Երկար դադարից հետո թատերասերները վերջապես հնարավորություն ունեն ներկայացումներ դիտելու. «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը գտել է արվեստասեր հանդիսատեսին ուրախացնելու ձեւն ու մեկնարկել բացօթյա ներկայացումների շարք: Քանի որ այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակին, բացումը կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացմամբ, որը բեմադրված է Մաթեւոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա:
Դերասանուհին Bravo.am-ի հետ զրույցում պատմել է պրեմիերայից առաջ ունեցած մտքերի, թատրոնի պատերից դուրս խաղալու զգացողությունների ու իր հանդիսատեսին նորովի ներկայանալու մասին:
- Նարինե, ինչո՞ւ մաթեւոսյանական գրչի մեծ ժառանգությունից հենց «Գոմեշը» պատմվածքը գրավեց Ձեզ:
- Արտակարգ դրության օրերին, երբ բոլորս տանն էինք ու խորհելու շատ ժամանակ կար, ես մտածում էի՝ ինչպես ենք մենք վարվում բնության հետ: Ամեն տարի աշխարհում եւս մեկ կենդանատեսակ վերանում է, բնությունը՝ ոչնչանում. սրա մասին մենք գիտենք, բայց ոչինչ չենք անում. սպասում ենք՝ սերունդները կանեն, իսկ բնությունը չի սպասում, համաճարակն էլ պարզապես փոքրիկ նախազգուշացում էր մարդկությանը: Հենց այս մտքերն էին, որ ցանկություն առաջացրին տեսնել մեզ բնության տեսանկյունից, եւ հիշեցի, որ դեռեւս կես տարի առաջ Դավիթ Մաթեւոսյանն ինձ ասել էր․ «Նարինկա, «Գոմեշը» աչքի անցկացրու»:
Կարանտինյան օրերին կարդացի, ինձ հուզեց:
Նարինե Գրիգորյանը
Հետո, երբ գտա պատմվածքի թատերային ձեւը, որոշեցի միանշանակ բեմականացնել: Մտածում էի՝ մի երկու տարի կփորփրեմ, որպեսզի կարողանամ ստեղծագործության փառահեղ տեքստը ողջ խորությամբ փոխանցել հանդիսատեսին, սակայն ամեն ինչ պլանավորածից ավելի արագ ստացվեց, երբ այս գաղափարով կիսվեցի «Արմմոնո» թատերական փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանի հետ, ով շատ արագ իրականացրեց կազմակերպչական աշխատանքները, եւ ահա, օգոստոսի 1-ին տեղի ունեցավ «Գոմեշը» ներկայացման պրեմիերան:
-Ի՞նչ զգացողություն է խաղալ բաց երկնքի տակ՝ չզգալով թատրոնի պատերի էներգիան:
- Իհարկե, անհանգստություն կար, քանի որ բաց տարածքում չէին լինելու այն զենքերը, որոնցից դերասանն օգտվում է թատրոնում՝ օրինակ՝ լույսը, որը միանգամից ուրիշ զգացողություն է առաջացնում:
Երբ տանը փորձեր էի անում, միեւնույն է, մտածողությունս բեմական տարածքի էր. պատկերացնում էի Մաթեւոսյանի տուն-թանգարանի բեմը, որտեղ հետագայում պետք է խաղամ ներկայացումները. մենք եղանք այնտեղ, Դավիթ Մաթեւոսյանը շատ մանրամասներ պատմեց պատմվածքի ստեղծման մասին. ինձ ասաց՝ «պիտի տեսնես գոմեշի հայացքը», ու իսկապես՝ դրանք ազնվական կենդանիներ են, եւ Մաթեւոսյանն էլ նրանց այդպես է տեսել: Նա ծնվել է գոմեշի գոմում, տանիք կիսել այդ կենդանու հետ. գոմեշը նրա համար ավելին է եղել, քան պարզապես կենդանի:
Այս նրբերանգներն առավել ընգծված դարձրին իմ պատկերացումները, որոնք նախագծել էի հենց բեմի համար, բայց, երբ առաջին անգամ եղանք բացօթյա տարածքում՝ Զուլում եւ Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բակում, հասկացա, որ այդ միջավայրն էլ իր առանձնահատկություններն ունի:
Նարինե Գրիգորյանը
Առաջին փորձին զգացի, որ այստեղ հող կա ոտքիս տակ, խոտ կա, որ զարդարում է հագուստս. քամու մասին ավելին պատմելու կարիք չկա, քանի որ այն արդեն շոյում է մազերս: Ու միանգամից շատ բան փոխվեց. բնությունը թելադրեց իր կանոնները:
Իհարկե, եղան նաեւ դժվարություններ, օրինակ՝ եղանակային պայմանները:
Պրեմիերայի օրը մռայլ էր. Մարիաննա Մխիթարյանը հյուրերին առաջարկեց նույնիսկ մի փոքր զբոսնել արվեստանոցում, մինչ եղանակը կբացվի, սակայն նրանք հրաժարվեցին, բացեցին անձրեւանոցներն ու արդեն պատրաստ էին դիտելու ներկայացումը (ծիծաղում է - հեղ.): Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ անձրեւ չեկավ:
Եվս մեկ ներկայացում կխաղամ օգոստոսի 10-ին, իսկ հետո՝ մինչ հոկտեմբեր, հանդիսատեսը «Գոմեշը» դիտելու հնարավորություն կունենա Մաթեւոսյանի տուն-թանգարանի բեմում:
- «Գոմեշը» ժանրով մոնոներկայացում է. արտիստի համար բա՞րդ է մի ամբողջ ներկայացում տանել սեփական ուսերին:
- Քանի որ ես մոնոներկայացումներ շատ եմ խաղացել, ոչ թե վախ կար ամբողջ պատասխանատվությունը միայնակ տանելու, այլ ցանկություն կար նորովի բացահայտվելու: Ես միշտ շատ նուրբ ու խոցելի կերպարի անունից եմ խոսել, իսկ հիմա ներկայացնում եմ հզոր ու ներքին ուժով մի կենդանու:
Առհասարակ, Հրանտն աստվածային է պատմում բնության մասին. կոլումբիացիները հպարտանում են, որ Մարկես ունեն, իսկ մենք Մաթեւոսյան ունենք ու պետք է գիտակցենք դա:
Նարինե Գրիգորյանը
Երբ կարդում ես նրա գրվածքները, չես կարողանում չսիրել բնությունը. հենց այդ սերն է, որ ուզում էի փոխանցել հանդիսատեսին:
Իհարկե, բեմին միայն իմ աշխատանքն է երեւում, բայց դրա հետեւում կանգնած են մարդիկ, առաց ում այդ պատկերն ամբողջական չէր լինի. ունեմ փայլուն բեմանկարիչ՝ Վիկտորիա Հովհաննիսյանը, ով այս դեպքում տարածքի, դեկորների ու հագուստի ձեւավորողն էր, եւ Հայկ Իսրայելյանը, ով իրականացրեց ձայնի եւ երաժշտության հնչյունավորումը: Շնորհակալ եմ նրանց, քանի որ լավ թիմ ունենալը, կարծում եմ, ամենակարեւորն է:
- Ի՞նչ եք կարծում, բացօթյա ներկայացումների մշակույթը կպահպանվի՞ համավարակի ավարտից հետո:
- Գիտեք, մինչ համավարակը մենք միշտ խոսում էինք, որ թատրոնը պետք է հանել նաեւ պատերից ու բեմական տարածքից դուրս, որովհետեւ այն լայն հասկացություն է: Հիմա այս պայմանները մեզ ստիպեցին խոսելու փոխարեն գործել (ծիծաղում է -հեղ.), ու կարծում եմ, այո, այս մշակույթը կպահպանվի նաեւ համավարակից հետո:
Զրուցեց` Էլեն Աղաջանյանը
Լուսանկարները տրամադրել է «Արմմոնո» թատերական փառատոնը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: