Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է իր մտքերով եւ մտահոգություններով կիսվել սոցցանցերում: Նրա նոր գրառումները երջանկության անհատական ընկալմանը եւ իր հավերժական մուսային՝ Երեւանին են վերաբերում:
«Նստեի մի վերելակ, որը տաներ ինձ ուղիղ դեպի երջանկություն, ու բոլորովին էլ էական չէ՝ վերեւ, թե ներքեւ, պայմանական բաներ են դրանք, մեր վերեւն էլ, ներքեւն էլ մենք ենք որոշում, հասարակությունը միայն պարտադրում է այն, ինչը պարտադրել են իրեն էլ. այսինքն՝ ճշմարտությունը մեծամասնորեն կույր է, անհատապես ու շատ սուբյեկտիվ է տեսանելի: Ուզում եմ՝ անհատապես ու սուբյեկտիվ երջանիկ լինենք. գուցե ընդհանուրի վրա էդպե՞ս ներազդենք...»,-նշել է նա:
Դերասանուհին կարծում է, որ փոխվել է Երեւանի հոտը՝ դառնալով մենակության հոտ:
«Երեւանի հոտն եմ սիրել միշտ, մի տեսակ իրեն բնորոշ ու տարբեր, շատ ճանաչելի եւ հարազատ: Երեւանի՝ մարդկանցով լի աժիոտաժն եմ սիրել ու էդ նույն մարդկանց համարձակ անկեղծությունը, անթաքույց ջերմությունն ու երեսիդ ճպոցով կիսատ մնացած հարցերը շպրտելը... Երեւանի հոտը փոխվել է, փոխվել են մարդիկ ու մանավանդ` ջերմությունը, անկեղծությունը փախել է, իսկ սխալը մատնացույց անող ընկերը բռունցքի մեջ իր բարկությունը խեղդած` ապրում է, որ «չխանգարի», որ պատմության մեջ չընկնի, ու որ ինչ-որ մի շքամուտքում գլխին չսարքեն:
Երեւանը` ծիծաղով ու փոշիախառը քամիներով իսկական էր. շնչող օրգանիզմ: Հիմա դարձել է հազիվ հեւացող ու քովիդի կամ այլ վախերից «չշփվող», մի տեսակ չապրող քաղաք: Երեւանը եղել է միշտ տարիքով, բայց եւ երիտասարդ, իմ տեսած ամենաերիտասարդ քաղաքներից, հիմա կքել է բեռի, ծանրության եւ տրտմության տակ: Ծերացել է ասես: Կամ ես եմ ծերացել եւ չեմ զգում էն շատրվանների խոնավի օդը, անձրեւից հետո կանաչը, արեւի վառած ասֆալտն ու մարդկանց ջերմությունը` մեկը մյուսին ու քաղաքին: Հոտը փոխվել է Երեւանի: Մենակության հոտ է:
Հ.Գ. Քայլում էի ու անծանոթ մարդկանց ժպտում, ուզում էի ասել՝ «մենք նույնն ենք եղբայր, մի մեկուսացիր քո մեջ, դու մենակ չես, ինձ էլ մենակ մի թող, ախր մենք նույնն ենք, մեր քաղաքում... գոնե մենք պիտի մնանք նույնը»»,-գրել է Նազենին:
BRAVO.am
Լուսանկարը՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: