×


«Նրա տարիքն այլեւս էական չէ. լեգենդը տարիք չունի». Զավեն Բոյաջյանը՝ Մհեր Մկրտչյանի մասին

Այսօր՝ հուլիսի 4-ին, Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է. մեծանուն դերասանը կդառնար 90 տարեկան: Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը սոցցանցային գրառմամբ նշել է, որ հոբելյանական տարեթիվ է, բայց նրա տարիքն այլեւս էական չէ, որովհետեւ լեգենդը տարիք չունի:

«Մհեր Մկրտչյանը ամենամեծ հայ արտիստն էր, որին ողջ տեսել եմ: Ժամանակին շատ էի տպավորված նրա դերակատարումից Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» պիեսի բեմադրության մեջ եւ մտադրվեցի անպայման գրել ներկայացման մասին: «Հացագործին կինը» մի քանի անգամ նայելուց հետո այնքան նշումներ ու գրառումներ արեցի, այնքան հավելյալ գրականություն կարդացի, որ մի ամբողջ գրքի նյութ հավաքվեց: Բայց Մհեր Մկրտչյանի արվեստը՝ անպատմելի մի բան, խոսքերով վերարտադրելու անզորության զգացումն այդպես էլ չթողեց, որ գիրքը կյանք առնի: Հետո նա հեռացավ մեր աշխարհից: Իմ չգրված գրքի փոխարեն ծնվեց մի փոքրիկ տեքստ, որը հրապարակում եմ ստորեւ:

ՍԻՐԱՆՈ ԴԸ ԲԵՐԺԸՐԱԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Ռուս փիլիսոփա Ռոզանովը գրել է.«Երկու հրեշտակ են նստած ուսերիս` ծիծաղի հրեշտակն ու արցունքների հրեշտակը: Նրանց մշտական բանակռիվը իմ կյանքն է»:
Հրեշտակների այդ բանակռիվը Մհեր Մկրտչյանի թե՛ կյանքն էր, թե՛ արվեստը:

Նա Պիեռոն էր Առլեքինի հանդերձանքով:

Տրուբադուր էր սատիրի գլխով:

Կատակերգու, որ ողբերգակի ինքնազգացողություն ուներ, ինչպես շեքսպիրյան խեղկատակը:

Զվարճանքի աստված Կոմոսը այդ Ռոմեոյի դեմքին դրոշմել էր իր դիմակը:

Նա Դոն Կիխոտն էր եւ Սանչո Պանսան մի անձի մեջ:

Ֆելլինիի նկարագրած Տոտոյի նման քեզ էր հառում իր «հեզ աչքերը՝ մեծ ծիծեռնակի, ոգեհարցուկի, հարյուրամյա մանկան, խելացնոր հրեշտակի աչքեր»:

Նրբաբանությունների (oքսիմորոնը՝ հայերեն) այս շարանը կարելի է անվերջ շարունակել, բայց դրանք միայն կհավաստեն Մհեր Մկրտչյան արտիստի անորսալի էությունը:

Ամենաճշգրիտ բանաձեւումներն անգամ այնքան խղճուկ են թվում այդ անորսալի-անբացատրելին մեկնելու համար, որ թեւերդ ես անզոր տարածում: Դա անզորության այն ծայրակետն է, ուր «աբսուրդի արքա» Էժեն Իոնեսկոն «Աթոռները» տրագիֆարսում զետեղում է իր Հռետորին: Նա պարզապես համր է:

Ուրեմն՝ նույնքան անկարող, որքան թռչունները Կուրթ Վոնեգութի «Սպանդանոց համար հինգ»-ում, որովհետեւ «թռչուններն ի՞նչ կարող են ասել». «ընդամենը ինչ-որ պի-ծի-ֆի՞ծ», թե՞ սրա նման անհոդաբաշխ մի բան իրենց թռչնային լեզվով:

Արժե՞ ծտային անճարակությամբ այսպես «պիծի-ֆիծ» ճռվողելու համար պրպտել հրաշքի մեխանիկան՝ ձգտելով ճեղքել անբացատրելիի խեցին:

Մհեր Մկրտչյանը վերջինն էր անասելի մեծ արտիստների զարմից եւ գնաց Սիրանո դը Բերժըրակի պես՝ իր գաղտնիքը տանելով իր հետ:

Նրա վերջին դերը Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» պիեսում իր բոլոր խաղացած ու չխաղացած դերերի հանրագումարն էր, նրա չիմացված-չիրացված-չպարպված մեծության վերջին հավաստիքը»,-գրել է Զավեն Բոյաջյանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport