×


«Նոր երգ ասա՝ լսեմ»․ Մայլի Սայրուս, Դուա Լիպա, «Linkin Park», Լունա, «Nemra»

Ի՞նչ երգ լսել, եթե արդեն հոգնել ես սմարթֆոնիդ չթարմացվող երգացանկից կամ նոր թողարկված երգերի բազմազանության մեջ չես գտնում ճաշակիդ ու տրամադրությանդ համապատասխան որեւէ գործ: BRAVO.am-ը ներկայացնում է անցնող շաբաթվա նոր ու հետաքրքիր երգերը, տեսահոլովակները, որոնք ոճային ու ժանրային առումով տարբերվում են միմյանցից: Այդպիսով դուք կկարողանաք առանձնացնել ձեր նախընտրելի երգերն ու դրանցից մի քանիսն ավելացնել սիրելի փլեյլիսթում:

«Nemra» - «She's Beautiful»

«Nemra» ալտերնատիվ ռոք խումբը նախորդ շաբաթ ներկայացրեց իր նոր՝ «She's Beautiful» երգի տեսահոլովակը, որն այս անգամ ոճային առումով փոքր-ինչ տարբերվում է նախորդ գործերից։ Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը խմբի կիթառահար Վասպուր Եղիազարյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Մարիամ Գեւորգյանը։ Վերջինս նախկինում էլի է առիթ ունեցել համագործակցելու «Նեմրա»-ի հետ «Leave Me Alone» եւ «Նարե» տեսահոլովակների շրջանակներում։
«Համաճարակային այս օրերին, երբ մեր առաջ փակ են բոլոր դռները, անհավանական էր թվում այս ամենն իրագործելը: Կողքից կարող է հեշտ թվալ, բայց իրականում բոլոր անկախ երաժիշտներին մեծ դժվարությամբ է տրվում այս ամենը: Կարծում եմ՝ արժեր, ու հուսով եմ՝ ձեզ դուր կգա, եւ ինչպես միշտ դուք կստանձնեք մեր պրոդյուսերի դերն ու կօգնեք, որ երգը հնարավորինս լայն տարածում գտնի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանը։



Մայլի Սայրուս - «Midnight Sky»

Մայլի Սայրուսն օրերս ներկայացրել է իր «Midnight Sky» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը հենց ինքն է։ Նոր երգն ընդգրկված է լինելու Մայլիի առաջիկա ալբոմում, որը թվով յոթերորդն է լինելու։ Երգչուհին խոստովանել է, որ հոլովակը նկարահանելիս ոգեշնչվել է 1980-ականների դիսկո ոճով, իր կերպարների հիմքում էլ երաժշտական աշխարհի ուժեղ կանայք են, այդ թվում՝ Սթիվի Նիքսը, Ջոան Ջեթը եւ Դեբի Հարրին։ Ավելի վաղ Մայլին ակնարկել էր, որ շուտով նոր զուգերգով է հանդես գալու Դուա Լիպայի հետ։ Նրանք իրենց ինստագրամյան էջերում համատեղ լուսանկարներ են հրապարակել, որոնք, ըստ էության, արվել են ձայնագրման ստուդիայում։



Dua Lipa - «Levitating» (feat. Madonna and Missy Elliott)

Դուա Լիպան ոճային տեսահոլովակ է ներկայացրել աստղային համագործակցությամբ։ Փոփ-երգչուհին էկրանավորել է իր նոր սինգլը, որը «Levitating» երգի ռեմիքս տարբերակն է՝ իր, Մադոննայի եւ Միսսի Էլիոթի կատարմամբ։ Դուայի նոր հոլովակը ռետրոֆուտուրիստական թեմայի շրջանակում է, ինչպես եւ ամբողջ «Future Nostalgia» ալբոմը։ Իսկ տեսանյութի գլխավոր խորհրդանիշը դարձել է լուսինը, որի ստվերում տեղի են ունենում շատ անսովոր եւ միստիկական իրադարձություններ։ Ի դեպ, այս անգամ երգչուհու հետ նկարահանվել է նաեւ նրա ընկերը՝ մոդել Անվար Հադիդը։ Հիշեցնենք, որ «Levitating»-ի նորացված տարբերակն ընդգրկվելու է ռեմիքսների նոր ալբոմում, որը երգչուհին կներկայացնի օգոստոսի 28-ին։ Հավաքածուի յուրաքանչյուր կատարում կէկրանավորվի անիմացիոն հոլովակի տեսքով։



Քեթի Փերի – «Smile»

Շաբաթվա պարային հիթը Քեթի Փերիից է՝ այս անգամ արդեն պաշտոնական հոլովակի տեսքով։ Երգչուհու «Smile» սինգլն ավելի վաղ թողարկվել էր մեկ այլ գունեղ տեսահոլովակով, սակայն Քեթին որոշել է այս անգամ ժպիտների ավելի մեծ չափաբաժնով ներկայանալ։ Ինչպես նախորդ անգամ, Քեթին ծաղրածուի կերպարով է հանդես գալիս, իսկ հոլովակի իրադարձությունները տեղի են ունենում կրկեսային միջավայրում։ Ըստ սյուժեի՝ Քեթին որոշում է փոքր-ինչ հանգստանալ եւ վիդեոխաղ խաղալ, որտեղ իր հերոսուհուն պետք է կարողանա ծիծաղեցնել կամ ուրախացնել՝ մյուս հերոսներին հաղթելու եւ առաջ անցնելու նպատակով։ «Smile» երգը Քեթի Փերիի համանուն ալբոմի չորրորդ սինգլն է։ Երգչուհու վեցերորդ ալբոմի պրեմիերան կլինի մի քանի օր անց՝ օգոստոսի 28-ին։



«Tame Impala» - «Is It True»

«Tame Impala»-ն՝ փսիխոդելիկ ինդի-ռոքի ժամանակակից հերոսները, նոր տեսահոլովակ են ներկայացրել իրենց «Is It True» երգի հիման վրա։ Այն ընդգրկված է խմբի «The Slow Rush» ալբոմում, որը թողարկվել էր այս տարվա փետրվարին։ Նոր հոլովակը չափազանց վառ է ստացվել, էֆեկտներն 80-ականների ոգով են արված, իսկ խմբի վոկալիստ Քեվին Փարքերը հանդես է գալիս փսիխոդելիկ հեռուստատեսության աստղի դերում։ «Tame Impala»-ն կրկին մերժում է թմրանյութերը․ իրենց երաժշտությունն իրականությունը փոխում է ոչ պակաս, իսկ առողջությանը բնավ չի վնասում։



«Linkin Park» -  «She Couldn't»

Ամերիկյան «Linkin Park» ռոք խմբի անդամները ներկայացրել են նախկինում չթողարկված իրենց «She Couldn't» երգը եւ հայտարարել այն մասին, որ շուտով վերաթողարկելու են «Hybrid Theory» դեբյուտային ալբոմը՝ վերջինիս 20-ամյակի առիթով։ «Դժվար է պատկերացնել, որ արդեն 20 տարի է անցել «Hybrid Theory»-ի թողարկումից: Շնորհակալ ենք մեր երկրպագուներին, որոնք հնարավոր դարձրին այս էպիկական ճանապարհորդությունը: Մենք մեր երաժշտությունը, մեր «հիբրիդային տեսությունը» նվիրում ենք ձեզ»,- իրենց յութուբյան էջում գրել են խմբի անդամները։ Լուրերի համաձայն՝ Linkin Park-ի վերաթողարկվելիք ալբոմում ընդգրկվելու է նախկինում չհրապարակված 12 երգ՝ գրված 1999 թվականին։ Թարմացված ժողովածուն անվանվելու է «Hybrid Theory: 20th Anniversary Edition» եւ լույս է տեսնելու հոկտեմբերի 9-ին։



Ջորջա Սմիթ - «By Any Means»

Ջորջա Սմիթը վերադառնում է «By Any Means» երգի տեսահոլովակով՝ ի աջակցություն «Black Lives Matter» շարժման։ Հոլովակում ներկայացվում են Մեծ Բրիտանիայի ներգաղթյալները՝ իրենց հարազատների ու ընկերների հետ։ Հիշեցնենք, որ 2019 թվականին Ջորջա Սմիթը հավակնում էր Գրեմմի մրցանակի «Լավագույն նոր կատարող» անվանակարգում։



Լունա - «Fata Morgana»

Ուկրաինացի երգչուհի Լունան նախորդ շաբաթ երկրպագուներին ներկայացրեց իր նոր՝ «Fata Morgana» մինի-ալբոմը, ինչպես նաեւ նոր տեսահոլովակը համանուն երգի հիման վրա։ «Փոքր-ինչ էլեկտրոնային երաժշտություն ամառվա համար, իսկ ողջ դրաման կթողնենք աշնանը»՝ այսպես է բնութագրել երգչուհին իր ալբոմը։ Լունան, նախորդ ալբոմում հրաժեշտ տալով իր համար կարեւոր թեմաներին, այժմ սիրո մասին խոսում է ազատորեն ու միաժամանակ հեգնանքով։ «Արա ինչ ուզում ես, միայն թե ամեն ինչից ողբերգություն մի սարքիր»՝ սա է երգչուհու ուղերձը նոր ստեղծագործություններում։



Matrang – «Молодость»

Ռուսական «Gazgolder» ստեղծագործական միավորման անդամ Matrang-ը (Ալան Խաձարագով), որն այս տարվա մարտին թողարկել էր իր նոր՝ «Три» ստուդիական ալբոմը, այժմ էլ էկրանավորել է ալբոմի երգերից մեկը՝ «Молодость»-ը։ Արտիստն այն նվիրել է լեգենդար «Кино» խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյին։ Ի դեպ, Ալանին հաճախ են համեմատում Ցոյի հետ՝ նմանեցնելով նրանց ստեղծագործական ոճերը։ Գաղտնիք չէ, որ իր կարիերայի սկզբում Մատրանգը ոգեշնչվել է ռոք երաժշտի աշխատանքներով եւ նույնիսկ փոքր-ինչ ընդօրինակել նրան: Իր նոր՝ «Молодость» երգում նա խոսում է երիտասարդության տարիների խնդիրների, ուրախությունների, առաջին հիասթափությունների եւ սիրո մասին։ Տեսահոլովակի ավարտին էլ հանդիպում է Ցոյին, ծխախոտ խնդրում նրանից, սեղմում նրա ձեռքը, ու հեռանում են տարբեր ուղղություններով:):



«FAVLAV» -  «Тони»

Ռուսական «Serebro» խմբի նախկին անդամ Պոլինա Ֆավորսկայան, որ արդեն երկու տարի է՝ հեղինակային նախագծով է հանդես գալիս «FAVLAV» բեմական անվամբ, անիմացիոն նոր տեսահոլովակ է ներկայացրել «Тони» երգի հիման վրա։ Սա պատմություն է մարդու մասին, որն ի զորու է ուժեղ էմոցիաներ ապրելուց հետո չվախենալ սխալվելուց ու կրկին փորձելուց: «Սա ինձ համար շատ անկեղծ աշխատանք է: Այս տեսահոլովակով ես հրաժեշտ եմ տալիս իմ անցած կյանքին եւ սկսում եմ նոր գլուխ գրել»,- ինստագրամյան էջում նշել է Պոլինան:



Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին