×


Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը

BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի դեմքերի ընտանիքները: Հաղորդավարուհի Լիլի Հովերն ընտանեկան ալբոմից լուսանկարներ է տրամարդել՝ պատմելով ամենահարազատ մարդկանց մասին:

Մեր ընտանիքը միշտ առանձնացել է բազմամարդությամբ եւ իր աղմկոտ առօրյայով: Մանկությանս անճրագ տարիների հուշերը լուսավորվում են մորս դաշնամուրային կատարումներով: Տխրելու առիթներ եւս ունեցել ենք, բայց ծնողներս արել են անհնարինը՝ մեզ երջանկացնելու եւ առողջ բանականությամբ մարդ դաստիարակելու համար: Մեր մեծ ընտանիքում բոլորն են անհատականություն` իրենց դժվարին եւ լավ կողմերով: Մենք սիրում եւ փայփայում ենք միմյանց:

Հրաչյա Հովհաննիսյանը՝ թոռնիկի հետ


Հայրս Հրաչյա Հովհաննիսյանն է: Մասնագիտությամբ ճարտարապետ է, տարիներ շարունակ զբաղվում է շենքերի ու շինությունների գծագրմամբ եւ կառուցմամբ: Նա իր մասնագիտության նվիրյալն է եւ շարունակում է աշխատել նույն սիրով եւ եռանդով: Կարելի է ասել՝ գծագրումը նրա տարերքն է: Արվեստասեր է եւ հենց նա է առաջնորդել մեզ դեպի մշակույթի վեհ աշխարհ:

Լիլի Հովերը՝ մայրիկի, քույրերի եւ զարմիկների հետ


Մայրս Նունե Հովսեփյանն է: Մասնագիտությամբ դաշնակահարուհի է, կարիերան ավարտել է՝ մեզ ամբողջապես նվիրվելու համար: Մորս հետեւողականությամբ են պայմանավորված մեր կյանքի բոլոր հաջողությունները: Նա բառացիորեն ոչինչ չի խնայել մեր դաստիարակության եւ կրթության համար: Բազում փորձերից հետո, վերջապես, հաշտվեց այն մտքի հետ, որ երեք աղջիկներից եւ ոչ ոք չի ցանկանում շարունակել դաշնակահարի իր գործը: Երկար տարիներ դասախոսել է, բայց հիմա տնային տնտեսուհի է՝ օրը նվիրելով թոռնիկներին:

Լուսինե Հովհաննիսյանը՝ դստեր հետ


Ավագ քույրս Լուսինե Հովհաննիսյանն է: Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի իր սեփական բիզնեսը՝ գեղեցկության եւ խնամքի ոլորտում: Ամուսնացած է եւ ունի երկու հրաշք բալիկ: Ալեքսն ու Գայանեն մեր ընտանիքի նոր սերունդն են, որոնց հետ երբեք չես ձանձրանա: Նրանց խոր ինտելեկտուալ հարցերի տեղատարափը երբեք չի վերջանում: Շատ ջանք չենք թափել, որպեսզի նրանց սիրելի վայրը դառնա գրախանութը, իսկ սիրելի զբաղմունքը՝ կարդալը: Զարմիկիս եւ զարմուհուս հետ միշտ ունեմ մեկ խնդիր՝ գրքերս վերադարձնելու խիստ պահանջ (ծիծաղում է,-հեղ.):

Միջնեկ քույրս երգչուհի Մագան է: Նա եղել եւ շարունակում է մնալ մեր տան արտոնյալը, քանի որ արտիստուհի է: Բեմական կյանքով ապրող մարդիկ մեր ընտանիքում հատուկ տեղ ունեն եւ արժանի են ոգեւորման ու մշտական հոգածության: Մագան առանձնանում է ոչ միայն իր թավ ձայնով ու գեղեցկությամբ, այլ նաեւ ընկերասիրությամբ, բարությամբ: Նա նման է տոն մարդու, որի հետ հնչում է ուրախ եւ ապրեցնող երգ: Նրա վառ ներկայությամբ մեր ընտանիքում բոլորն իրենց երջանիկ են զգում: Մեր ընտանիքում միայն ավագ քույրս է ձեւավորել իր առանձին ընտանիքը: Մեզ այս հարցում շտապեցնող չկա, մերոնք ասում են՝ ինչքան երկար մնաք մեզ հետ, այնքան ուրախ կանցնի կյանքը: Երբ մեր հասակակիցներն ամուսնանում էին 18-20 տարեկանում, ծնողներս ստիպում էին հերթական մասնագիտությունն ուսումնասիրել եւ մտածել միայն կրթության մասին:

Մագան եւ Լիլի Հովերը


Ես 3 մասնագիտություն ունեմ՝ հաղորդավարի, վավերագրող-ռեժիսորի եւ մարքեթոլոգի: Սիրում եմ իմ մասնագիտությունները, քանի որ դրանք շատ լայն են եւ թույլ են տալիս «լողալ» ցանկացած ոլորտում եւ մտքերը թղթից վերածել գործի բարձր պրոֆեսիոնալիզմով: Երջանիկ եմ, որ կարողանում եմ վաստակել իմ մասնագիտությունների շնորհիվ: Ինձ որքան հիշում եմ` շարունակ սովորել եմ: Հիմա դադար եմ վերցրել եւ որոշել եմ փոխանցել գիտելիքներս ուրիշներին: Հունիսի 1-ից անցկացնելու եմ ոճաբանության եւ խոսքի վարպետության անհատական դասընթացներ: Դրանք, ցանկության դեպքում, կանցնեն նաեւ առցանց: Մասնագիտական շատ հարցերի եմ պատասխանում սոցցանցային իմ էջերում. որոշեցի այդ շփումը տեղափոխել ավելի պրոֆեսիոնալ հարթություն: Դեռ ամուսնացած չեմ, բայց ունեմ ընտրյալ, որի հետ կյանքը երջանիկ է:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանակրները տրամադրել է Լիլի Հովերը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին