×


Դաշնակահար Եվա Գեւորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի մրցույթում

Երիտասարդ դաշնակահար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, «Երազարտ» ծրագրի սան Եվա Գեւորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում: Բացի այդ, դաշնակահարուհին հատուկ մրցանակ է ստացել՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։ Այս անգամ օնլայն ձեւաչափով կայացած մրցույթի ժյուրիի անդամներն իրենց հիացմունքն են արտահայտել տաղանդավոր երաժշտի կատարողական վարպետության եւ արտիստիզմի վերաբերյալ։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 22 երկրի 400-ից ավելի երաժիշտ։ Ամեն տարի փառատոնն անցկացվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում՝ համախմբելով աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներին եւ նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանը։ Մրցույթի նպատակներից է նաեւ նպաստել մշակութային փոխանակությանն ու հայտնաբերել երիտասարդ տաղանդներին։

Եվա Գեւորգյանը


«Մեզ համար մեծ հպարտություն է, որ Եվա Գեւորգյանը եւս մեկ հաղթանակ է գրանցում միջազգային ասպարեզում։ Մեծ ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ վերջերս Գեւորգյանը ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ մեծանուն մաեստրո Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ»,-նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Երազարտ» ծրագրի ղեկավար Արման Պադարյանը։

Եվա Գեւորգյանն այժմ պատրաստվում է մասնակցել Ֆ․ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, որն ավանդաբար անցկացվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այն համավարակի պատճառով հետաձգվել է, եւ կանցկացվի 2021 թվականին։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին