Մավր Մկրտչյանը երեկ՝ օգոստոսի 3-ին դարձել է 30 տարեկան։ Ժողովրդական երգերի կատարողը հոբելյարը նշել է հայրենի Ջավախքում՝ ծնողների եւ մյուս մտերիմների միջավայրում։ Տարեդարձի օրը տխուր լինելու եւ ապրած կայքը հաճախ վերլուծելու մասին նա զրուցել է BRAVO.am-ի հետ։
«Այս տարիքում հասկանում ես, որ հասել ես մի կետի, որ արածդ ու չարածդ գործերը դրվում են դիմացդ։ 30 տարեկանից 40-ն ընկած հատվածն այն ժամանակշրջանն է, որ ուժերդ պետք է օգտագործես էլ ավելի առաջ գնալու համար, որ հետագայում չզղջաս չարածներիդ համար։ Հաճախ եմ ամփոփում ապրածս տարիները, որոնք շատ արագ են սահմում։ Ամենակարեւորն այն է, որ մարդ կարողանա ինքն իրեն լավ ճանաչել, ճիշտ գնահատել իր ունակություններն ու կարողությունները, ճիշտ ապրի, լավ իմանա իր առաքելությունը։ Եթե յուրաքանչյուրս մեր տեղում լինենք, մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը կլինի։ Կյանքիս ամենամեծ ձեռքբերումն այն է, որ իմացել եմ իմ տեղն ու անելիքը։ Բացթողումները շատ են, բայց դրանց համար չեմ փոշմանում, կփորձեմ հետագայում լրացնել»,-ասել է հոբելյարը։
Մավր Մկրտչյանը
Տոնական օրը սկսվել է մտերիմների շնորհավորանքներով․ «Առաջինն ընտանիքիս անդամները՝ կինս ու ծնողներս են շնորհավորել։ Բազմաթիվ զանգեր եւ շնորհավորական հաղորդագրություններ էլ եմ ստացել։ Կինս հաճելի անակնկալ էր պատրաստել, որի մասին չեմ բարձրաձայնի։ Օրս մտերիմներիս միջավայրում եմ անցկացրել, ինչպես ամեն տարի, փոքրիկ հավաքույթ ունեցանք։
Չեմ սիրում ու չեմ կարեւորում իմ ծննդյան օրը, նեղվում եմ ավելորդ ուշադրությունից։ Շատերի նման ես էլ անտրամադիր եմ լինում, տերյանական թախիծն է ինձ պատում։ Տարվա մեջ երկու օր կա, որ մարդ մտովի տեղափոխվում է անցյալ, վերհիշում եւ վերլուծում իր ապրած տարիները, մեկը ծննդյան օրն է, մյուս՝ Նոր տարին։ Գիտակցում ես, որ մեկ տարով էլ մեծացար»,-պատմել է Մավրը։
Մավր Մկրտչյանի ընտանիքը
Ամուսինները չեն շտապում ընտանիքը եւս մեկ երեխայով համալրելու հարցում․ «Այս պահին մեր տղայով ենք տարված, շատ ենք կապվել հետը։ Երկրորդ բալիկ ունենալու ցանկություն միշտ էլ ունենք, այս պահին դեռ նորություններ չկան»,-եզրափակել է երգիչը։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մավր Մկրտչյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: