Երիտասարդ դերասան Նիկոլայ Ավետիսյանը 10 տարուց ավելի է՝ խաղում է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Նա հանրությանը ավելի հայտնի դարձավ վերջերս, երբ սկսեց նկարահանվել նաեւ սերիալներում: Դերասանի հետ BRAVO.am-ի զրույցը Սոս Սարգսյանի հետ հանդիպման, թատրոնի եւ ներկայումս աշխարհում ստեղծված իրավիճակի մասին է:
- Ձեր կյանքում շրջադարձային է եղել ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Սոս Սարգսյանի հետ հանդիպումը: Կվերհիշե՞ք այդ օրը:
- Դպրոցի ավարտական դասարանում էի սովորում, պարապում էի ընդունելության քննությունների համար, բայց ոչ՝ Թատերական ինստիտուտի: Այդ տարիներին ցանկանում էի ծրագրավորող դառնալ: Ընկերս՝ Հայկը, ով Սոս Սարգսյանի թոռն է, ինձ համոզում էր, որ դերասան դառնամ, ասում էր` ներուժ ունեմ: Մի օր էլ միասին գնացինք իրենց ամառանոց, որ Սոս Սարգսյանը լսի ինձ: Կարդացի Ակսել Բակունցի ստեղծագործությունից մի հատված: Սոս Սարգսյանն ասաց՝ «Դու դերասան կդառնաս»: Այդ օրը բեկումնային եղավ իմ կյանքում: Չի եղել մի պահ, որ փոշմանեմ իմ ընտրության համար:
- Շատ շրջագայելով՝ ի՞նչ եք կարծում, Հայաստանում եւ Եվրոպայում թատրոնային մշակույթի տարբերությունները շա՞տ են:
- Կարեւոր է, որ հանդիսատեսը գրագետ լինի, քանի որ պահանջարկից են ծնվում ներկայացումները: Աշխարհում ընդունված միտում է, երբ մարդիկ պատրաստված են գնում թատրոն: Նկատի ունեմ այն ցանկությունը, որ հանդիսատեսն ուզում է ինչ-որ բան վերցնել, ստանալ ներկայացումից: Ցավոք, սա Հայաստանում չեմ տեսնում: Շատ մարդիկ պատահական են հայտնվում թատրոնում: Այսօրվա թատրոնն ավելի շատ սոցիալական է. մարդիկ գնում են` լսելու իրենց առօրյա խնդիրների մասին:
Նիկոլայ Ավետիսյանը
- Այսօր մեծ տարածում ունեն սթենդափները, Ձեզ այդ ժանրում երբեւէ կտեսնե՞նք:
- Իմ ժանրը չէ, լավ անել չեմ կարող: Երբեւէ սթենդափ չեմ անի՝ հանդիսատես ունենալու համար: Ինձ համար կարեւոր չէ, թե քանի հոգի կա դահլիճում: Կարող եմ խաղալ նույնիսկ երեք հոգու համար:
- «Պատվի համար» հեռուստադրաման, ճիշտ է, ավարտվել է, բայց արձագանքները դեռ շարունակվում են: Ձեր կերպարը` Տրդատը, Շիրվանզադեի ստեղծագործության մեջ չկա:
- Իմ կերպարը հորինել են սցենարիստ Անահիտ Աղասարյանն ու ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Քանի որ պատմությունը կարճ էր, իսկ սերիալը՝ երկար, պահանջվում էին ավելի շատ տեսարաններ: Տրդատի դժբախտությունն այն էր, որ նույնիսկ փոքրիկ որոշումները կայացնում էր ոչ թե ինքը, այլ՝ իր ծնողները: Ինչքան էլ վատ քայլեր էր անում, անկեղծորեն սիրում էր Մարգարիտին: Իր սիրո մեջ նա, իրոք, ազնիվ էր: Ուրախ եմ, որ ինձ վստահեցին Տրդատի կերպարը:
Նիկոլայ Ավետիսյանը
- «Սիրուն Սոնա» նախագծից հետո հանրությունը Ձեզ սկսեց ճանաչել: Ի՞նչ է հայտնիությունը փոխել Ձեր կյանքում:
- Գիտեմ մարդիկ, որոնց կյանքում դա շատ բան է փոխել, բայց ես այդ մարդկանցից չեմ: Իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ես շարունակում եմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ: Փորձում եմ իմ գործն անել հնարավորինս լավ եւ ազնիվ: Ինձ չի հետաքրքրում` իմ արած գործը ճանաչում կբերի, թե` ոչ: Եթե երբեւիցե ֆինանսապես անկախ լինեմ իմ մասնագիտությունից, կնկարահանվեմ միայն նախընտրելի նախագծերում:
- Ինստագրամում պասիվ եք: Ո՞րն է պատճառը:
- Ամեն ինչ չէ, որ հրապարակում եմ: Իմ առօրյան չեմ ներկայացնում, հետեւորդների քանակից էլ կախված չեմ: Ում դուր եմ գալիս, ինձ հետեւում են: Չեմ պատրաստվում գումար վճարել կեղծ հետեւորդների համար: Գիտեմ շատ քասթինգներ, երբ դերասաններին ընտրում են՝ ըստ հետեւորդների քանակի: Սա համատարած հիվանդություն է դարձել:
Նիկոլայ Ավետիսյանը
- Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում վերջին ամիսների ընթացքում:
- Պատրաստում էինք նոր ներկայացում, որը հետաձգվեց: Այս իրավիճակին ուրիշ հայացքով եմ նայում: Առաջ մարդիկ մրցավազքի մեջ էին` ես ավելի հայտնի եմ, քան դու, իմ հետեւորդներն ավելի շատ են, քոնը՝ քիչ, ես գլխավոր դեր ունեմ, դու` երկրորդական: Կորոնավիրուսն այս ամենը կոտրեց` ապացուցելով, որ բոլորս նույն իրավիճակում ենք: Ծեծված բան եմ ասելու, բայց այս իրավիճակը նաեւ շատ ժամանակ տվեց` զբաղվելու այն ամենով, ինչի համար առաջ ժամանակ չի եղել:
Զրուցեց` Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Նիկոլայ Ավետիսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: