×


«Նոր երգ ասա՝ լսեմ»․ «Հող», Նիքի Մինաժ, Gorillaz, Նորա Ջոնս եւ Վերա Բրեժնեւա

Ի՞նչ երգ լսել, եթե արդեն հոգնել ես սմարթֆոնիդ չթարմացվող երգացանկից կամ նոր թողարկված երգերի բազմազանության մեջ չես գտնում ճաշակիդ ու տրամադրությանդ համապատասխան որեւէ գործ: BRAVO.am-ը ներկայացնում է անցնող շաբաթվա նոր ու հետաքրքիր երգերը, տեսահոլովակները, որոնք ոճային ու ժանրային առումով տարբերվում են միմյանցից: Այդպիսով դուք կկարողանաք առանձնացնել ձեր նախընտրելի երգերն ու դրանցից մի քանիսն ավելացնել սիրելի փլեյլիսթում:

«Հող» - «արոտ կարմիր»

Հայկական «Հող» էթնիկ-էլեկտրոնային երաժշտական նախագիծը ներկայացրել է «արոտ կարմիր» ստեղծագործությունը։ «Մարդկային գոյության բանը գոյությունն ինքն է»՝ նշված է երգի մեկնաբանության հատվածում։ «Հողը» ստեղծվել է 2016 թվականին եւ հանդես է գալիս հիմնականում էլեկտրոնային ամբիենտ ժանրում՝ ստեղծելով ազգային եւ էթնիկ էլեմենտներով միաձուլված գործիքային երաժշտություն: Մինչ այժմ «Հողը» թողարկել է վեց թվային ալբոմ:



Kygo, OneRepublic - «Lose Somebody»

Նորվեգացի դիջեյ Kygo-ն եւ փոփ-ռոք ժանրում հանդես եկող ամերիկյան «OneRepublic» խումբը եւս երաժշտական նորություն ունեն։ Նրանք ներկայացրել են իրենց նոր տեսահոլովակը՝ «Lose Somebody» երգի հիման վրա, որն ընդգրկված է Kygo-ի նոր ալբոմում։ Հոլովակն, իհարկե, նկարահանված է կարանտինային պայմաններում, եւ ներկայացված կադրերն ընդամենը մոնտաժի արդյունք են։ Ոչ այնքան ուրախալի տեքստ ունեցող երգը բավական զվարճալի տեսահոլովակով է ներկայացվել, ինչի համար երկրպագուները նույնիսկ շնորհակալություն են հայտնել մեկնաբանություններում՝ «նման դժվարին ժամանակաշրջանում այդպիսի աշխատանքի համար»։



6ix9ine եւ Նիքի Մինաժ - «Trollz»

Մեկ օրում ավելի քան հիսուն միլիոն դիտում. այսպիսի արդյունք է գրանցել ռեփեր 6ix9ine-ի եւ Նիքի Մինաժի նոր տեսահոլովակը, որ թողարկվել է «Trollz» երգի հիման վրա։ Ընդ որում՝ հոլովակը նկարահանվել է ռեփերի բնակարանում, քանի որ նա այս ընթացքում գտնվում է տնային կալանքի տակ։ Հիշեցնենք, որ սա 6ix9ine-ի երկրորդ տեսահոլովակն է բանտից ազատվելուց հետո։ Նրան նախատեսված ժամանակից շուտ են բաց թողել COVID-19 համաճարակի պատճառով։ Սպասվում է, որ նա տնային կալանքից դուրս կգա օգոստոսի սկզբին։ Ռեփերը նշել է, որ «Trollz» երգից ստացված հասույթի մի մասը տրամադրելու է բարեգործական հիմնադրամի, որն օգնում է ցածր եկամուտ ունեցող բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակվել։



Gorillaz – «Friday 13th»

Ալտերնատիվ ռոք, հիփ-հոփ եւ էլեկտրոնային ժանրերում հանդես եկող «Gorillaz» բրիտանական խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել` «Friday 13th» երգի հիման վրա։ Այս անգամ խումբը համագործակցել է ռեփեր Octavian-ի հետ։ «Rolling Stone» ամսագրի փոխանցմամբ՝ հոլովակը նկարահանվել է ինքնամեկուսացման պայմաններում։ «Friday 13th»-ը դարձել է երաժիշտների «Song Machine» նախագծի չորրորդ էպիզոդը։ Մինչ այս թողարկվել էին «Aries», «Momentary Bliss» եւ «Desole» երգերի հոլովակները։



G-Eazy, Drew Love եւ JAHMED - «Love Is Gone»

ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո տեղի ունեցող իրադարձություններն ու բողոքի ցույցերը շարունակում են ոգեշնչման աղբյուր դառնալ մի շարք արտիստների համար։ Այս անգամ նոր տեսահոլովակ է ներկայացրել ռեփեր G-Eazy-ն՝ իր «Love Is Gone» երգի հիման վրա։ Ի դեպ, սա երգի նոր տարբերակն է, որ ռեփերը կատարել է Drew Love-ի եւ JAHMED-ի հետ։ «Love Is Gone»-ը թողարկվել էր դեռեւս 2017 թվականին եւ ընդգրկվել էր G-Eazy-ի «The Beautiful & Damned» ալբոմում։ «Ես այս երգը գրել եմ 2016-ի ամռանը։ Անցել է չորս տարի, բայց ռասայական խտրականությունն ու անարդարությունները շարունակում են տեղի ունենալ մեր երկրում ամեն օր։ Անհավասարության դեմ պայքարն այսօր առավել քան կարեւոր է։ Սա ինձ համար պարզապես երգ չէ, սա ուղերձ է»,- գրել է ռեփերն ինստագրամյան իր էջում։



Թեյանա Թեյլոր եւ Իման - «Wake Up Love»

Ամերիկացի պարուհի, երգչուհի եւ դերասանուհի Թեյանա Թեյլորը, որն ավելի մեծ ճանաչում էր ձեռք բերել Քանյե Ուեսթի «Fade» տեսահոլովակում նկարահանվելուց հետո, երեկ նոր հոլովակ է ներկայացրել երաժշտասերներին։ Այս դեպքում նորությունը ոչ միայն Թեյանայի «Wake Up Love» երգն է ամուսնու՝ Իմանի հետ, այլեւ երգչուհին բացահայտել է, որ հղի է երկրորդ բալիկով։ Հոլովակի ավարտին նրանց է միանում նաեւ 5-ամյա դուստրը։ Երկրպագուները մեկնաբանություններում նկատել են, որ իսկական երջանկություն է սպասվում նոր ծնվող երեխային, որն այդպիսի սիրառատ ընտանիքում պիտի մեծանա։



Նորա Ջոնս - «To Live»

Ամերիկացի ջազ-երգչուհի, դաշնակահարուհի Նորա Ջոնսի տասնմեկերորդ՝ «Pick Me Up Off the Floor» ստուդիական ալբոմն արդեն թողարկվել է եւ հասանելի է օնլայն հարթակում։ Օրերս էլ երգչուհին ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «To Live» երգի հիման վրա (այն եւս ընդգրկված է վերջին ալբոմում)։ Հոլովակը ներկայացնում է Նորային եւ նրա հետ նվագող երաժիշտներին տնային մեկուսացման պայմաններում։ Ապրել այս պահին, ազատ լինել եւ սիրել՝ սա է Նորա Ջոնսի նոր երգի գլխավոր ուղերձը։



Ջորջա Սմիթ - «Rose Rouge»

Բրիտանացի երգչուհի Ջորջա Սմիթը ներկայացրել է ֆրանսիացի երաժիշտ St. Germain-ի «Rose Rouge» երգի քավերը։ Ջազային նոր սինգլն ընդգրկվելու է սեպտեմբերին թողարկվելիք «Blue Note Re:imgained» հավաքածուում, որը բաղկացած է լինելու մի քանի քավերից ու երգերի մշակումներից։



Poppy - «All The Things She Said»

Ամերիկացի երգչուհի Poppy-ն ներկայացրել է ռուսական հանրահայտ «t.A.T.u.» խմբի «All The Things She Said» երգի քավերը՝ «Я сошла с ума» հիթի անգլալեզու տարբերակը։



Մոնատիկ եւ Վերա Բրեժնեւա - «ВЕЧЕРиНОЧКА»

Ռուսական շոու-բիզնեսում ամենահիթային ու յուրօրինակ երաժշտական նորություններից է Վերա Բրեժնեւայի եւ Մոնատիկի «ВЕЧЕРиНОЧКА» երգի տեսահոլովակը։ Երկրպագուներն արդեն հասցրել են այն որակել որպես այս ամառվա ամենաոճային հոլովակ։ Ինչ վերաբերում է երգին, հեղինակը Մոնատիկն է։ Երգիչը պատմել է, որ Բրեժնեւային առաջարկել է զուգերգով հանդես գալ նախորդ ամռանը, երբ երգչուհին ներկա է եղել ու ինքնամոռաց պարել է Յուրմալայում իր համերգի ժամանակ.«Ես հիացած էի։ Իմ գլխում արդեն հնչում էր «ВЕЧЕРиНОЧКА»-ն եւ ես արդեն տեսնում էի, թե ինչպես է Վերան ինձ հետ կատարում այն»։ Նշենք նաեւ, որ տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Բարսելոնայում՝ մինչեւ կորոնավիրուսի տարածումն ու կարանտինը։



Պատրաստեց Աստղիկ իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport