×


«Արթուրոն հիանալի հայրական բնազդ ունի». Աննա Սարկիսովան երկրորդ անգամ կմայրանա

Ամերիկաբնակ հայ դաշնակահարուհի Աննա Սարկիսովան եւ իսպանացի երաժիշտ, հոլիվուդյան մի շարք ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ Արթուրո Սոլարը երկրորդ անգամ ծնողներ կդառնան: Աննան ընտանեկան նոր ֆոտոշարքը BRAVO.am-ին է տրամադրել՝ խոսելով գեղեցիկ կարգավիճակի, ապագա փոքրիկի եւ հետաձգված գործերի մասին:

«Հղիությանս մասին շատ պատահական եմ իմացել. մեր ընկերներից մեկի տանն էի, ամուսինս ավելի ուշ պետք է միանար մեզ, եւ հենց ներս մտավ, անմիջապես հայտնեցի, չկարողացա զսպել ինձ: Նա էլ շատ ուրախացավ: Միշտ ցանկացել ենք մեր դստերը քույր կամ եղբայր պարգեւել: Լուրը շատ ուրախալի, բայց միեւնույն ժամանակ անհավատալի էր. չէի պատկերացնում, որ այդ հրաշքը երկրորդ անգամ է մեզ հետ կատարվում»,- պատմել է երաժիշտը:

Արթուրո Սոլարը եւ Աննա Սարկիոսովան


Երեխայի սեռն ու անունը չեն բարձրաձայնում.«Միայն երկուսս գիտենք, մյուսների համար անակնկալ է լինելու: Անունը ես եմ առաջարկել. իտալական ծագում ունի, ամուսինս էլ հավանեց»:

Զույգի առաջնեկը՝ չորսամյա Սիբիլլան, անհամբերությամբ է սպասում տան նոր անդամին.«Աղջկաս վաղուց ենք նախապատրաստել եւ ամեն օր հիշեցնում ենք, որ շուտով նոր բալիկ է գալու եւ իրեն շատ նվերներ է բերելու: Կարեւոր է ճիշտ մոտեցումը. նրանք շատ փխրուն են, պետք է հասկանան, որ երբ այլ երեխա է հայտնվում, իրենց նկատմամբ սերը չի պակասում, հակառակը՝ կրկնապատկվում է»:

Աննա Սարկիոսովան՝ դստեր հետ


Փոքրիկի համար անհրաժեշտ իրերի գնումներն ավարտել են.«Իհարկե, բացթողումներ կան, որոնք կարելի է ծնվելուց հետո էլ լրացնել: Փորձառու ենք, լավ գիտենք՝ ինչն է պիտանի: Ամուսինս ինձ բոլոր հարցերում է օգնում, հատկապես՝ երեխաների խնամքի: Հիանալի հայրական բնազդ ունի, շատ հոգատար է: Կարեւոր որոշումենրը միշտ միասին ենք կայացնում: Նախկինում դայակ չենք ունեցել, միգուցե երկրորդ երեխայի ծնվելուց հետո դիմենք մեկի օգնությանը. երկուսս էլ աշխատում ենք, հնարավոր է՝ չհասցնենք: Մայրս, երբ մեր քաղաքում է լինում, օգնում է. Նյու Յորքում է ապրում եւ աշխատանքի բերումով ոչ միշտ է կարողանում մեզ մոտ գալ»,- նշել է դաշնակահարուհին:

Խոսել ենք համվարակի պատճառով չեղարկված ծրագրերից.«Կորոնովիրուսի տարածումն իր դրական եւ բացասական կողմերն ունեցավ մեզ համար: Հեռավար դասավանդելն օգնեց հղիությանս վերջին ամիսներն ավելի թեթեւ օրակարգով անցկացնել, չնայած՝ երբեք չեմ սիրել տնից աշխատել: Մայիսին մի շարք համերգներ ունեի, որոնք հետաձգվեցին: Ամուսնուս գործն էլ շատ չի տուժել. հիմնականում ֆիլմերի համար երաժշտություններ է ձայնագրել տանը կամ ստուդիայում: Այս շրջանը մեզ հնարավորություն տվեց մինչ մյուս բալիկի լույս աշխարհ գալը Սիբիլլայի հետ շատ ժամանակ անցկացնել»,- եզրափակել է Աննան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Սարկիսովան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW