×


Սիրանուշ Լազյանը՝ Covid-19-ով վարակվելու, ընկերներից հիասթափվելու եւ փոխված երազանքի մասին

Սիրանուշ Լազյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Ինչպես ինքն է ասում՝ 30-րդ տարեդարձից հետո ամեն տարի նշում է հերթական 30-ամյակը: Թե այս հոբելյանն ինչով է առանձնացել, ինչպես է ստացվել, որ 4 տորթ է ունեցել, կորոնավիրուսից բուժվելուց հետո ում է առաջինն այցելել, նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Մեր տանն էլ ավանդույթ կա կեսգիշերին շնորհավորել միմյանց, իսկ այս տարվա տորթս եկել էր Մոսկվայից: Մինչեւ համաճարակը որոշել էի տարեդարձս տոնել Մոսկվայում՝ ամուսնուս քրոջ հետ, բայց քանի որ չկարողացանք գնալ, նրանք այսպիսի անակնկալ մատուցեցին»,-ասել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին:

Սիրանուշ Լազյանը


4 օր 4 գիշեր տեւած տարեդարձին Սիրանուշը 4 տորթի մոմեր է փչել.«Վիրուսն ամբողջությամբ իմ մաշկի վրա զգալուց հետո դուրս էի եկել մեկուսացումից եւ բոլորին տեսնելու հնարավորություն ունեի: Առաջին օրը նշել եմ եղբորս եւ մայրիկիս տանը, քանի որ այդ օրը նաեւ եղբորս տղայի տարեդարձն է, իսկ երեկոյան մտերիմ ընկերուհիս էր հյուր եկել: Նաեւ Սամվելն անակնկալ արեց. վերջապես կարողացա տեսակապով խոսել հարազատներիս հետ, ովքեր 10 տարուց ավելի է՝ ապրում են Ֆրանսիայում: Հորեղբորս առողջական խնդիրների պատճառով նրանց հետ նույնիսկ հեռախոսով չէինք կարողանում խոսել: Ինձ համար իսկապես հուզվելու առիթ էր»:

Առանձնացրել է ամուսնու նվերը.«Սամվելը գեղեցիկ ապարանջան է նվիրել՝ իմ հորոսկոպի նշանով: Հուզիչ էր, որովհետեւ կորոնավիրուսով վարակվելուց հետո պետք է պաշտպանված լինեմ ամբողջությամբ: Այն, ինչ ցանկանում եմ, ծննդյանս օրը ստանում եմ Սամվելից: Իսկ երեխաներս իրենց դրամարկղը կոտրել եւ ինձ համար մարզվելու պարագաներ էին գրել»:

Սիրանուշ Լազյանն՝ ընկերուհիների հետ


Սիրանուշը տարեդարձը նշել է նաեւ նոր 3 ընկերների հետ, որոնք կրտսեր դստեր համադասարանցիների ծնողներն են.«Այս տարվա իմ ձեռքբերումն են: Կորցրի հարազատ 3 ընկերներիս, ինչի համար ցավում եմ, բայց Աստված ինձ այնքան շատ է սիրում, որ նոր ընկերներ նվիրեց: Այս ընկերության հիմքում ազնվությունն է. մարդիկ ինձ ընդունեցին այնպիսին, ինչպիսին կամ, եւ սա հասուն տարիքում ձեռք բերած ընկերություն է: Մեր ընկերությունը կոչվում է «Վալս»՝ մեր անվան առաջին տառերով, նաեւ իմ սիրելի պարի անունն է: Նրանք ինձ հրավիրել էի շատ գեղեցիկ վայր, որտեղ հիանալի ժամանակ անցկացրինք: Ի դեպ, ընկերների «զտում» արեցի այս ընթացքում եւ հասկացա, որ պետք է ընդունեն ինձ այնպիսին, ինչպիսին կամ՝ պարզ, ազնիվ եւ անկեղծ»,-եզրափակել է նա:

Դերասանուհին ուրախ է, որ կարողացել է իր տոնական օրերն անցկացնել հարազատ մարդկանց հետ.«Շրջապատված էի նրանցով, ովքեր կարանտինից հետո իսկապես ուզում էին տեսնել ինձ, որովհետեւ կան մարդիկ, հարազատներ, որոնք վիրուսից բուժվելուց հետո նույնիսկ խուսափում են մեզ հետ շփվել, մտածում են՝ հեռախոսով խոսելը կարող է վարակիչ լինել, ինչը շատ ցավալի է: 14 օր շարունակ իմ 3 ընկերուհիները եւ իմ սանիկները գրել են ինձ, օգնել: Այս տարի «թագով» նշեցի տարեդարձս, եւ ինչպես «Վալս»-ի ընկերներս են ասում՝ ես իրենց միակ թագակիր ընկերն եմ»:

Մարինա Մնացականյանը եւ Սիրանուշ Լազյանը


Պարզվում է՝ Սիրանուշի երազանքները եւս այս տարի փոխվել են.«Ինչքան հիշում եմ ինձ, պահել եմ մի երազանք՝ վերադառնա հայրս, եւ քույրերիս ու եղբորս հետ փչենք իմ տորթի մոմերը, բայց երբեք չիրականացավ: Ամուսնանալուց հետո մտապահում էի երկու երազանք՝ իմ երեխաները բախտ ունենան տեսնել իրենց պապիկին եւ ես ունենամ առողջ ընտանիք: Այս անգամ երազանքս փոխվեց, մաղթանք է դարձել՝ առողջ եղեք եւ ընդունեք մարդկանց այնպիսին, ինչպիսին կան: Ոչ ոք ոչ մեկի հանդեպ պարտավորություններ չունի, նույնիսկ երբեմն հարազատ երեխան: Ոչ ոքից ոչինչ չեմ պահանջում եւ չեմ ստիպում, որ իմ կողքին լինեն: Այս տարի ինձ շրջապատում էին այն մարդիկ, որոնք իսկապես ցավում էին ինձ համար»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սիրանուշի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին