×


«Ասացի՝ քո օգնության կարիքն եմ ունենալու»․ Հերմինե Ստեփանյանը՝ «Զուլալիի» նկարահանումների մասին

Գրող, բլոգեր Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործությունը շուտով կէկրանավորվի։ Ռեժիսոր Հայկ Օրդյանի գլխավորությամբ այսօրվանից կշարունակվեն համանուն ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնք ընդհատվել էին համավարակի պատճառով։ Նկարահանումներն ընթանում են Նարինե Աբգարյանի, ֆիլմի ռեժիսորի ու մի քանի դերասանների ծննդավայր Տավուշի մարզում, որտեղ բնակիչներից շատերն արդեն տեղյակ են ֆիլմի մասին, ուրախ են ու պատրաստակամ, ինչպես պատմում են ստեղծագործական թիմի անդամները։

«Զուլալի»-ի գլխավոր դերում հանդես է գալիս դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը, ով էլ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ֆիլմի նախապատրաստական ու նկարահանման աշխատանքների, առաջացած դժվարությունների մասին, ինչպես նաեւ նշել, թե երբ է նախատեսված ցուցադրությունը։

«Զուլալի» ֆիլմի նկարահանումներին


Ֆիլմի իրադարձությունների կենտրոնում գեղատեսիլ կիրճում տեղակայված մի փոքրիկ գյուղ է: Գյուղացիները ճանապարհի մոտ գտնվող շուկայում վաճառում են այն, ինչ կարող են: Հնարավորության դեպքում զբաղվում են նաեւ հողագործությամբ։ Հին տանը, չնկատելով ժամանակի ընթացքը, ապրում է մի ընտանիք՝ տարեց տնային տնտեսուհի Աքիրը, տղան՝ Նազարոսը, եւ բանականությունը կորցրած նրա մայրը՝ Զուլալին: Ֆիլմը բաղկացած է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացվում է հերոսներից մեկի տեսանկյունից: Ինչպես նշում են ֆիլմի հեղինակները, «Զուլալի»-ի ժանրը դրաման է, սակայն ֆիլմը նաեւ պարունակում է կատակերգության տարրեր՝ դրանով իսկ բացահայտելով մարդկային զգացմունքների եւ հարաբերությունների ողջ դիապազոնը:

Հերմինե Ստեփանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ նախորդ տարվա նկարահանումներից հետո պետք է որոշ ժամանակով դադար վերցնեին, քանի որ անհրաժեշտ էր՝ ֆիլմում եղանակ փոխվեր։ Սակայն այդ ընթացքում տեւական դադարի պատճառ են դարձել նաեւ կորոնավիրուսային սահմանափակումները, եւ ֆիլմի ստեղծագործական կազմը լուրջ ֆինանսական խնդիրների է բախվել։ Բացի այդ, խնդիր կարող էր լինել նաեւ փոքրիկ Նազարոսի դերակատարի հետ կապված․ «Զուլալիի որդուն մարմնավորում է Արտյոմ Մելիքյանը Բերդ քաղաքից, եւ հիմա նա այն տարիքում է, որ շատ արագ է մեծանում։ Մտավախություն կար, որ Արտյոմի անցյալ տարվա եւ այս տարվա նկարահանումներն արդեն կարող էին իրարից կտրուկ տարբերվել, եւ մենք ստիպված կլինեինք ֆիլմն ուղղակի զրոյից սկսել, ինչն, իհարկե, ֆինանսական շատ մեծ խնդիրներ կարող էր առաջացնել։ Բարեբախտաբար նկարահանումներն արդեն սկսում ենք, եւ այդ խնդրից խուսափել հաջողվեց»։

«Զուլալի» ֆիլմի նկարահանումներին


Ֆիլմի ֆինանսական խնդիրներն էլ այս պահին արդեն հարթված են, քանի որ իրենց աջակցելու ցանկություն են հայտնել տարբեր անհատներ եւ կազմակերպություններ, այդ թվում՝ «Դար» հիմնադրամն ու Հանրային հետուստաընկերությունը։ Վերջինս նախագծին միացել է որպես համաարտադրող։

Հերմինեն հիշում է, որ նկարահանումների առաջին փուլը շատ բուռն ու հետաքրքիր է անցել։ Ասում է՝ երբ վերադարձել են Տավուշից, հասկացել են, որ կարոտ կա, հետ գնալու ցանկություն․«Անընդհատ սպասում էինք, թե երբ ենք վերսկսելու նկարահանումները։ Եվ ես շատ շնորհակալ եմ Հայկին, որ նա կարողանում է արտիստին հեղինակ դարձնել ֆիլմում։ Ինձ համար շատ կարեւոր է, որ նա ոչ միայն օգնում է՝ ես Զուլալիին գտնեմ, այլեւ լրիվ վստահում է ինձ։ Մի անգամ նա ինձ ասաց՝ «ի՞նչ ես փնտրում, դու գտել ես նրան արդեն, դու այնքան ես Զուլալիին փնտրելու, որ կորցնելու ես։ Էլ մի՛ փնտրիր․ սա այն է, ինչ ինձ պետք է»։ Շատ լավ թիմ է հավաքված «Զուլալի»-ում։ Ու մեծ մասը Տավուշից է, դա շատ կարեւոր էր Օրդյանի համար»։

Խոսելով իր կերպարի մասին՝ դերասանուհին նշեց, որ նկարահանվելու առաջարկը դեռ մի քանի տարի առաջ է ստացել Հայկ Օրդյանից։ Այդ ժամանակ Հերմինե Ստեփանյանը նույնիսկ չէր հասցրել նկարահանվել «Սպիտակ» ֆիլմում։ Ասում է՝ թեեւ ծանոթ էր Նարինե Աբգարյանին՝ որպես գրող, սակայն չէր կարդացել նրա «Զուլալի» ստեղծագործությունը, եւ համաձայնելուց առաջ նախ ժամանակ է խնդրել գիրքն ընթերցելու․«Կարդում եմ ու սիրահարվում ե՛ւ ստեղծագործությանը, ե՛ւ Զուլալիին, հասկանում եմ, որ սա մի աղջիկ է, որն ապրում է իր աշխարհում, եւ նրան պետք է շատ նուրբ ու զգույշ մոտենալ։ Հայկին ասում եմ՝ չգիտեմ ինչքանով կկարողանամ, ու որ նրա օգնության կարիքն եմ ունենալու։ Ճիշտ է, թեեւ հեռուստատեսային շատ մեծ փորձ ունեմ, բայց կինոյում այդ փորձը չունեմ եւ միշտ վախենում եմ սխալ ընտրություն անելուց»։

Հերմինե Ստեփանյանը՝ «Զուլալի» ֆիլմի նկարահանումներին


Հերմինեի խոսքով՝ մինչ կընթանային ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, բանակցությունները եւ կգրվեր սցենարը, ինքը հասցնում է նկարահանվել «Սպիտակ»-ում եւ ավելի մեծ փորձ ձեռք բերել կինոյում․«Գուցե «Սպիտակն» իր միջազգային լինելով ավելի խոշոր նախագիծ էր այն ժամանակ, բայց ինձ համար «Զուլալին» շատ ավելի բարդ էր. լրիվ ուրիշ բնույթ ու կառուցվածք ունի»։

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ նախատեսվում է նկարահանումներն ավարտել սեպտեմբերի 15-ին, իսկ ֆիլմը էկրան կբարձրանա եկող տարվա գարնանը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հերմինե Ստեփանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին