Համավարակի սկզբնական շրջանում Նարինե Պետրոսյանը տագնապի զգացում է ունեցել, բայց ժամանակի ընթացքում կարողացել է իրավիճակին այլ տեսանկյունից նայել: Հիմա արդեն Դրամատիկական թատրոնի դերասանուհին ընտանիքի հետ աշխատում է հանգստյան օրերն անցկացնել հնարավորինս մոտ բնությանը՝ իհարկե, պահպանելով հակահամաճարակային կանոնները:
«Ինչքան փորձում ենք հեռանալ բնությունից՝ տեխնիկական վերջին ճիչով, ապրելակերպով, իրար հանդեպ սառելով, այնքան բնությունը մեզ մեծ ապտակ է տալիս: Սթափեցնում, արթնացնում է: Սա լավ շրջան է սթափվելու համար, հասկանալու, որ սխալ ուղիով ենք գնում: Պետք է վերաիմաստավորել մեր կյանքը, ընտանիքի անդամների, հարազատների հետ հարաբերությունները, առաջնայինն ու երկրորդականը տարանջատել: Հասկանալ, թե կյանքում ինչ է քեզ հարկավոր: Իսկապես, շատ քիչ բան է հարկավոր երջանիկ լինելու համար: Այնքան ենք մեր կյանքը լցրել աղբով, անկարեւոր եւ արհեստական բաներով, որ կառչելով դրանցից` շատ կարեւոր բաներ մոռանում ենք: Որոշեցինք մեկնել Լոռի՝ Օձուն: Հրաշալի վայր: Ինչքան կարիք կա բնությանը մոտ լինել»,- BRAVO.am-ին ասել է Նարինեն:
Նարինե Պետրոսյանը
Դեռ մարտին, լսելով Իտալիայում վարակակիրների ավելացող թվերի մասին, վախի զգացում է ունեցել: Օրեր անց հասկացել է, որ պետք չէ կառչել հեռուստացույցից, վատ լուրերից: Այն սրում է տագնապը: Վիճակագրական թվերն է լսում միայն, գիրք կարդում, երեխաների դասերին հետեւում: Ծնողների, հարազատների հետ են սահմանափակել շփումները:
Դերասանուհին հետաքրքիր զբաղմունք է գտել իր համար, որն իր օրն ավելի է գեղեցկացնում ու դրական հույզեր հաղորդում.«Ծաղիկների հանդեպ մեծ սեր ունեմ: Այնպես եմ անում, որ շաբաթվա ընթացքում թեկուզ մի փոքրիկ փունջ տանը լինի: Հասկացա, որ կարանտինը երկար է տեւելու, եւ որ ես պետք է ինձ շրջապատեմ երջանկությամբ, ինքս ծաղիկներ աճեցնեմ եւ տեսնեմ, թե ինչպես են ծաղկում: Փորձում եմ բոլորին ոգեւորել, որ նրանք էլ զբաղվեն: Ծաղիկներ խնամելն իմ օրը լավ սկսելու գրավականն է: Արթնանալուն պես անմիջապես պատշգամբ եմ գնում՝ ծաղիկներս խնամելու: Շատ գեղեցիկ են թռչունների ծլվլոցը, Արարատի պատկերն ու ծաղկանոցը: Շատերի համար գուցե սա շատ բարդ շրջան է, ինձ համար՝ ինչ-որ աստիճանի հասնելու ճանապարհ: Ուրիշ հայացքով եմ նայում շատ բաների: Վատ կողմեր կան, իհարկե, բայց այս ամենի մեջ կարելի է նաեւ լավը տեսնել: Հայտնի արտահայտութուն կա՝ «եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխիր քո վերաբերմունքը»: Փորձում եմ հետեւել ասացվածքին»:
Նարինե Պետրոսյանը
Մինչ պանդեմիան գերզբաղված է եղել թատրոնում, ուստի հանգստի կարիք ուներ: Վերջերս, սակայն, թատրոնի մոտով քայլելիս զգացել է, որ կարոտում է բեմը, աշխատանքային ընթացքը, խաղընկերներին: Իր խոսքով՝ ինչ-որ բան պակասում է:
Այս օրերին Նարինեն հասցրել է ֆոտոշարք իրականացնել.«Վստահելի, սիրելի լուսանկարիչներին դիմում եմ, երբ հետաքրքիր մտքեր եմ ունենում: Ավելի շատ համագործակցում եմ Վիգեն Մնոյանի հետ: Վերջերս երիտասարդ լուսանկարիչ Արամ Վարժապետյանը ֆոտոշարք էր անում հայտնի դեմքերի մասնակցությամբ: Որոշեցինք փոքրիկ բան իրականացնել՝ պայմանով, որ հետագայում մի հետաքրքիր աշխատանք միասին կներկայացնենք: Էքսպրոմտ լուսանկարներ են դիմանկարի ժանրում, հետաքրքիր հայացք արվեստին: Շատ արագ ու թեթեւ անցավ լուսանկարահանումը: Արամն առաջարկեց ծաղիկը որպես ամբողջացնող աքսեսուար օգտագործել: Կրկին ծաղիկ եւ, կարծում եմ, հետաքրքիր լուսանկարները պատրաստ են»,-եզրափկել է դերասանուհին:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Aramio Pazzo-ի եւ Նարինե Պետրոսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: