Մութուցուրտ 90-ականներին հայ երգարվեստը լուսավորվում էր վառ դեմքերով. գրվում էին ստեղծագործություններ, որոնք մինչ օրս էլ տարբեր մշակումներով սիրելի են դառնում նոր սերնդի համար: Այդ տարիներին դժվար թե լիներ մի երաժշտասեր, որը չէր լսել «Անիվները»՝ ժամանակի ամենահմայիչ զուգի՝ Գրիշա եւ Իդա Աղախանյանների կատարմամբ:
Թեեւ զույգը վաղուց միասին չէ, բայց երգն ապրում է, եւ վերջերս երգչուհին այն ներկայացրեց երիտասարդ կատարող Սերժ Բոյնագիրյանի հետ:
BRAVO.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Իդան պատմել է ոչ միայն նոր համագործակցության, այլեւ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո իր կյանքի ու գործունեության եւ նախկին ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի հետ հարաբերությունների մասին:
- Իդա, հանդիսատեսը երկար տարիներ է, ինչ չի տեսնում Ձեզ բեմերում. որտե՞ղ եւ ի՞նչ գործունեությամբ եք զբաղված եղել այս ընթացքում:
- Այս տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ պրոդյուսերական աշխատանքով, եւ եթե անկեղծ լինեմ՝ երբեք էլ չեմ սիրել ու չեմ ձգտել լինել բեմում: Երբ դեռ Հայաստանում էի, Երգի պետական թատրոնի մեներգչուհի լինելուց բացի, դասավանդում էի ջազ քոլեջում, նաեւ՝ Թատերական ինստիտուտում՝ Արթուր Գրիգորյանի բացած երաժշտական կուրսում:
Իդա Աղախանյանը
Հետո տեղափոխվեցի ԱՄՆ, ու քանի որ ինձ ավելի մոտ է ստուդիայում աշխատանքը՝ գործիքավորում, ձայնագրություններ եւ այլն, հիմնեցի իմ էստրադային ստուդիան: Թեեւ ապրում էի ԱՄՆ-ում, բայց մինչ 2007 թվականը կապս ամուր էր նաեւ Հայաստանի հետ. գրեթե ամեն տարի այցելում էի: Իմ աշակերտները մասնակցում էին երաժշտական տարբեր նախագծերի ու մրցույթների եւ բավական լավ արդյունքներ գրանցում:
Բայց հետո մայրս հիվանդացավ. ես երկար տարիներ խնամում էի նրան եւ այլեւս չկարողացա աշխատաքային կապ ունենալ Հայաստանի հետ: Այս ամենից բացի, կարծում եմ՝ գալիս է մի տարիք, երբ մարդն այլեւս իր գործում ինքնահաստատվելու կարիք չունի. արդեն կարելի է օգնել ու ուղղորդել երիտասարդներին՝ փոխանցելով նրանց քո փորձն ու գիտելիքները:
- Սերժ Բոյնագիրյանն էլ այն հաջողակ երիտասարդներից էր, որի հետ սկսեցիք համագործակցել. ինչպե՞ս ստացվեց:
- Իմ եւ Սերժի համագործակցությունը շատ հետաքրքիր եղավ: Նա զանգահարեց ինձ՝ վոկալի դասընթացներ անցնլու համար: Վերցրեց երկու դաս՝ ինչ-որ միջոցառումից առաջ ձայնը կարգավորելու համար: Ամեն ինչ հրաշալի անցավ, ու նա ցանկություն հայտնեց շարունակել դասերը: Սկսցինք միասին աշխատել: Հետո իմացա, որ նաեւ երգեր է գրում, ինչն ինձ շատ հետաքրքրեց, եւ հիմա զբաղվում եմ նրա պրոդյուսերությամբ եւս:
Արդեն երկու մենահամերգ ենք ունեցել, ինչը երիտասարդ երգչի համար մեծ ձեռքբերում է: Բավական հաջող ենք աշխատում. դրան, կարծում եմ, նպաստում է այն, որ շատ նման ենք միմյանց ու լավ ընկերներ ենք դարձել: Սերժն իսկապես շատ տաղանդավոր եւ կիրթ երիտասարդ է:
- Ինչո՞ւ որոշեցիք հենց «Անիվներ» երգը ներկայացնել նոր տարբերակով:
- Համերգներից մեկից առաջ Սերժն ինձ ասաց՝ արի «Անիվները» զուգերգով ներկայացնենք: Ես, իհարկե, մերժեցի, քանի որ կազմակերպչական աշխատանքներով էի զբաղված, լարված էի, բայց նրան հաջողվեց ինձ համոզել: Երգն առաջին անգամ կատարեցինք կենդանի նվագակցությամբ, եւ այն միանգամից ընդունվեց:
«Անիվները» սիրվել էր Հայաստանում, բայց ես չէի պատկերացնում, որ ԱՄՆ-ում այն եւս հավանության կարժանանա: (Երգի երաժշտության հեղինակն Իդա Աղախանյանն է, խոսքերը գրել է Էմմա Պետրոսյանը,-հեղ.):
Հետո որոշեցինք նաեւ տեսահոլովակ նկարահանել, ինչը հատկապես այս օրերին մեծ խնդիր էր. կար առանց դիմակների նկարահանվելու խնդիր, բայցի այդ, գեղեցկության սրահները փակ էին, ու հենց այստեղ ինձ օգնության եկավ 80-ականների Հայաստանի փորձը, երբ շրջաններում համերգների ժամանակ սրահներ այցելելու հնարավորություն չկար, ու ես ինքս էի գելով հարդարում մազերս ու սանրվածք ստանում (ծիծաղում է,- հեղ.): Բայց, չնայած բոլոր դժվարություններին, կարողացանք բարեհաջող իրականացնել նկարահանումները:
- «Անիվները» Ձեր եւ Գրիշա Աղախանյանի հայտնի զուգերգն էր. այն երկրորդ անգամ ներկայացնելիս մտքեր ունեցե՞լ եք, որ զուգահեռներ կանցկացնեն երկուսի միջեւ:
- Անկեղծ ասած՝ այդ հարցն ինձ անհանգստացնում էր, քանի որ մարդիկ առհասարակ սիրում են երգերի բնօրինակները: Գուցե հետագայում նույն երգն ունենա ավելի լավ մշակում կամ ներկայացվի առավել բարձր որակի ձայնագրությամբ, բայց միեւնույն է՝ մարդիկ հիշում են առաջին կատարումը: «Անիվներ»-ի պարագայում եւս մտավախություն կար չընդունվելու, զուգահեռների, բայց մինչ օրս լսած արձագանքները բավական դրական են, ինչն, իհարկե, ուրախալի է:
- Ձեր եւ Գրիշա Աղախանյանի բաժանումից անցել են տարիներ. այս ընթացքում ձեր բաժանման մասին մեկնաբանություններ լսել ենք Գրիշայից, նաեւ նրա կնոջից՝ Շողերից, բայց Դուք երբեք չեք խոսել դրա մասին. այսօր ի՞նչ հարաբերություններ ունեք Գրիշայի եւ նրա ընտանիքի հետ:
- Այն ամենն, ինչ անցյալում է, ես թողնում եմ անցյալում, եւ կապ չունի՝ անձնական, ընկերական, թե բարեկամական հարաբերություններ են դրանք. իմ որոշումները միշտ հաստատուն են:
Երեխաները նրա հետ շփում ունեն, իհարկե, իսկ ես բացարձակ ոչ մի կապ չունեմ: Մենք բավական հասուն տարիքում ենք ամուսնացել ու բավական լավ ճանաչել միմյանց: Մոտ 15 տարի ապրել ենք միասին, բայց եկավ պահ, երբ հասկացանք, որ այդ միությունն այլեւս հնարավոր չէ, բաժանվելու որոշում կայացրինք. Գրիշան պետք է գար Հայաստան, իսկ ես ընտրեցի մնալ ԱՄՆ-ում:
- 90-ականների ձայնագրություններից մեկում Ձեզ ներկայցնում են՝ Անահիտ, բացի այդ, նկատեցի, որ Ֆեյսբուքում գրանցված եք որպես Իդա Ջանիբեկյան-Աղախանյան. կպատմե՞ք անունների ու ազգաննուների պատմությունը:
- Իմ պապական ազգանունը Ջանիբեկյան է, բայց անձնագրով ես Աղախանյան եմ եւ չեմ փոխում այն, քանի որ առաջին հերթին իմ երեխաներն են Աղախանյան. մենք Աղախանյանների ընտանիք ենք (ծիծաղում է,- հեղ.), բացի այդ, ազգանուն փոխելն այստեղ թղթաբանական մեծ գործընթաց է: Իսկ Անահիտն էլի անձնագրային անուն է՝ Անահիտ-Իդա Աղախանյան, սակայն դեռ փոքրուց բոլորն ինձ Իդա գիտեն:
Իդա Աղախանյանը՝ որդիների հետ
- Նշեցիք, որ երկար տարիներ է՝ շուրջ 13 տարի, չեք եղել Հայաստանում. կարոտ ու վերադառնալու ցանկություն կա՞:
- Գուցե դժվարանամ բացատրել այդ զգացողությունը, բայց երբ մի տեղ երկար ժամանակ չես լինում, վերադառնալն ավելի դժվար է լինում. իհարկե, չեմ էլ կարող ասել, որ անտարբեր եմ, բայց անհասկանալի զգացողություններ ունեմ: Թերեւս այս հոգեվիճակիս բացատրությունն այն է, որ երկար տարիներ խրված լինելով հոգսերի մեջ, կորցրել եմ ինչ-որ զգացմունքներ, որոնցից է նաեւ կարոտը. իմ անձնականը դրել եմ մի կողմ՝ հանուն կյանքիս կարեւորագույն մարդկանց:
Մոտ 12 տարի եղել եմ մորս կողքին, ով հիվանդ էր, ու բավական ծանր օրակարգ էր պահանջվում նրան խնամելու համար, մեծացրել եմ երեխաներիս ու շատ հպարտ եմ, որ իմ երազելի մարդիկ ու մասնագետներն են դարձել: Հպարտ եմ, որ ամենադժվար իրավիճակներում անգամ չեմ կորցրել լավատեսությունն ու սերը կյանքի հանդեպ: Ուզում եմ, որ բոլորը վարակվեն այդ լավատեսությամբ, հետեւեն իրենց եւ ուրախ լինեն. այդ դեպքում կյանքը կտա համարժեք պատասխան:
Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Իդա Աղախանյանի արխիվից եւ Լանա Մուրիյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: