×


Մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնի երեւանյան ծրագիրը

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում երեկ Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում տեղի է ունեցել Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը, որով մեկնարկել է փառատոնի երեւանյան համերգային ծրագիրը:

Միջոցառման սկզբում մեներգչուհի Տաթեւիկ Աշուրյանը կատարել է շարականներ, ներկաները Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ ասել են «Հայր մեր» տերունական աղոթքը։


ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր ողջույնի խոսքում եւս մեկ անգամ կարեւորել է այն, որ «Ֆրեսկո» փառատոնն ապացուցել է՝ ճշմարիտ հոգեւոր, կրոնական կյանքի եւ աշխարհիկ կյանքի միջեւ հակասություն չկա, քանի որ երկուսի հիմքում էլ հարգանքն է մարդու եւ մարդկային արժեքների նկատմամբ։


Ներկաները վայելել են 13 համարից բաղկացած ծրագիր: «Ներկայացրինք թե՛ ազգագրական պարերի շարան, թե՛ Յարխուշտա, թե՛ Քոչարի, ինչպես նաեւ՝ անսամբլի համար արդեն այցեքարտ դարձած Կինտոների պարը եւ Կակաչների պարը: Կային նաեւ հայ հռչակավոր կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի եւ Ալեքսանդր Սպենդարյանի ստեղծագործությունների ներքո բեմադրություններ»,- նշել է Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը:

Հիշեցնենք, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին՝ սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։

BRAVO.am
Լուսանկարները՝ «Ֆրեսկո» փառատոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին