×


«Այստեղ քեզ ոչ ոք չի փնտրի, չի անհանգստացնի, չի էլ կորցնի». Նատալյա Եփրիկյանի գրառումը Հայաստանի մասին

«Comedy Woman» ռուսական հեռուստանախագծի ստեղծագործական պրոդյուսեր, հեղինակ եւ անդամ Նատալյա Եփրիկյանն իր ինստագրամյան էջում հետաքրքիր գրառում է կատարել Հայաստանի եւ այստեղ անցկացրած օրերի մասին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նա վերջին երկու ամիսներին մեկուսացել էր Ջերմուկում եւ սահմանների փակ լինելու պատճառով չէր կարողանում դուրս գալ երկրից: Եվ ահա, մի քանի օր է արդեն՝ Նատալյան Վրաստանում է: Ամբողջացնելով իր հայաստանյան հուշերը, զգացողությունները՝ նա փոքրիկ տեսանյութ է հրապարակել Ինստագրամի էջում՝ դրան կից գրելով.

«Հայաստան: ❤ Եղել եմ ոչ մեկ անգամ, բայց զգացել եմ առաջին անգամ: Առանց շտապելու եւ առանց հետադարձ տոմսի: Եվ որքան էլ տարօրինակ է, ոչ թե ցանկությունը, այլ հանգամանքներն ինձ նվիրեցին այս բացարձակ «հարմարավետության գոտին»: Այս երկրի գեղեցկությունը կարելի է անվերջ նկարագրել: Ինձ համար ամենակարեւորը թվաց այն, որ եթե նույնիսկ մի կողմ թողնեմ իմ ազգությունն ու կրոնը, ապա այս հողն անկեղծորեն հարազատ է եւ ընկերասեր: Կարելի է առանց լեզուն իմանալու մնալ այստեղ՝ սպասելով ավելի լավ ժամանակների: Եվ աղոթել բոլոր աստվածներին ցանկացած հարմար պահի եւ հատուկ նախատեսված վայրերում: Այդ վայրերն աշխատում են եւ կարիք չունեն ուղեցույցների ու ղեկավարների: Յուրահատուկ է ու անկրկնելի նույնիսկ Աստծո աթեիստների համար:

Այս հրաշք-երկրում քեզ ոչ ոք չի փնտրի, չի անհանգստացնի, բայց որ քիչ կարեւոր չէ՝ քեզ ոչ ոք չի էլ կորցնի: Ճգնաժամն այստեղ ոչ մի կապ չունի արտաքին աշխարհի հետ... Ընդհակառակը: Որքան թույլ է շրջապատող աշխարհը, այնքան ավելի ուժեղ է այս փոքր հրաշք-երկրի ոգին: Կարծես յուրաքանչյուրն այստեղ հանգիստ շունչ է քաշել այն մտքից, որ կարող է դժվար լինել բոլորի համար: Եվ բոլորն այստեղ որոշել են հետաքրքիր ժամանակ ապրել: Քեզ հետ, թե առանց քեզ... Բայց քեզ հետ կարծես ավելի հաճելի է: Թող ինչ-որ մեկն այս ժամանակն անվանի ճգնաժամային, բայց այն կարծես այստեղ հետաքրքիր է: Եվ ում էլ որ հանդիպել եմ այստեղ, բոլորն ինձ համոզել են, որ ես շատ երջանիկ մարդ եմ»:

Իր գրառումը Նատալյա Եփրիկյանն ավարտել է շնորհակալության խոսքերով՝ ուղղված ընկերներին, իրեն հանդիպած մարդկանց, Ջերմուկի այն հանգստյան տանը, որտեղ մեկուսացել էր, եւ վերջում ավելացրել է #хотелавармениюполучила հեշթեգը :):

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/

View this post on Instagram

A post shared by Еприкян Наталья (@eprikol) on

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին