×


Սիրելիի անակնկալը Լիլի Հովերի տարեդարձին

Լիլի Հովերը հուլիսի 25-ին նշել է ծննդյան տարեդարձը։ Տոնական օրվա մանրամասները հաղորդավարուհին վստահել է BRAVO.am-ին՝ պատմելով, որ առաջինն ընկերն ու ընտանիքի անդամներն են բարեմաղթանքներ հղել: Նա հիշել է նաեւ նախորդ տարեդարձին տեղի ունեցած զավեշտալի միջադեպը, խոսել արտակարգ դրության պայմաններում իր առօրյայի մասին, եւ ոչ միայն:

«Ավանդույթ է դարձել կեսգիշերին շնորհավորելը։ Առանց ավելորդ ձեւականության՝ ինձ համար լավագույն նվերն իմ երկրի խաղաղությունն է, բոլորիս համար բացված բարի առավոտը, հարազատներիս առողջությունն ու հանգստությունը: Այս տարի փորձեցինք հետաքրքիր դարձնել անձնական տոնս հենց մեր երկրում եւ սեղմ կազմով շրջեցինք Հայաստանի հարավում. եղանք Վայոց ձորի քաղաքներում: Սա ինձ համար իսկական նվեր էր՝ լինել բնության տաքուկ գրկում, վայելել հայրենիքի շունչն ու ոգին. մտահղացման հեղինակն ընտրյալս էր»,- պատմել է Լիլին։

Այս տարեդարձը տարբերվել է.«Սիրում եմ ծննդյանս օրը, այն սովորաբար նշում եմ հարազատներիս հետ, հաճախ Հայաստանի սահմաններից դուրս: Եթե անգամ մենակ եմ ճամփորդում, ապա ընտանիքս առանց ինձ է տոնում: Հուլիսի 25-ը մշտապես համընկնում է իմ ամառային հանգստի հետ: Կարանտինային արտակարգ դրության պայմաններում, սակայն, փոխվեցին նաեւ մեր կազմած ծրագրերը: Այս տարին այն բացառիկներից էր, որը կհիշենք բոլորս եւ հավանաբար շատ երկար»:

Լիլի Հովերը


Կազմակերպչական հարցերին չի միջամտում.«Ծննդյանս տոնի գլխավոր հյուրը ես եմ լինում: Երբեք չեմ զբաղվում հյուրերի կազմով եւ նշելու վայրի ընտրությամբ: Սա այն բացառիկ օրն է, երբ ես չեմ մասնակցում կազմակերպչական աշխատանքներին եւ անգամ տորթս չեմ ընտրում: Մեկ օր ինձ թույլ եմ տալիս վայելել հարազատներիս անակնկալները: Ինչպես ծրագրում են, թելադրում քայլերի հերթականությունը, սիրով ենթարկվում եմ եւ վայելում արդեն պատրաստի տոնը: Ժամանակ եմ ունենում անգամ մտաբերել ինձ հարազատ մարդկանց անունները, որոնք ինչ-ինչ պատճառներով մոռանում են շնորհավորել եւ ինքս զանգահարում ու ամոթանք եմ տալիս նրանց: Ընկերներս սովոր են իմ հումորներին (ծիծաղում է,-հեղ․)»։

Մտաբերել է նաեւ հիշարժան տարեդարձը.«Սիրում եմ իմ ծննդյան բոլոր տարիների տոները, դրանք միշտ առանձնացել են իրենց ուրախ տրամադրությամբ եւ յուրահատկություններով: Նախորդ տարի զավեշտալի մի դեպք պատահեց. հայրս հուլիսյան տապին Հայաստանում ձեւավորված բարձր հրդեհավտանգության պայմաններում որոշում է գործի դնել իր խոհարարական հնարքներն ու մեր բնակարանի բաց պատշգամբում սկսում է պատրաստել հայկական ավանդական խորոված: Ստանալով խոշոր հրդեհի կեղծ ահազանգ՝ հաշված րոպեների ընթացքում դեպքի վայր է ժամանում հրշեջ-փրկարարների միանգամից երեք ջոկատ: Տեսնելով, որ խնդիրն ընդամենը խորովածի առաջացրած ծուխն է, հրշեջները, պատահարը զավեշտալի որակելով, հեռանում են: Հարեւաններն էլ ֆիքսում են կադրերը (ծիծաղում է,-հեղ․)»։

Երազանքների մասին նախընտրում է լռել.«Դրանց մասին երբեք չեմ բարձրաձայնում, խիստ անձնական են: Թե ինչի մասին եմ երազում, գիտեմ միայն ես եւ ուրիշ ոչ ոք: Երազանք մտապահել եմ, փչել տորթի բոլոր մոմերը երեք անգամ. սիրում եմ այդ թիվը: Հարազատներս ենթարկվում են իմ խենթ ցանկություններին եւ, իհարկե, ծննդյանս տոնին ներում են բոլոր պահանջներս»:

Լիլի Հովերը


Դժվարությամբ է հաղթահարում արտակարգ դրության սահմանափակումները. «Ինձ համար շատ դժվար էր անցնել կյանքի այս փուլը: Հասկանում ես, որ դու ինքդ չես դիմանում ստեղծված իրավիճակին, բայց նաեւ պետք է շարժիչ ուժ լինես ե՛ւ ընտանիքիդ անդամների, ե՛ւ հեռուստադիտողի համար: Արտակարգ դրության ամենաթեժ, վտանգավոր եւ անորոշությամբ լի պայմաններում բոլոր օրերին աշխատել եմ: Երբ վերադառնում էի տուն, սկսում էի ոգեւորել մեկուսացման մեջ գտնվող եւ հուսահատված հարազատներիս, որոնք նույնպես ուզում էին գոնե աշխատանքի գնալու համար դրսում լինել: Նրանց օրն առավել հետաքրքիր դարձնելու համար ամեն անգամ մի նոր ուտեստ էի պատրաստում: Ավելի ուշ հասկացա, որ ընտանիքիս «ոգեշնչման» ճանապարհին կամաց-կամաց մոտենում եմ խոհարարական կատարելության»։

Խոսել ենք նաեւ չեղարկված նախագծերից.«Շատ են չեղարկված կամ անժամկետ հետաձգված ծրագրերը, բայց այս հարցում բոլորս էլ նույն մտահոգություններն ու խնդիրներն ունենք: Համընդհանուր խնդրի փաստը, որքան էլ ցավալի է, բայց որոշակի մեղմում է հիասթափություններս: Համամարդկային խնդիր է եւ պետք է պատվով հաղթահարենք` հոգալով մեր առողջության մասին»,-եզրափակել է Լիլին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դիանա Բոստանչյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին