×


Քեթի Փերրին՝ Օրլանդո Բլումից բաժանվելուց հետո ինքնասպանության փորձի մասին

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին իր հոգեկան առողջության մասին անկեղծ հարցազրույց է տվել կանադական CBC ռադիոընկերությանն ու պատմել, որ իր եւ Օրլանդո Բլումի՝ 2017 թվականի բաժանման հետեւանքներից մեկն ինքնասպանության փորձն է եղել:

Զույգը սկսեց հանդիպել 2016-ի սկզբին, սակայն այդ հարաբերությունները երկար չտեիցին. մոտ մեկ տարի անց՝ 2017-ի փետրվարին, Փերրին եւ Բլումը բաժանվեցին: Այդ ժամանակ նրանց ներկայացուցիչները հրապարակեցին հայտարարություն, որում ասվում էր.«Մինչ շշուկներն ու կեղծ լուրերը կտարածվեն, պաշտոնապես հայտնում ենք՝ Փերրին եւ Բլումը, շարունակելով հարգել ու սիրել միմյանց, այս պահին հարաբերություններում դադար են վերցնում»:

Քեթի Փերրին


2017-ի օգոստոսին նրանք կրկին սկսեցին միասին ժամանակ անցկացնել:2018 թվականի մայիսին Փերին հայտնեց, որ այլեւս միայնակ չէ: Նույն տարվա սեպտեմբերին էլ նրանք որպես զույգ առաջին անգամ հայտնվեցին կարմիր գորգին: Աստղային զույգի հարաբերություններն աստիճանաբար լրջացան. 2019 թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, Քեթին եւ Օրլանդոն նշանադրվեցին: Այժմ երգչուհին սպասում է իրենց առաջնեկին:

Խոսելով ինքնասպանության փորձի մասին՝ Քեթին անկեղծացել է.«Այդ ժամանակ կարիերայի աստիճաններով ես միայն վեր էի բարձրանում, սակայն եկավ մի պահ, որ անհաջողություն ունեցա. երաժշտական գործունեության ընթացքում դա իմ առաջին անկումն էր (խոսքը «Witness» ձայնասկավառակի մասին է, որը շատ քննադատվեց), ինչն ինձ թեւաթափ արեց: Սրան զուգահեռ բաժանվեցի ընկերոջիցս, ով այժմ իմ երեխայի հայրն է: Պարզապես չդիմացա այս ամենին եւ կոտրվեցի»:

Քեթի Փերրին եւ Օրլանդո Բլումը


Երգչուհու խոսքով՝ այդ ծանր իրավիճակում նրան փրկեց իր հավատքը.«Ինձ համար այնքան կարեւոր էր կիսվել, որպեսզի կարողանայի գտնել իմ ամբողջությունը բոլորովին այլ ճանապարհով, լինել ավելի լայնախոհ, քան պարզապես ծարավ փոփ աստղի նման ապրեի մի ողջ կյանք: Երախտագիտությունը փրկեց իմ կյանքը: Ես շնորհակալ լինելու ձեւեր գտա: Հիմա էլ, երբ ամեն ինչ վատ է լինում, ասում եմ՝ շնորհակալ եմ՝ չնայած, որ անտանելի հոգեվիճակում եմ լինում»:

BRAVO.am
Աղբյուրը՝ elle.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին