Այսօր «Երկաթյա լեդին» իր դռներն է վերաբացում հանրության առաջ՝ երեքուկես ամիս փակվելուց հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էյֆելյան աշտարակը երբեք այսքան երկար ժամանակով չէր փակվել:
Այս դադարը 27 միլիոն եվրոյի վնաս է հասցրել:
Փարիզի խորհրդանիշն ամեն տարի ընդունում է շուրջ 6 միլիոն զբոսաշրջիկ: Ֆրանսիայի ամենաշատ այցելու ունեցող հուշարձանը դադարել էր հյուրեր ընդունել մարտի 13-ից՝ Ֆրանսիայում մեկուսացում հայտարարելուց 4 օր առաջ, այսօր արդեն բացվում է՝ համաճարակային պայմաններին ենթարկվելով: Առաջին շաբաթվա ընթացքում վերելակները չեն գործի. մարդիկ կօգտվեն աստիճաններից, սակայն սկզբում հնարավոր կլինի բարձրանալ միայն մինչեւ երկրորդ հարկ:
Ըստ ֆրանսիական «France Inter» ռադիոկայանի կայքի՝ Էյֆելյան աշտարակի աշխատակազմը աշխատել է մեկ ամիս եւ կես՝ ապահովելու այս հատուկ համաճարակային խիստ պայմանները՝ 1300 գծանշան եւ լրացուցիչ վահանակներ, ախտահանման գործողություններ: Դիմակ դնելը պարտադիր կլինի 11 տարեկանից բարձր անձանց համար:
Այս բոլոր միջոցառումները նպատակ ունեն վերականգնել այցելուների վստահությունը: Աշտարակը գործարկող կազմակերպության ղեկավարությունը նշում է, որ օտարերկրյա զբոսաշրջիկները կազմում են այցելուների 80% -ը, ֆրանսիացիները` 20%: Առաջին հերթին իրենք ցանկանում են հետ բերել տեղական հաճախորդին, որի համար կառաջարկեն հատուկ զվարճալի եւ նաեւ մանկական ծրագիր: Այցելուների վերադարձը կառույցի համար ֆինանսական մարտահրավեր է:
Էյֆելյան աշտարակը նախորդ տարի ողջունել է 6,172,000 այցելուի: Անցած տարի անցկացվել են նաեւ հոբելյանական միջոցառումներ. նշվել է աշտարակի 130-ամյակը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: