինել BRAVO.am-ի՝ ընտանիքների բացահայտման խորագրի հյուրը: Նա պատմել է իր եւ ամուսնու՝ դերասան Վարուժան Մանուկյանի՝ ուսանողական տարիներից անբաժան լինելու եւ այն մասին, որ ամռանը որդուն ճանապարհելու է բանակ:

Ամուսինս՝ Վարուժան Մանուկյանը, ծնվել է 1968թ. նոյեմբերի 28-ին՝ Երեւանում: Դերասան Արծրուն Մանուկյանի որդին է: Ավարտել է Երեւանի Գայի անվան միջնակարգ դպրոցը: Այնուհետեւ՝ Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Աշխատել է «Մետրո» թատրոնում, «Ար» հեռուստաընկերությունում, որտեղ նկարահանվել է «Ալամբուչիկ» հումորային նախագծում: Համագործակցել է Հայաստանի գրեթե բոլոր հեռուստաընկերությունների հետ:

Նարինե Ալեքսանյանը եւ Վարուժան Մանուկյանն՝ իրենց որդու հետ


Մեկ-մեկ կատակով ասում ենք՝ էլ ալիք չմնաց, որտեղ չաշխատենք: 2001 թվականից աշխատում է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Ես՝ Նարինե Ալեքսանյանս, ծնվել եմ 1967 թ. մայիսի 24-ին՝ Գյումրիում: Իմ կենսագրության մասին չեմ խոսում, քանի որ այն ուղին, որն անցել է Վարուժանը, նաեւ իմն է: Ուսանողական տարիներից մենք անբաժան ենք, մեկ-երկու նախագիծ կա, որոնց շրջանակում անհատապես ենք հանդես եկել: Ամուսնացել ենք 1993 թվականին՝ մութ ու ցուրտ տարիներին: Պետք է նշեմ, որ իմ կուրսընկերների շնորհիվ անկրկնելի հարսանիք ենք ունեցել, իսկապես անմոռանալի օր: Մինչ այսօր, երբ հավաքվում ենք, մեր միության օրն ենք վերհիշում, տեսաերիզը նայում եւ ուրախանում: Նույնիսկ կատակով ասում ենք, որ տխուր լինելիս կարելի է այդ օրվա տեսագրությունը դիտել, եւ տրամադրության կտրուկ փոփոխություն կլինի (ծիծաղում է,-հեղ.):

Նարինե Ալեքսանյանը եւ Վարուժան Մանուկյանն՝ իրենց դստեր հետ


Տղաս՝ Արծրուն Մանուկյանը, ծնվել է 1997 թվականին: Մասնագիտությամբ անիմատոր է, այժմ սովորում է Թատերական ինստիտուտում: Մինչ այդ սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայում, ավարտել է կերամիկայի բաժինը: Խեցեգործության մասնավոր դասերի է հաճախել, պատվավոր վարպետի մոտ է ուսանել: Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերով երկու փառատոնի է մասնակցել: Իր աշխատանքներն ինքն է մոնտաժում: Հունիսին բանակ է զորակոչվելու:

Աղջիկս՝ Մերի Մանուկյանը, ծնվել է 2004 թվականին: Դստերս մասին որ խոսում եմ, ինձ թվում է՝ ինքս իմ մասին եմ պատմում՝ ակտիվ է, աշխույժ, նախաձեռնող, առաջնորդին բնոշոր բնավորության գծեր ունի: Սովորում է ավագ դպրոցում, ցանկանում է տնտեսագետ դառնալ:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին