×


«Շատ վատ վիճակում չենք». Արաքսյա Մելիքյան

Անդրանիկ Զաքարյանի եւ Արաքսյա Մելիքյանի ընտանիքում արտակարգ դրության ողջ ընթացքում խուճապային տրամադրություն չի եղել: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ առավելապես մտահոգվում է ավագ սերնդի ներկայացուցիչների համար: Կարանտինում նրանք հասցրել են նշել Անդրանիկի եւ իրենց դստեր տարեդարձերը:

«Մեզ համար նորություն չէին»

Անհրաժեշտության դեպքում դուրսուներս արել ենք, աշխատանքի գնացել, խանութ, երբեմն՝ մտերիմ ընկերներին հյուր, բայց այդ ամենն արել ենք՝ պահելով հիգիենայի բոլոր կանոնները, որոնք մեզ համար նորություն չէին: Մինչ կորոնավիրուսի տարածումն էլ, որպես երկու երեխայի մայր, խստորեն հետեւում էի տան մաքրությանը, երեխաների հաճախակի լվացվելուն: Հետեւել ենք նաեւ պարետատան ցուցումներին. դուրս գալուց համապատասխան ձեւաթուղթն էինք լրացնում, խուսափում մարդաշատ վայրերից, այժմ էլ դիմակ եւ ձեռնոց ենք կրում: Այնքան իմ ու ընտանիքիս մասին չեմ մտահոգվում, որքան մեր ավագ սերնդի ներկայացուցիչների. չեմ ուզում նրանց համար պատուհաս դառնալ: Սկեսուրիս էլ հյուր գնալիս շատ զգուշավոր ենք լինում:

Անդրանիկ Զաքարյանը եւ Արաքսյա Մելիքյանը


Սթրեսի պատճառը

Պետք չէ խուճապի մատնվել եւ թունավորել կյանքը բացասական մտքերով: Հանգիստ դատողությամբ ավելի հեշտ կհաղթահարենք ցանկացած վարակ: Ինքս ինձ համար եմ կարանտին հայտարարել. հրաժարվել եմ բոլոր տեսակի բացասական լուրեր լսելուց, ամուսնուս էլ հաճախ խնդրում եմ, որ օրվա նորություններն ինձ չհայտնի (ծիծաղում է,-հեղ.): Ինձ ողողել եմ միայն դրական լուրերով: Ցավում եմ, որ իմ ընտանիքի ամենասիրելի եղանակից չօգտվեցինք, բնության զարթոնքով չհիացանք: Այ, սա մեծ սթրես է:

Երազանք

Այս ամենը մեծ փոփոխությունների է բերելու: Միայն ցավում եմ, որ մասնագիտույթունս է երկրորդ պլան մղվել: Բեմ բարձրանալը դարձել է մի մեծ երազանք: Լավ ժամանակաշրջան է՝ վերագնահատելու մեր ունեցածը. երբ բեմում հոգնում էինք, սկսում էինք տրտնջալ, իսկ հիմա կերազենք խաղալ: Մարդկության համար սա չարիք էր, բայց մտածում եմ՝ եթե արարիչը ստեղծել է մարդուն, ապա չի թողնի, որ հենց այնպես մահանանք, գնանք, հաստատ այս դժվարությունն էլ շուտ կհաղթահարենք:

Արաքսյա Մելիքյանը՝ որդու հետ


Այս իրավիճակում ապրելու ձեւերը

Ունենք զբոսանքի ժամեր, երեխաները դուրս են գալիս, քայլում, խաղում, հեծանիվ վարում: Առաջին մեկ ամիսը շատ մնացինք տանն ու կերանք, հիմա սկսել ենք գտնել այս իրավիճակում ապրելու ձեւերը: Ընկերների հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք, ջերմ ու կարոտած զրուցում: Ֆիլմեր ենք դիտում, գրքեր կարդում. շատ վատ վիճակում չենք: Ինձ որպես խոհարար կրկին բացահայտեցի. նոր բաղադրատոմսեր եմ փորձարկում:

«Դուստրս շատ ուրախացավ»

Աղջկաս եւ ամուսնուս տարեդարձերը նշեցինք: Դստերս ծնունդը մեր ծրագրածով չանցավ, բայց կարեւորը՝ բոլորս ուրախ էինք: Հյուրեր չունեինք, ինչի համար սկզբում նեղվում էր, հետո հասկացավ, որ դա կարող է տատիկի համար վտանգավոր լինել: Իր նախընտրած նվերներն էինք պատրաստել, շատ ուրախացավ: Մեզնից հասնում է ոչ շփացած ձեւով իրականացնել մեր երեխաների փոքրիկ երազանքները: Պետք է փորձենք նրանց մանկությունը գեղեցիկ դարձնել, չգիտենք՝ կյանքը դեռ ինչ է պատրաստել նրանց համար: Ոչինչ չխանգարեց մեզ վայելել մեր ընտանեկան երջանկությունը: Դեռ իր ընկերների հետ էլ առաջիկայում հավաքույթ կկազմակերպենք:

Անդրանիկ Զաքարյանի եւ Արաքսյա Մելիքյանի դուստրը


«Չեմ փորձում միջամտել նրանց որոշումներին»

Տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքը չի պատմել: Բավական հասուն երեխա է, անհատականություն է մեծանում, իհարկե, ոչ մեծացած-փոքրացած: Հաճախ հարցնում են՝ ինչու խմբակների չեմ տանում, ամեն ինչ հիանալի է անում: Կարծում եմ՝ դեռ ժամանակը չէ. թող ամրանա, նոր տանք վարպետների ձեռքը:

Ուզում եմ՝ երեխաներս պիտանի մարդ դառնան, սիրեն իրենց մասնագիտությունը: Ես ինձ իմ գործում լավ եմ զգում, կուզեմ՝ նրանք էլ սիրեն իրենց գործը: Լավ աշխատանքը լավ եկամուտներ է բերում: Չեմ փորձում միջամտել նրանց որոշումներին, կօգնեմ հնարավոր ամեն ինչով, երբ դրա ժամանակը գա:

Տղաս արդեն 12 տարեկան է, անընդհատ բանակն է աչքիս գալիս, հաճախ ենք այդ թեմայով զրույց ունենում, տղայական հարաբերությունների մասին էլ հայրն է հետը խոսում: Փորձում ենք այնպես անել, որ տղամարդ դառնա. հերիք է՝ ինչքան խաղաց: Աղջիկս դեռ թռիվռի վիճակում է. նկարում է, սելֆիներ անում, բլոգ է վարում, դեռ մեծանալու ժամանակ կա: Թող վայելեն իրենց կյանքը, մենք էլ տեսնենք եւ ուրախանանք:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արաքսյա Մելիքյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին