×


«Փոշմանեցի, հետո հասկացա, որ լավ եմ արել». Նարինե Մկրտումյան

Նարինե Մկրտումյանը երկու ամիս է՝ աշխատանքի չի գնում, սակայն նշում է, որ կարանտինի ընթացքում չի հասցրել ձանձրանալ: Թե ինչպես է լցրել իր եւ ընտանիքի առօրյան, ինչու է որոշել ոճային փոփոխություն անել, նա պատմել է BRAVO.am-ին:

«Երկար մազերից հոգնեցի, խնամելն էլ էր դժվար: Դեպրեսիայի հետ չեմ կարող կապել, որովհետեւ այդպես չէ: Պարզապես փոփոխություն էի ուզում անել, կտրեցի, հետո փոշմանեցի, հետո հաճոյախոսություններ լսեցի եւ հասկացա, որ լավ եմ արել: Միեւնույն է՝ արդեն կտրել եմ, մազ է, էլի, կերկարի, մեծ խնդիր չէ: Աշխարհում այնքան խնդիրներ կան, որ մազի խնդիրը կարող է անցողիկ լինել»,-նշել է երգչուհին:

Նարինե Մկրտումյանը


Ակտիվ կենսակերպ է վարում.«Մեր տան առեւտուր անողը ես եմ: Դիմակով ու ձեռնոցներով եմ գնում խանութ: Ամուսինս ոչ մի օր տանը չի մնացել: Ժամանակն այնպես է թռել, որ չեմ էլ հասցրել ձանձրանալ: Երեխաների դասերով շատ ակտիվ օրեր ենք անցկացրել»,-ասել է նա:

Աշխատանքի պակաս չի եղել նաեւ ամառանոցում.«Քանի որ նոր ենք ձեռք բերել, շատ աշխատանք կար անելու: Այս ընթացքում սոցցանցային ուղիղ եթերում նաեւ խաղ էի սկսել՝ երաժշտական մնջախաղ, եւ բոլոր ընկերներիս հետ 14 հաղորդում իրականացրի: Հետաքրքիր էր ամեն երեկո երգերը մտածել, պատիժ մտածել, նախապես երգչի կյանքն ուսումնասիրել՝ հետաքրքիր հարցեր տալու համար: Այսօր արդեն երեկոյան ժամերին մարդիկ դրսում են լինում, նաեւ հոգնել էին ուղիղ եթերներից, հասկացա՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, էլ չարեցի»:

Այս ընթացքում երգչուհին հասցրել է երգի քավեր տարբերակ ձայնագրել. «Նաեւ նոր երգիս երաժշտությունն եմ գրել, սպասում եմ խոսքերին, որպեսզի գործիքավորումն անենք»:

Նարինե Մկրտումյանն՝ ամուսնու հետ


Նարինեի խոսքով՝ ֆինանսական խնդիրներ այս ընթացքում չեն ունեցել.«Եթե աշխատեինք, երեխաներն էլ պարապմունքների էին գնալու: Ստացվում է՝ գումար ենք խնայում: Չէինք կարող կինո, թատրոն, ռեստորան, խաղասրահներ, սրճարաններ գնալ, հագուստ գնել, մնում էր ուտելն ու ապրելը»:

Երգչուհին նշել է, որ կարանտինի հետեւանքով միայն մեկ փոփոխություն է տեղի ունեցել իրենց կյանքում.«Նախկինում ամուսինս տուն էր գալիս, ես էի գնում աշխատանքի, իրար ուշ-ուշ էինք տեսնում, հիմա երեկոները միասին ենք անցկացնում: Գուցե ես իմ ֆիլմը դիտեմ, նա՝ իր: Պարտադիր չէ, որ նստենք ու խոսենք, ասենք՝ «Օ՜, որքան եմ ես քեզ սիրում, այս 12 տարին ինչպես անցավ»: Շատ ռոմանտիկ չի մեր ընատնիքը, իրար շատ սիրում ենք, հարմարվում. եթե մեկին հարմար է, որ ժամը 19:00-ին հաց ուտենք, հետո ամեն մեկս իր ֆիլմը դիտի, այդպես էլ կանենք: Ընտանեկան ջերմություն միշտ ենք զգացել, մեկուսացումը դրան չի նպաստել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին