×


«Այնպես չէ, որ վիրավորվում եմ, ուղղակի ցավում եմ դրա համար». Անուշիկ Առաքելյան

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանն այս շրջանում նկարահանվում է «Փափուկ խաղալիք» հումորային սիթքոմում: Նրա հետ BRAVO.am-ի նոր զրույցը, սակայն, ոչ թե մարմնավորած կերպարի, այլ մի շարք տարբեր թեմաների շուրջ է:

- Մեր նախորդ զրուցում նշել էիք, որ Միացյալ Նահանգներ եք մեկնելու՝ 30 մասանոց սերիալի նկարահանումների: Սերիալը ե՞րբ կցուցադրվի:

- ԱՄՆ մեկնել եմ նախորդ հոկտեմբերին: Քանի որ վիզան վավերական էր մոտ մեկ ամիս, արագ նկարահանեցինք իմ հատվածները: Թե երբ կցուցադրվի, չեմ կարող ասել, հուսով եմ՝ շուտով:

- Համացանցում ակտիվ չեք, բայց երեկվա գրառումն ինձ անտարբեր շթողեց: «Ոչ ոք չի կարողացել ստորացնել դիմացինին` առանց ստորանալու եւ չի կարող երջանկացնել՝ առանց երջանկանալու». կմեկնաբանե՞ք:

- Սոցցանցային հարթակն ինձ համար մենախոսության կամ ինքնահաստատվելու տեղ չէ: Այն բացվել է ընդամենը շփան համար, ոչ՝ ապրելակերպի: Ես իմ ասելիքը պահում եմ հարցազրույցների համար եւ համացանցում առանձնակի ակտիվ չեմ: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ մտքերս արտահայտեցի ֆեյսբուքյան իմ էջում: Այդ մտքին ինձ բերեցին միանգամից մի քանի գիրք, որոնք վերջերս էի կարդացել: Մտածեցի՝ լավ կլինի՝ կիսվեմ հանրության հետ: Այսօր համացանցում ատելության մթնոլորտ է տիրում: Առանց դիմացինին ճանաչելու, մարդիկ տեղի-անտեղի վիրավորական մեկնաբանություններ, հայհոյանքներ են գրում: Գրառմանս միտքը այն էր, որ եթե դու դժբախտ ես, անհնար է՝ կարողանաս ինչ-որ մեկին երջանկացնել: Եթե որոշում ես մեկին ստորացնել` կարծելով, որ շատ ավելի լավն ես նրանից, ինքդ ես ստորանում: Բումերանգի էֆեկտը, հավատացեք, գործում է: Տալիս ենք վատ մտքեր` հետ ենք ստանում վատը, տալիս ենք լավը՝ ստանում կրկնակի լավը:

Անուշիկ Առաքելյան

ը


- Բայց երբեմն այն մարդը, որին վիրավորում են, արժանի է դրան: Համաձայն չե՞ք:

- Վիրավորել` առանց ինքդ քեզ վիրավորելու, չես կարող, ստորացնում ես` եւս ստորացվելով: Կապ չունի` դիմացդ ով է կանգնած, թեկուզ մի մարդ, ով, իրոք, արժանի է ստորացման: Անգամ երբ քո ստորացնելն օբյեկտիվ է, դու պիտի ստորանաս ինքդ՝ կարողանալու համար ասել ստորացուցիչ բառեր: Այլ կերպ ուղղակի անհնար է:

- Ձեր նշած ատելության մթնոլորտը հիմնականում ֆեյսբուքյա՞ն հարթակում է:

- Այո, հիմնականում Ֆեյսբուքում է: Ինստագրամն էլ իր նրբություններն ունի: Հետեւորդների քանակն է որոշում ամեն ինչ: Այսօր շատ ռեժիսորներ դերասաններին ընտրում են հետեւորդների քանակով: Եթե անկեղծ ես քո հագուկապի հարցում, տղաներն էլ կարոտ են բաց կրծքերի՝ հետեւորդներն ապահովված են: Եթե ավելի զուսպ ես, առօրյադ չես ներկայացնում, հետեւորդներդ ավելի քիչ են: Դժբախտությունն այն է, որ հասարակությունն ինքնահաստատվում է հետեւորդների քանակով:

Անուշիկ Առաքելյան

ը


- Երբեմն այդ հետեւորդները նույնիսկ իրական էլ չեն:

- Իհարկե, նույնիսկ ես փորձ ունեմ: Ինձ մի տղա զանգահարեց ու ասաց, որ գումարի դիմաց կապահովի հարյուր հազարավոր հետեւորդներ: Միանգամից հրաժարվեցի` չնայած որ այն ընթացքն էր, երբ էջս կորցրել էի: Նախընտրեցի բացել նորը` իրական հետեւորդներով: Ենթադրենք՝ ես ունեմ 30 000 հետեւորդ՝ 10-ի փոխարեն, դա իմ կյանքում ոչինչ չի փոխի:

- Օրերս Ձեր դստեր հետ Ինստագրամի ուղիղ եթերում էիք. կպատմե՞ք ուղիղ եթերի առաջին փորձի մասին:

- Այդ եթերից հետո շատ են գրում, որ շատ դաստիարակչական եթեր է եղել, առաջարկում են շարունակել: Նախատեսում եմ մոտ ժամանակներս նորից ուղիղ եթեր մտնել, բայց ոչ թե ճաշ եփելու կամ տորթ թխելու համար, այլ կոնկրետ թեմայով: Այս անգամ որոշել եմ հասարակության չափի զգացումից խոսել, որն արդեն ձեւական մակարդակի է: Ինձ երբեմն այնպիսի նամակներ են ուղարկում, որ մտածում եմ՝ այդ մարդկանց հոգեկան աշխարհը խանգարված է: Այնպես չէ, որ վիրավորվում եմ, ուղղակի ցավում եմ, որ այդքան անգրագետ մարդիկ կան:

- Գիտեմ, որ նաեւ Ձեր դստեր` Նանեի ծննդյան օրն էր: Տա՞նն եք նշել:

- Այո, տանն ենք նշել: Հրավիրել էր ընկերուհիներին, հրաշալի անցավ: Աղջիկս դարձավ 17 տարեկան:

Անուշիկ Առաքելյան

ը` դստեր հետ


- Մեր նախորդ զրույցում ասել էիք, որ Նանեն ապագա դիզայներ է: Չի՞ մտափոխվել:

- Հենց երեկ նրա հետ այդ թեմայով էինք խոսում: Նանեին ասել էին, թե Թատերական համալսարանում ոչինչ չեն սովորեցնում: Ես զարմանում եմ, թե ինչ հիմունքներով են մադրիկ հեղինակազրկում մեր կրթության ոլորտը: Հայաստանում տալիս են շատ որակյալ կրթություն, իսկ նրանք, ովքեր չեն ուզում սովորել, ոչինչ չեն սովորի: Ինքս Թատերական համալսարանն եմ ավարտել կարմիր դիպլոմով, ունեցել եմ հետաքրքիր, ինտելեկտուալ դասախոսներ ու, վստահ եմ, հիմա էլ այդպիսինները քիչ չեն: Աղջիկս ուզում էր Ամերիկյան համալսարան ընդունվել, բայց հետո հասկացավ` ուզում է ստեղծագործ մասնագիտություն ընտրել: Բակալավրը կսովորի դիզայնի բաժնում, իսկ հետո, եթե ցանկություն ունենա, կսովորի նաեւ Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում:

Զրուցեց` Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Անուշիկ Առաքելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին